
Հայաստանում կրթության շուրջ քննարկումները երբեք այսքան ակտիվ չեն եղել։ Նոր չափորոշիչներ, դասագրքեր, ուսուցիչների վերապատրաստում, գնահատման համակարգ, բուհական բարեփոխումներ, արհեստական բանականության ազդեցություն, ազգային և համամարդկային արժեքների հավասարակշռություն՝ այս ամենը դարձել է հանրային քննարկումների թեմա։
Կրթության մասին խոսելիս մենք հաճախ կենտրոնանում ենք ծրագրերի, չափորոշիչների, դասագրքերի կամ տեխնոլոգիաների վրա։ Դրանք, իհարկե, կարևոր են։ Սակայն ցանկացած բարեփոխման իրական արժեքը չափվում է մեկ հարցով. ի՞նչ մարդ է ձևավորվում այդ կրթության արդյունքում։ Որովհետև պետությունների ապագան որոշվում է ոչ միայն բնական ռեսուրսներով կամ տնտեսական ցուցանիշներով, այլ առաջին հերթին այն մարդկանցով, որոնց նրանք կրթում են։
Այսօր կրթության մասին խոսում են գրեթե բոլորը՝ ծնողները, ուսուցիչները, աշակերտները, քաղաքական գործիչները, տնտեսագետները։ Քննարկվում են ծրագրեր, չափորոշիչներ, դասագրքեր, քննություններ, բարեփոխումներ։ Սակայն այս ամենի մեջ երբեմն մոռացվում է գլխավոր հարցը՝ իսկ ի՞նչ է կրթությունը, ինչի՞ համար է այն, և արդյո՞ք մենք նույն կերպ ենք հասկանում այդ բառը։

«Ինձ համար կրթված մարդը նա է, ով գիտի, թե ինքն ինչ չգիտի։ Կրթված մարդն իր իմացության և չիմացության սահմանները իմացողն է։ Եվ ես կասեի նաև, որ մարդու բարոյական նկարագիրը, բարեխղճությունը կրթվածության պարտադիր պայման են»,— ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Յուրաքանչյուր սերունդ աշխարհը ժառանգում է նախորդից, բայց այն փոխանցում է հաջորդին այնպես, ինչպես ինքն է կրթել իր երեխաներին։
Այդ իմաստով կրթությունը պարզապես պետական քաղաքականություն չէ, այն հասարակության բարոյական ընտրությունն է և ապագայի հանդեպ նրա պատասխանատվությունը։




