
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը 2026 թվականի հունիսի 3-ի նիստում պաշտոնապես հաստատել է 2․5 միլիարդ դոլարի նոր ռազմավարական ներդրումների փաթեթը:
Այս որոշումը հանդիսանում է ԱՄՆ տնտեսական դիվանագիտության առանցքային քայլերից մեկը, որն ուղղված է գլոբալ ենթակառուցվածքների զարգացմանը, էներգետիկ անվտանգությանը և մատակարարման շղթաների ամրապնդմանը:
Հունիսի 3-ին հավանություն է տրվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը. ՀՀ-ԱՄՆ համատեղ նախաձեռնություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նախաձեռնությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ավտոճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլ կարևոր ենթակառուցվածքների զարգացմանը։
Ավելի վաղ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը։
Հետամուտ լինելով Երևանում մայիսի 26-ին ձեռք բերված պայմանավորվածության կյանքի կոչմանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Համաձայնագիրը ստորագրել են հեռավար: Հունիսի 1-ին համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում, հունիսի 4-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից Երևանում։
«Սա ևս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում։
Հայաստանը և ԱՄՆ հետևողական կլինեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացմանը՝ նպատակ ունենալով առավել սեղմ ժամկետում ապահովել տեղում ԹՐԻՓՓ-ի իրագործումը»,-ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։:




