ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քրեական ենթամշակույթ և «տղայական» բարքեր բանակում․ 1 զոհ, 2 կալանավորված

ՀՀ ԶՈւ-ում հերթական մահվան դեպքը կրկին թեժացրել է քննարկումը  բանակում ոչ մարտական պայմաններում զոհեր ունենալու մասին։ Թեև 2026-ին հայ-ադրբեջանական սահմանին որևէ զոհ չի գրանցվել, բայց տարվա 7 ամիսների ընթացքում պաշտոնապես հաղորդվել է 8 զինծառայողի մահվան մասին: Բանակում մահվան վերջին դեպքը արձանագրվել է հուլիսի 21-ին։

20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով նրա երկու համածառայակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Մեղադրյալներից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը՝ շարքային զինծառայող։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ երկուսն էլ կալանավորվել են։ Իրավապահ համակարգի ասելիքն այս պահին այսքանն է, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նույնպես սակավախոս է և չի պատասխանում հարցին, թե արդյոք զինծառայողը ծեծի է ենթարկվել դեպքից առաջ։  

«Ցավալի դեպք է և աշխատանքներ պետք է տարվեն։ Նախաքննությունը շարունակվում է»։

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասում։ Այս տարի պաշտոնապես հաղորդվել է 8 զինծառայողի մահվան մասին: Սա ոչ թե վիճակագրություն է, այլ լուրջ խնդիր՝ ահազանգում են իրավապաշտպանները՝ ընդգծելով, որ հատկապես խաղաղ պայմաններում չի հաջողվում կանխել զինծառայողների մահերը, և մարդու իրավունքների խախտումներին առնչվող տասնամյակների բարքերը բանակում դեռ պահպանվում են։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը թեմային բազմիցս է անդրադարձել․

«Այո, հրադադարի ռեժիմի հետևանքով մահվան դեպքեր չեն արձանագրվել, բայց այդ պայմաններում ավելի մտահոգիչ է հենց այդ մահվան թիվը։ Թեկուզ մեկ ինքնասպանության,  սպանության դեպքի առկայությունը նաև դժբախտ պատահարների, որոնք կապված են ավտոտեխնիկայի շահագործման հետ, պետք է համարվի մտահոգիչ, որովհետև ամեն մի մահվան դեպքին նախորդում է որոշակի շարժառիթ, որ պայմանավորված է բացթողումներով կամ թերություններով։ Երբ որ դրանք կրկնվում են տարեցտարի, դա նշանակում է, որ իրապես այդտեղ անելիքներ կան»։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2025–ին բանակում 36 մահվան դեպք է գրանցվել, դրանցից 6–ը՝ ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով։ Ավելի վաղ պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձանագրել էր, որ վիճակագրության չոր թվերը բանակում տիրող մթնոլորտի արտացոլումը չեն։

«Այս վիճակագրությունը ձևավորելիս մենք անդրադառնում ենք բոլոր տեսակի մահերի` սկսած ինֆարկտից, էլեկտրահարումից, կայծակահարումից, ավտովթարներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից մինչև իհարկե, այո, այն ցավալի դեպքերը, որոնք տեղի են ունենում տարբեր հանգամանքների բերումով»

Հատկապես ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու և սպանության դեպքերը նախարարն իր մարտահրավերն է համարում։ Ընդունելով իր պատասխանատվությունը՝ Պապիկյանը ընդգծում է նաև այս  խնդիրների ակունքները․

«Որոնք իրենց պատճառներն ունեն նաև մարդկանց քաղաքացիական կյանքի տարբեր ընկալումների, այդ թվում՝ նաև քրեական ենթամշակույթի, երբեմն նաև մարդու պատրաստվածության մակարդակի, դիմակայունության։ Սրանք հարցեր են, որ որպես պաշտպանության նախարար, այո՛, իմ հարցն է։ Բայց միայն իմ հարցը չէ, և մենք, սկսած դպրոցից մինչև բուհական համակարգ ու ծառայություն ու նաև քաղաքացիական կյանք, համապատասխան վերաբերմունք պետք է ցուցաբերենք նույն քրեական ենթամշակույթին, նույն տղայական պատկերացումներին»։  

Նախարարի տվյալներով՝ վերջին երկու տարում բանակում արձանագրված մահվան բոլոր դեպքերը բացահայտվել են։ Թե ինչ ցույց կտա զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով քննությունը, դեռ հայտնի չէ։

Այս պահին համացանցում զոհված զինծառայողի մասին միայն դրական գրառումներ են։ Նա Չարենցավանից էր, սովորում էր ռուս-հայկական համալսարանի լրագրության բաժնի 4-րդ կուրսում։ Ընտրել էր սպորտային լրագրողի մասնագիտությունը։ Համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանն ընդգծել է նրա մարդկային որակները։ Նարեկի համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ գրել է Ալեքյանը։ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ նույնպես դասախոսել է Նարեկին, նշել է նրա  լավ մարդ լինելը, մեղմ բնավորությունը և մարդկային բարձր հատկանիշները։

Պատգամավորն ընդգծել  է պետությունը պատշաճ վերաբերմունքի անհրաժեշտությունը բանակում կարգապահական խնդիրների, բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ, ինչը կկանխի նման ողբերգությունների կրկնությունը։

Կարդացեք նաև

Back to top button