

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «France 24» հեռուստաալիքի եթերից հայտարարել է, թե Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի միջոցառումների ժամկետների ընտրությունը կապ չունի Հայաստանում նույն օրերին անցկացվելիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողությունների հետ: «Այս տարի մենք տոնում ենք Չանաքքալեի մարտերի հարյուրամյակը: Ի՞նչ է, դրա համար Հայաստանի՞ց թույլտվություն պետք է խնդրենք»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Պատասխանելով Երևան-Անկարա հարաբերությունների մասին հարցին, Էրդողանը նույնն է կրկնել. «Մինչ օրս Թուրքիայի և Հայաստանի միջև առկա խնդիրների առումով դրական քայլ կատարողը միշտ մենք ենք եղել: Հայաստանը երբեք որևէ դրական քայլ չի արել»: Թուրքիայի նախագահը հիշեցրել է անցյալ տարի ապրիլի 23-ին իր հրապարակած ցավակցական ուղերձի մասին՝ բողոքելով, թե այն Հայաստանի կողմից դրական արձագանք չգտավ:




