
Սեպտեմբերի 1-ից մարզային դպրոցների կառավարման համակարգում սպասվում է կարևոր փոփոխություն.մարզային դպրոցները կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո։ Իշխանությունը փոփոխությունը ներկայացնում է որպես կրթության կառավարման արդյունավետության բարձրացման, միասնական քաղաքականության և դպրոցներին ավելի մեծ աջակցության հնարավորություն։
Բայց փոփոխությունը նաև հարցեր է առաջացնում.արդյո՞ք կենտրոնացված կառավարումը կօգնի լուծել մարզային դպրոցների իրական խնդիրները, թե՞ հակառակը՝ կարող է որոշումների կայացման գործընթացը հեռացնել դպրոցից ու համայնքից։ Ո՞ր խնդիրներն են լուծվելու մարզային դպրոցները ԿԳՄՍ ենթակայության անցնելու արդյունքում։

«Դպրոցներում բովանդակային հարցերով միշտ զբաղվել է ԿԳՄՍ նախարարությունը, հատկապես հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացի ընթացքում։ Ես համաձայն չեմ, որ դպրոցները տեղափոխվում են նախարարության ենթակայության ներքո, որովհետև պատասխանատվությունը երկու տիրույթներում բաշխվել է նախարարության և մարզպետարանների միջև։ Ֆինանսական, տնտեսական, շենքերի պահպանության և այլ վարչատնտեսական հարցերով զբաղվելու են մարզպետարանները, իսկ բովանդակային հարցերով՝ նախարարությունը։
Նախարարությունում կառուցվածքային որոշակի փոփոխություններ են լինելու։ Կլինեն մասնագետներ, որոնք պատասխանատու կլինեն մարզերի և ԿԳՄՍ նախարարության միջև կապի ապահովման համար։ Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ արդեն այսօր մենք աշխատում ենք դպրոցների տնօրենների հետ՝ այն գիտակցությամբ, որ նրանք պետության և նախարարության ներկայացուցիչներն են իրենց դպրոցներում։ Հետևաբար, լրացուցիչ մարդիկ, որոնք պետք է դպրոցի մասին որոշակի տեղեկություններ ներկայացնեն նախարարությանը, անհրաժեշտ չեն»,- ասում է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը։

Կրթության ցանկացած փոփոխություն վերջնականում չափվում է ոչ թե փաստաթղթերով, այլ դպրոցում՝ ուսուցչի, տնօրենի և աշակերտի առօրյայում։ Մարզային դպրոցների նոր կառավարման համակարգը կսկսի գործել սեպտեմբերի 1-ից։




