
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե համաձայն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հակառուսական պատժամիջոցները պահպանելու հարցում։ «Լենտա.ռու» կայքի հարղոդմամբ, այս մասին Օբաման հայտարարել է նախօրեին Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բացի այն, որ մենք շարունակում ենք աշխատանքը հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղղությամբ, միևնույն ժամանակ հստակ ցույց ենք տալիս, որ եթե Ռուսաստանը շարժվի իր որդեգրած ուղով, որը քանդում է ռուսական տնտեսությունն ու վնաս հասցնում ռուսաստանցիներին, թողնելով սարսափելի ազդեցություն Ուկրաինայի վրա, ապա Ռուսաստանի թե քաղաքական, թե տնտեսական մեկուսացումը կխորանա»,-ասել է Օբաման։
Նախագահ Օբաման ևս մեկ անգամ անդրադարձել է Ուկրաինա զենք մատակարարելու հարցին, նշելով, թե ինքը դեռևս որոշում չի կայացրել և հարցը դեռևս քննարկման փուլում է։ Կանցելր Անգելա Մերկելն, իր հերթին, հայտարարել է, թե ուկրաինական հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Նա հույս է հայտնել, թե փետրվարի 11-ին Մինսկում «նորմանդյան ձևաչափով» կայանալիք բանակցություններն առաջընթաց կարձանագրեն կրակի դադարեցման և խաղաղության հաստատման համար։




