ՌեպորտաժներՔաղաքական

Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը չանցավ ԿԸՀ-ում․ ի՞նչ կլինի հաջորդիվ

Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը: Այս մասին դատախազությունից հայտնել են ԶԼՄ-ներին՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնելուց:

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շուրջ չորս ժամ տևած քննարկումից հետո մերժել է Դատախազության միջնորդությունը, որով առաջարկվում էր համաձայնություն տալ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը, մինչև որոշման կայացումն, այսպիսի կանխատեսում էր արել.

«Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորություններն ունեն»։  

Փաստաբանի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կալանավորման միջնորդությունը վերադարձնելը փաստացի նշանակում է դրա մերժում։ Վարդևանյանը հիշեցնում է, որ  Նարեկ Կարապետյանն արդեն պատգամավորի կարգավիճակ ունի։ Միաժամանակ, ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության միջնորդությունը և համաձայնություն տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն։ Այս առումով Արամ Վարդևանյանն ասում է.

«Անձեռնմխելիությունը բաղկացած է երկու առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք չհարուցելու և չազատազրկվելու: Մեղադրանք ներկայացնելու համաձայնությունը ստացել են»։

ԿԸՀ համապատասխան արձանագրությամբ՝ 9-րդ գումարման պատգամավորները գրանցվել և մանդատներ են ստացել հունիսի 21-ին։ Մանդատ է ստացել նաև Նարեկ Կարապետյանը։ Հիմնվելով ՍԴ որոշման վրա՝ Արամ Վարդևանյանը պնդում է, որ պատգամավորի վկայական ստացած անձին չեն կարող կալանավորել։

«Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերեց՝ չես կարող ազատազրկել, ինչ ցանկություն ունեցող ուզում ես՝ եղիր»։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ պատգամավորի թեկնածուն և պատգամավորն ունեն տարբեր իրավական կարգավիճակներ: Եթե անձն ընտրվում է և ստանում պատգամավորի մանդատ, նրա նկատմամբ սկսում են գործել Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության կանոնները։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ։

Հունիսի 21-ի նիստում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը այսպես էր մեկնաբանել իրավիճակը.

«Սահմանադրական դատարանը այս միջակայքի համար, այսինքն՝ ընտրված պատգամավորի, բայց լիազորություններ չստանձնած իրավիճակում պահանջում է, որպեսզի քրեական հետապնդման հարուցումը, ազատությունից զրկելու գործընթացը կարող է տեղի ունենալ միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, և այդ որոշումները պիտի ընդունվեն երկու երրորդով»։

Օգոստոսի 2-ին նախատեսված է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որին մասնակցելու է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Տեսականորեն հնարավոր է, որ դատախազությունը նույն հարցով դիմի արդեն Ազգային ժողովին։ Սակայն «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ նման սցենարը գործնականում բացառված է։

Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդությունը Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել դեռ հուլիսի 13-ին, սակայն ԿԸՀ-ն դրա քննությանը ձեռնամուխ եղավ միայն հուլիսի 21-ին՝ պատգամավորական մանդատների բաշխումից հետո։

Ավելի վաղ, երբ Սահմանադրական դատարանը դեռ չէր հրապարակել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումը, Դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն ստանալու համար։ Այդ ժամանակ, սակայն, հանձնաժողովը, հղում անելով ծանրաբեռնվածությանը, չէր քննարկել միջնորդությունը, իսկ հուլիսի 8-ի նիստում որոշել էր այն վերադարձնել։ Որպես հիմնավորում նշվել էր, որ Նարեկ Կարապետյանն այլևս պատգամավորի թեկնածու չէ, հետևաբար ԿԸՀ-ն իրավասու չէ քննարկելու նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու այս անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց քննարկել նույն միջնորդությունը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դա բացատրեց այսպես.

«Որպես թեկնածու Նարեկ Կարապետյանի իրավունքները, պարտականությունները դադարել էին, և մենք վերադարձրել էինք միջնորդությունը։ Եվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցուցակի առաջին համարն է, Դատախազությունը, գնահատելով, որ Սահմանադրական դատարանի որոշման լույսի ներքո իրենք պիտի պարտադիր ստանան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը, լրամշակված միջնորդությունը կրկին ներկայացրել են, և այսօր մենք այդ միջնորդությանը կանդրադառնանք»։

Թե ինչ քրեական վարույթով էր Դատախազությունը դիմել ԿԸՀ, չի բացահայտվում․ իրավապահ կառույցը դա համարում էր նախաքննական գաղտնիք։ Արամ Վարդևանյանը, մինչդեռ, ավելի վաղ որոշ փակագծեր էր բացել։

«Փաստացի վերաբերում է մեր գործընկերներից՝ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին, ըստ էության, սա է: Դրա շրջանակներին է վերաբերում: Այլ հանգամանքներ հիմա, այս պահին չբացահայտենք՝ ելնելով զուտ, որ դռնփակության կարգով էր քննվում, բայց դեպքը կամ երևույթը վերաբերում է դրան»։

Հայտնի է, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է իրենց հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը», հատկանիշներով: Կդիմի՞ արդյոք գլխավոր դատախազը խորհրդարանին՝ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, հայտնի կդառնա առաջիկա օրերին՝ երբ 9-րդ գումարման ԱԺ-ն կսկսի աշխատանքը։

Կարդացեք նաև

Back to top button