
Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ»-ի տասնյակ առևտրականներ արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում մուտք գործել իրենց խանութ-սրահներ։ Իրավապահների գործողությունների շրջանակում տաղավարների մի մասը կապարակնքվել է։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկն ասում է՝ անգամ անձնական իրերն են մնացել խանութ-սրահում։
«Երկուշաբի օրվանից փակ է, ու ոչ մեկիս չեն տեղեկացրել։ Բոլորիս անձնագրերն ու գումարները խանութներում են։ Ճիշտ չի, որ այդպես գաղտագողի ընդհանուր փակվում է, ինչի համար գոնե մի շաբաթ առաջ տեղեկացված չպիտի լինենք»:
«Առինջ Մոլ»-ում առևտրով զբաղվողներն ասում են, որ ոչ միայն վճարում են վարձակալած տարածքների համար սահմանված գումարը, այլև սեփական միջոցներով ապահովում են իրենց խանութ-սրահների աշխատակիցների աշխատավարձերն ու ընթացիկ ծախսերը։
«Գնանք տուն մեր երեխեքին ո՞վ է պահելու։ Կոմունալ պիտի վճարենք, դա պետությանը չի՞ հետաքրքրում։ Ի՞նչ ենք ասելու, որ չենք աշխատում, չե՞նք վճարելու։ Դա իրեն հետաքրքրո՞ւմ է»։
300-ից ավելի տաղավար ունեցող «Առինջ մոլ»-ի 26 խանութ-սրահ կապարակնքվել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սմբատ Սմբատյանի թիվ 640 կլոր կնիքի դրոշմով։ Ծանուցման հետ դռներին փակցված է Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածին հղումով փաստաթուղթ, ըստ որի, եթե իրավապահների գործողություններին խոչընդոտելը ենթադրում է քրեական պատասխանատվության։
Իրավապահները վարույթային գործողություններ են իրականցնում ԲՀԿ առաջնորդին պատկանող գերթե բոլոր ընկերություններում, դրանց մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, մի մասը վերսկսել է աշխատանքը։ ԲՀԿ-ում այս գործողությունները ընդդիմադիր ուժի դեմ ուղղված արշավ ու քաղաքական հետապնդում են որակում։ Իշխանությունը հայտարարում է, որ գործընթացը բացառապես իրավական է։
Նախօրեին ԲՀԿ առաջնորդը շուրջ 7 ժամ հարցաքննվել էր մի վարույթի շրջանակում, որով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ Ծառուկյանը ավելի քան 21 միլիոն դոլարի գույք է հափշտակել իրանցի գործարարներից: Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին:
Քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչու է «Առինջ մոլ»-ում կապարակնքվել տաղավարների մի մասը։ Ըստ հաղորդագրության՝ հունիսին նշանակված համալիր փորձաքննությամբ պարզվել է, որ 3.5 հա մակերեսով հողամասի օտարումը կազմակերպվել է խախտումներով։
Մասնավորապես, հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչը դրանց շահագործումը վտանգավոր է դարձնում։




