ԿարևորՀասարակություն

«Ֆրանսիա-Արցախ՝ անխախտ բարեկամություն» խորագրով բարեգործական համերգ՝ Փարիզում

Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության և Փարիզի 5-րդ թաղամասի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացել է «Ֆրանսիա-Արցախ (Լեռնային Ղարաբաղ)՝ անխախտ բարեկամություն» խորագիրը կրող բարեգործական համերգ, որի ողջ հասույթն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Փարիզի 5-րդ շրջանի քաղաքապետ Ֆլորան Բերթուն։

Համերգի ընթացքում հիմնական բանախոսներն էին ֆրանսիացի հանրահայտ գրող, փիլիսոփա ու ճանապարհորդ Սիլվեն Տեսոնը և «Le Figaro» փոխտնօրեն, գրող, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, որոնք ընթերցել են Վիլյամ Սարոյանի և Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունները, ինչպես նաև 19-րդ դարի վերջին Ֆրանսիայում սկիզբ առած Հայասերների շարժման (Le mouvement arménophile) ներկայացուցիչ, ֆրանսիական ականավոր պետական գործիչ, կառավարության ղեկավար Ժորժ Կլեմանսոյի՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի արված հրապարակումները։

Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Փարիզի 5-րդ թաղամասի քաղաքապետին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կազմակերպված համերգի նախաձեռնության և այն հյուրընկալելու համար։ Դեսպան Տոլմաջյանը նաև երախտիքի խոսք է ուղղել Սիլվեն Տեսոնին և Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին՝ հայ ժողովրդի հետ շարունակական համերաշխության համար։ Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման արդյունքում արցախահայության բռնի տեղահանությանը, դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային սպառնալիքներին։

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով են հանդես եկել թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, դաշնակահարներ Նաթանաել Գուենը և Ժան-Ֆրանսուա Հեյսեն։ Երեկոն ուղեկցվել է նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային կոթողների՝ ֆրանսահայ լուսանկարիչ Լիդյա Գասպարյանի կողմից արված լուսանկարների ցուցադրությամբ։

Back to top button