ԿարևորՏնտեսական

Հանրապետությունում արձանագրվել է 2 տոկոս գնաճ. այս անգամ հաշվարկվել է նաեւ խաշի մսեղենի գինը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետության բոլոր քաղաքներում սպառողական շուկայում արձանագրվել է մինչեւ 2 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1,9 %-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0,9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.2%:

Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն` գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Դիլիջանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1,3%-ով:
Սակայն այս հոկտեմբերին սպառողական շուկայի գները միջինում 0.3 տոկոսով ցածր են եղել անցյալ տարվա դեկտեմբերի եւ ամանորի շրջանի գներից: Փոխարենը վերջին 11 ամիսների ընթացքում բարձրացել են ոչ պարենային  ապրանքների գները` շուրջ 5 տոկոսով եւ ծառայությունների գները` շուրջ 2 տոկոսով:
Չնայած ողջ ամառ գյուցիները դժգոհեցին, որ վաճառել չեն կարողանում խաղողի առատ բերքը եւ այն մնացել է ամբարներում, սակայն խաղողի գինն էլ է էականորեն բարձրացել` 35 տոկոսով:
Հոկտեմբերին տարեկան կտրվածքով հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 10 % գնաճ, որից միայն 2.6%-ն ընդամենը վերջին մեկ ամսում:  Վերջինս մեծապես պայմանավորվել է բարձր և առաջին տեսակի  ալյուրի մինչեւ 4 տոկոսով թանկացմամբ: Դրա հետեւանքով թանկացել են հացը, մակարոնեղենը:
Մսամթերքի ապրանքախմբում թարմ մսի եւ երշիկեղենի բոլոր տեսակներում վերջին 1 տարվա կտրվածքով գրանցվել է միջինում 3.2% գնաճ: Միայն բաստուրման թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Հետաքրքիր է, որ հայրենի վիճակագիրներն այս անգամ դիտարկել են նաեւ խաշի մսեղենի գինը: Խաշի սեզոնը բացվելուն պես անհրաժեշտ մսեղենը թանկացել է շուրջ 4 տոկոսով:
Ձկնամթերքի և շաքարավազի, իսկ  ոգելից խմիչքի և ծխախոտի գները գրեթե չեն փոփոխվել: Համեմատաբար կայուն են մնացել նաեւ ոչ  պարենային  ապրանքների  գները:

Փոխարենը՝ հոկտեմբերին տարեկան կտրվածքով բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.6%  և 9.2%-ով:
Այս հոկտեմբերին դոլարի նկատմամբ  դրամի միջին փոխարժեքը կազմել է 406.69 դրամ, ինչը 8%-ով գերազանցել է անցյալ տարվա հոկտեմբերի ցուցանիշը` 376.69 դրամ:

Թողնել պատասխան

Back to top button