ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հուշագրից՝ Հակակոռուպցիոն կոմիտե. ինչո՞ւ են սրվել Մեղրիի նախկին ու ներկա համայնքապետերի հարաբերությունները

Մեղրիի նախկին համայնքապետ, ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բագրատ Զաքարյանի և համայնքի գործող ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հարաբերությունները տևական ժամանակ է՝ ներդաշնակ չեն։ Թեև 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ որևէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու մեծամասնությունը, նրանք համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ համայնքը հաջորդաբար երկուսուկես տարի համատեղ ղեկավարելու պայմանավորվածությամբ, այսօր արդեն միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ Նախկին գործընկերների հարաբերություններն աստիճանաբար սրվել են՝ վերածվելով քաղաքական բաց կոնֆլիկտի։

Մեղրիի նախկին համայնքապետ, ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բագրատ Զաքարյանը հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով ուսումնասիրել վերջին երկուսուկես տարում համայնքում իրականացված մի շարք ծրագրեր։ Զաքարյանը համայնքի ղեկավարի տեղակալն էր, սակայն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ուղիղ երկուսուկես տարի, ինչպես գրավոր համաձայնության էին եկել՝ տեղը զիջելով ղեկավարի մյուս թեկնածուին։

Զաքարյանի խոսքով՝ համայնքի ղեկավարին բազմիցս՝ թե՛ աշխատանքային, թե՛ ընկերական հանդիպումների, ինչպես նաև ավագանու նիստերի ընթացքում հորդորել է գործել օրենքի շրջանակում։

Բագրատ Զաքարյան. «Բավականին լուրջ փաստերով դիմել եմ, խնդրել եմ, որ հետագայում ցանկացած համայնքի ղեկավար նման ապօրինի գործողություններ չիրականացնի։ Ինչ որ կատարվել է վերջին ժամանակահատվածում Մեղրի համայնքում, հատկապես բյուջեի կառավարման մասով, անընդունելի է։ Ես երկար տարիներ պետական համակարգում եմ աշխատել, գիտեմ՝ ինչ նշանակություն ունի պետական միջոցների ճիշտ կառավարումը»։

Զաքարյանի դժգոհություններից մեկը վերաբերում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կնքված վարձակալության պայմանագրին։ Նրա պնդմամբ՝ կոմբինատի համար սահմանվել է ավելի ցածր վարձավճար, քան նախատեսված էր ավագանու որոշմամբ։

«Բավականին լուրջ աշխատանքի արդյունքում տարեկան 150 միլիոն դրամի պայմանագիր պետք է կնքվեր կոմբինատի հետ, բայց թիվը կրկնակի իջեցվում է։ Ավելին՝ ավագանին որոշում ունի, որ հանքարդյունաբերողների հետ վարձակալության պայմանագիրը պետք է կնքվի 300 հազարով, բայց կոմբինատի հետ կնքվում է 150 հազարով։ «Հանրապետություն» խմբակցությունը դեմ է քվեարկում այդ որոշմանը, հետո արտահերթ նիստ են անում ու հաստատում»։

Նախկին համայնքապետը Հակակոռուպցիոն կոմիտե ներկայացրած հաղորդման մեջ անդրադարձել է նաև «Ագարակ-Մեղրի» հիմնադրամի միջոցով կատարվող ֆինանսավորմանը։

Խոսքը «Ագարակ-Մեղրի» հիմնադրամի մասին է, որը ստեղծվել է համայնքի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործակցության ծրագրերը ֆինանսավորելու նպատակով։ Հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում են տարբեր սոցիալական և ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք իրականացվում են կոմբինատի մասնակցությամբ։ Հենց այս մեխանիզմի օրինականությունն ու թափանցիկությունն էլ վիճարկում է նախկին համայնքապետ Բագրատ Զաքարյանը՝ պնդելով, որ համայնքին նախատեսված միջոցները պետք է մուտքագրվեն համայնքային բյուջե, ոչ թե փոխանցվեն հիմնադրամին։

«Թող ներկայացված փաստերը ստուգեն, ես դրան դեմ չեմ», — «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Մեղրիի գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ մինչև օրս Հակակոռուպցիոն կոմիտե իրեն չեն հրավիրել, սակայն պատրաստ է ներկայացնել անհրաժեշտ բոլոր պարզաբանումները։

Խաչատուր Անդրեասյան. «Նորից եմ ասում՝ ինքը երկրորդ կամ երրորդ անգամ է դիմում Հակակոռուպցիոն կոմիտե։ Մենք նաև գիտենք, որ նույնիսկ անանուն նամակներ է ուղարկում։ Բոլոր այն փաստաթղթերի տակ, որոնց մասին խոսում է, իր ստորագրությունն էլ կա։ Դա էլ ժամանակի ընթացքում կպարզվի։ Գնումների փաստաթղթերի տակ նույնպես իր ստորագրությունն է»։

Անդրեասյանը հերքում է նաև «Ագարակ-Մեղրի» հիմնադրամին փոխանցվող միջոցների վերաբերյալ մեղադրանքները։

«Այն գումարները, որոնք նախատեսված են համայնքային բյուջեի համար, ամբողջությամբ մուտքագրվում են համայնքապետարան։ Իսկ հիմնադրամին փոխանցվող միջոցները տրամադրվում են եռակողմ պայմանագրերով՝ համայնքի, կոմբինատի և հիմնադրամի միջև։ Դա կատարվում է օրենքով սահմանված կարգով»։

Զաքարյանի խոսքով՝ մինչև Հակակոռուպցիոն կոմիտե դիմելը ինքը համայնքի ղեկավարից պահանջել է տրամադրել գնումների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, սակայն պատասխան չի ստացել, ուստի համարում է, որ  խախտվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Ի պատասխան՝ Անդրեասյանն ասում է.

«Օրենքով սահմանված ժամկետներում բոլոր փաստաթղթերը կտրամադրենք։ Մենք որևէ փաստաթուղթ չենք թաքցնում»։

Մինչ նախկին և ներկա համայնքապետերի միջև հակասությունները շարունակում են խորանալ, Մեղրիում արդեն նախընտրական շրջան է։ Մոտ մեկ ամիս անց կմեկնարկի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Թե՛ Բագրատ Զաքարյանը, թե՛ Խաչատուր Անդրեասյանը, հայտարարել են, որ պատրաստվում են կրկին մասնակցել ընտրություններին։

Կարդացեք նաև

Back to top button