
Այսօր կայացել է «նորմանդական քառյակի» հերթական հեռախոսազրույցը։ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ քննարկել են Դոնբսի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները։
«112.ua» կայքի հաղորդմամբ՝ Պյոտոր Պորոշենկոն կոչ է արել գործընկերներին աչք չփակել Դեբալցևոյի իրադարձությունների վրա և չձևացնել, թե տեղի ունեցածը համապատասխանում է Մինսկի պայմանավորվածություններին: Ուկրաինայի նախագահը նաև պահանջել է ազատ արձակել գերի ընկած բոլոր ուկրաինացի զինվորներին, ինչպես նաև՝ քննարկումներում ներառել նաև Ուկրաինայի և Ռուսաստանի պետական սահմանին և շփման գծում խաղաղապահների տեղակայման հարցը։
«Կողմերը պայմանավորվել են հավատարիմ մնալ Մինսկի համաձայնություններին՝ դադարեցնել կրակը, հետ քաշել ծանր տեխնիկան առաջնագծից և թույլ տալ ԵԱՀԿ դիտորդների մուտքը հակամարտության գոտի, ինչպես նաև արագացնել ռազմագերիների ազատ արձակման գործընթացը»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահը խոստացել է ազդել անջատողականների վրա՝ Մինսկի համաձայնությունների կատարումն ապահովելու համար։




