

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/051112nalbandyan.mp3
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ փարիզյան հանդիպման նպատակը Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելն ու բանակցային գործընթացը տեղից շարժելն էր, այսօր խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը:
Թե ինչ արդյունք արձանագրեց հանդիպումը, արտգործնախարարաը չմանրամասնեց, բայց նշեց , որ այն հստակեցրեց իրավիճակը Սաֆարովի արտահանձման խայտառակ գործարքից հետո, որն իր հերթին հարված էր բանակցային գործընթացին:
«Հայաստանը Սաֆարովի դեպքից մի քանի օր անց հայտարարեց, որ տրամադրված է եւ վճռական է շարունակելու բանակցությունները: Եւ եթե որեւէ կողմ ցանկություն ունի չշարունակել բանակցությունները՝ դա ադրբեջանական կողմն է »։
Ըստ Նալբանդյանի՝ վերջին 2 ամսում փոփոխություն կա նաև միջազգային հանրության դիրքորոշումներում. չկա պակաս երկրների ու կառույցների, որոնք խստորեն չեն քննադատել ու չեն արտահայտել իրենց վրդովմունքը ադրբեջանա -հունգարական գործարքի վերաբերյալ:
«Միայն մեկ բան չի փոխվել. դա Հայաստանի եւ եռանախագահների ընդհանուր ցանկությունն է՝ շարունակել բանակցային գործընթացը եւ խաղաղ կարգավորում պարտադրել Ադրբեջանին ԼՂՀ վերաբերյալ»:
Իսկ խորհրդարանում արտգործնախարարի ու պատգամավորների հանդիպման առիթը «Բյուջե 2013-ի» նախագիծն էր: Այսօր խորհրդարանում քննարկվում էին արտաքին քաղաքականության ոլորտին ուղղվելիք բյուջետային հատկացումները: Ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի՝ 2013թ.-ին կառավարությունը ծրագրում է արտաքին քաղաքականության ոլորտ ուղղել մոտ 10.5 մլրդ դրամ, ինչը 2012 թ.-ից ավելի է շուրջ 1.5 մլրդ դրամով:
Դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը կկազմեն 7,6 մլրդ դրամ, միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության վճարների համար բյուջեն կտրամադրի 1,4, իսկ կառավարման ապարատի պահպանման համար 1,3 մլրդ դրամ:
Լրացուցիչ ֆինանսավորում նախատեսվեած է նաև 2013-ին 2 կառույցներում Հայաստանի ստանձնելիք նախագահության հետ կապված. մայիսից 6 ամիս ժամկետով Հայաստանը կնախագահի ԵԽ-ում, իսկ հուլիսից՝Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում:
Մոտ կես միլիարդ դրամ կհատկացվի երեք երկրներում նոր դեսպանությունների բացմանը: 2013- ին, ինչպես արտգործնախարարը տեղեկացրեց, Հայաստանը մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Մեքսիկայում, Ինդոնեզիայում, Վիետնամում:
Ի դեպ՝ հենց դրանց մասին խոսելիս արտգործնախարարը անդրադարձավ վերջերս քննարկման առիթ դարձած գործուղումների և, այսպես ասենք, կարևոր ու անկարևոր երկրների թեմային: Հիշեցնեմ, նախարարի՝ Մեքսիկա, Կոնգո, Գվատեմալա կատարած այցելությունները և ընդհանրապես երկրների ընտրության սկզբունքը հետաքրքրում էր ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանին: Այս հարցը նա բարձրացրեց ԱԺ-կառավարություն վեչջին հարցուպատասխանի ժամանակ, բայց չստացավ արտգործնախարարի պատասխանը, քանի որ նա բացակայում էր հանրապետությունից:
Էդվարդ Նալբանդյանն այսօր պատասխանեց հարցին։
«Առնվազն կոռեկտ չէ որևէ երկիր էկզոտիկ կոչել: Նման հարց տվողները եթե ասեն, թե ինչու է պետք գնալ Վագատուգու և ինչու պետք չէ գնալ Կինշասա, այլևս հարցեր չեն տա»։