
Հայտնի է ամերիկյան պատվիրակության կազմը, որը ներկա կգտնվի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք հիշատակի միջոցառումներին։ Սպիտակ տունը պաշտոնական ծանուցման մեջ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի հիշատակումից՝ տեղի ունեցածը անվանելով «1915 թվականի դեպքեր»։
Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն։ Կազմում կլինեն նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ինչպես նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սպեյերը, Ֆրենկ Փալոնեն, Աննա Էշուն և Դեյվ Տրոտը։ Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհանը հայտնել է, որ Օբաման Լյուին խնդրել է Երևանում ապրիլի 24-ին գլխավորել նախագահական պատվիրակությունը՝ զորակցություն հայտնելու հայ ժողովրդին, որն այդ օրը նշում է ամենամռայլ տարելիցներից մեկը։




