Միջազգային

Մահացել է Սինգապուրի առաջին վարչապետ, «տնտեսական հրաշքի» հեղինակ Լի Կուան Յուն

Կիրակի օրը 91 տարեկանում մահացել է Սինգապուրի առաջին վարչապետ, «տնտեսական հրաշքի» հեղինակ Լի Կուան Յուն: Մի քանի օր առաջ նա թոքաբորբով ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով քաղաք պետության կառավարությանը:

Լին կղզու վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 31 տարի՝ այն պահից ի վեր, երբ Սինգապուրը 1959-ին ձեռք բերեց անկախություն:

Քաղաքական գործչի սկսած տնտեսական բարեփոխումները նախկին բրիտանական գաղութը վերածեցին տնտեսական բարեկեցիկ վայրի, սակայն իրավապաշտպանները քննադատում էին նրան քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումների համար:

«Վարչապետը մեծ վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է պարոն Լի Կուան Յուն: Պարոն Լին խաղաղությամբ հանգչել է Սինգապուրի գլխավոր հոսպիտալում»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Սինգապուրում այս կապակցությամբ հայտարարվել է մեկշաբաթյա սուգ: Այդ ընթացքում պաշտոնական շենքերի դրոշները կիջեցվեն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավակցություն է հայտնել Սինգապուրին երկրի առաջին վարչապետի մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով լեգենդար կերպար:

«Լի Կուան Յուն Ասիայում լեգենդար կերպար էր, ում հարգում էին առաջնորդի և պետական գործչի հատկանիշների համար: Իր կառավարման 3 տասնամյակի ընթացքում նա Սինգապուրին օգնեց զարգացող երկրից դառնալ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը»,- ասվում է Պան Գի Մունի հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button