Հասարակություն

Հայաստանում շաքարախտով տառապում է 56 հազար մարդ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մեր երկրում այսօր հաշվառված է շուրջ 56 հազար շաքարախով հիվանդ, որոնցից 24 հազարը բնակվում է մայրաքաղաքում, այսօր հայտարարեց  Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Էլզա Հայրապետյանը։
Նոյեմբերի 14-ին նշվող  շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ բժիշկը անդրադարձել է այս հիվանդության պատճառներին, կանխարգելման ուղիներին և բուժմանը։

Արդեն 90 տարի է, ինչ շաքարային դիաբետը, կամ ինչպես ընդունված է ասել շաքարախտը, բուժվող հիվանդություն է: 1922 թվականին կանադացի գիտնական Ֆրեդերիք Բանտինգը առաջին անգամ փրկեց շաքարախտով 14-ամյա հիվանդի կյանքը՝  ներարկելով նրան ինսուլին:
Ի պատիվ գիտնականի՝ նրա ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը 2007 թվականից ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է որպես  Շաքարախտի դեմ պայքարի միջազգային օր:

«Շաքարախտը մի հիվանդություն է, երբ մենք օրգանիզմում ունենում ենք գլյուկոզայի յուրացման հետ պրոբլեմներ՝ կապված ինսուլինի ազդեցության հետ. մի դեպքում դա կարող է լինել ինսուլինի բացարձակ անբավարարություն և կարող է լինել ինսուլինի ազդեցության բացակայություն»:

Ըստ բժշկի դիտարկման՝ այս հիվանդությունն  ամբողջ աշխարհում այլևս ունի համաճարակի բնույթ և աղետալի տարածում է ստացել: Չնայած նրան, որ հիվանդությունը բուժելի է, այնուամենայնիվ դրա աճը դեռևս չի հաջողվում կանխել:

«Հաշվարկված է 2030թին, որ ամբողջ աշխարհում 530 մլն. մարդ հիվանդ կլինի շաքարախտով: Ամեն տարի շաքարախտից մահանում է 4,3 մլն. մարդ»:

Մեր երկրում այս հիվանդությունը ևս դասվում է տարածվածների շարքին: Բժիշկ Հայրապետյանը նշեց, որ այն կրում է ինչպես ժառանգական, այնպես էլ ձեռքբերովի բնույթ: Շատ հաճախ մարդիկ իրենք են նպաստում շաքարախտի տարածմանը:

«Հայերը չեն սիրում հետևել իրենց առողջությանը: Վնասակար սովորությունները արմատացած են մեզանում։ Հայերը չեն սիրում ճիշտ ռեժիմով սնվել: «Դիետա» բառը բոլորի մոտ առաջացնում է բացասական էմոցիաներ, որովհետև ընդհանրապես չեն հասկանում`ինչ է նշանակում դիետա: Այն հունարեն բառ է, որը թարգմանվում է առողջ ապրելակերպ»:

Ըստ Էլզա Հայրապետյանի՝ ավելի էժան կլինի կանխարգելել շաքարախտը, քան բուժել, իսկ կանխարգելումը նշանակում է, որ մարդ պետք է ապրի ճիշտ կենսակերպով:

Անդրադառնալով հիվանդության բուժմանը եւ դեղորայքային ապահովմանը, բժիշկը նշեց, որ վերջին տարիներին այս հարցում իրավիճակը մեր երկրում լավացել է: Ամբուլատոր բուժսպասարկումը պոլիկլինիկաներում իրականացվում է անվճար, իսկ ինսուլին պարունակող դեղամիջոցների պակաս այսօր հանրապետությունում չկա։

 

Թողնել պատասխան

Back to top button