Միջազգային

Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադար հաստատել

Իսրայելը և Լիբանանը համաձայնել են պահպանել հրադադարը, որը, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, պայմանավորված է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորման կողմից կրակի լիակատար դադարեցմամբ։

Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ երկու երկրների միջև հարաբերությունների ապագան պետք է որոշեն բացառապես Իսրայելի և Լիբանանի ինքնիշխան կառավարությունները։ Վաշինգտոնը նաև մերժել է Լիբանանի ապագայի վրա որևէ պետական կամ ոչ պետական դերակատարի ազդեցության փորձերը։

Համաձայնագրի պայմաններով՝ «Հեզբոլլահը» պետք է ամբողջությամբ դադարեցնի ռազմական գործողությունները և դուրս բերի իր ուժերը Լիբանանի հարավից՝ մինչև Լիտանի գետ ընկած հատված։ Նշված տարածքն այժմ վերահսկում է Իսրայելի պաշտպանության բանակը: 

Հրադադարի շուրջ պայմանավորվածությունը հաջորդել է ավելի վաղ ձեռք բերված մասնակի համաձայնությանը, որի շրջանակում Լիբանանը հայտարարել էր, որ Իսրայելը կդադարեցնի Բեյրութի ռմբակոծությունները՝ «Հեզբոլլահի» կողմից Իսրայելի ուղղությամբ հարձակումների դադարեցման դեպքում։

Կողմերը նախատեսում են հունիսի 22-ին կրկին հանդիպել՝ շարունակելու համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ «Հեզբոլլահը» դեռեւս հրապարակային մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Համաձայնությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում իսրայելցի և լիբանանցի դիվանագետների բանակցությունների երկրորդ օրվանից հետո։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի մշակել Լիբանանի անվտանգության այնպիսի համակարգ, որը կախված չի լինի «Հեզբոլլահից»։

Կարդացեք նաև

Back to top button