

Այսօր երեկոյան Մինսկում՝ Բելառուսի Անկախության պալատում ծրագրվում է անցկացնել «նորմանդական քառյակի» հանդիպումը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով: Նախօրեին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները ճգնաժամի կարգավորման վերջին զարգացումները քննարկել են հեռախոսով: Մինսկում փետրվարի 11-ին հանդիպելու որոշումը կայացվել է կիրակի՝ չորս երկրների ղեկավարների հեռախոսային խորհրդակցության ժամանակ:
Առաջին անգամ Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի առաջնորդները ուկրաինական ճգնաժամը քննարկելու նպատակով հանդիպել են անցյալ տարվա հունիսի 6-ին՝ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Այդուհետ լրատվամիջոցները այդ երկների առաջնորդների հանդիպումներն անվանեցին «նորմանդական ձևաչափ»:
Մերկել-Պուտին-Պորոշենկո-Օլանդ երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ Միլանում «Ասիա-Եվրոպա» խորհրդաժողովի շրջանակներում: «Նորմանդական քառյակը» հանդիպել է նաև արտգործնախարարների մակարդակով: Աստանայում հունվարի 15-ին ծրագրված հերթական բանակցությունները չեղյալ հայտարարվեցին: Պաշտոնական պարզաբանումների համաձայն, հանդիպումը չկայացավ, քանի որ մանրակրկիտ չէր նախապատրաստվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Մինսկում այսօր նախատեսված` «նորմանդական ձևաչափով» բանակցություններին. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնել են Մինսկ, որպեսզի օգնագործեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման առկա հնարավորությունը», նշվում է Ելիսեյան պալատի՝ այսօր կեսօրին տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հանդիպմանն իր մասնակցությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն: Ռուսաստանի նախագահի որոշման մասին Կրեմլը դեռևս հաղորդագրություն չի տարածել: Դեռ երեկ կողմերի մոտ բազմաթիվ անպատասխան հարցեր էին մնում եւ հանդիպման անցկացումը հարցականի տակ էր: Ռուսաստանի նախագահը օրերս հայտարարել է, որ Մինսկի հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե հաջողվի համաձայնեցնել որոշ հարցեր:
Ի՞նչ առաջարկներ են քննարկվելու Մինսկում: Ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման պլանը, որը ներկայացրել են Ֆրանսիան և Գերմանիան, նախապատրաստվել է փետրվարի սկզբին: Անցյալ շաբաթ Օկանդն ու Մերկելը այն ներկայացրեցին նախ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյին, այնուհետև Մոսկվայում բանակցությունների վարեցին Վլադիմիր Պուտինի հետ: Ներկայացված ծրագրի տեքսը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն որոշ դետալներ հայտնի են: Ֆրանսիաի նախագահը հայտնել էր, որ առաջարկները ներառում են 50-ից 70 կիլոմետր լայնությամբ ապառազմականացված գոտու ստեղծում այսօրվա շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև՝ Լուգանսկի և Դոնեցկի շրջաններին լայն ինքնավարության տրամադրում:
Մինսկի հանդիպումից առաջ, որից միջազգային հանրությունը լուրջ սպասելիքներ ունի, Եվրամիությունը որոշեց մինչև փետրվարի 16-ը հետաձգել պատժամիջոցներին նոր«չափաբաժնի» ընդունումը: Ինչպես հայտնել էր Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, որոշումն ընդունվել էր Ուկրաինայի իշխանությունների խնդրանքով, որը Կիևը հիմնավորել էր Ռուսաստանին բանակցություներից հրաժարվելու հնարավորություն չընձեռելու ցանկությամբ:
Եվրամիությունը, սակայն, կշարունակի քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը, եթե Մինսկի բանակցությունները տապալվեն: Կառույցի բարձրաստիճան ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով «նորմանդական ձևաչափով» հանդիպումից սպասելիքները, ընդգծել է, որ եթե այսօրվա բանակցություններն արդյունք չունենան, վաղը Եվրամիության գագաթաժողովի օրակարգում կրկին կնդգրկվի Մոսկվայի դեմ պատժամիջոցների հարցը:
Այսօրվա հանդիպումից ակնկալիքները մեծ չեն: «Չկան երաշխիքներ, որ բանակցություններն արդյունավետ են լինելու:Սակայն սխալ կլինի չփորձելը», երկուշաբթի հայտարարել էր Գերմանիայի կանցլերը: Ֆրանսիայի նախագահը սպասվող հանդիպումն անվանել էր «վերջին հնարավորություններից մեկը»: Նա բացահայտորեն հայտարարել էր, որ եթե չհաջողվի երկարատև խաղաղության մասին որոշում կայացնել, ուկրաիանական ճգնաժամի հետագա զարգացման սցենարը պատերազմն է:




