
Արմավիրի մարզի Հացիկ գյուղում ծիրանի բերքահավաքն ավարտվել է, սակայն բերքի շուրջ 50 տոկոսը դեռ սառնարաններում է: Արտահանողները բերքը մասամբ կանխիկ են գնել, մասամբ՝ պայմանավորվել վճարել իրացումից հետո: Եթե նախորդ տարիներին մարզի բերքը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան, ապա այս տարի, բացի Վրաստանից, իրացման այլ շուկա գրեթե չկա: Գյուղացիները փորձում են բերքը վաճառել տեղական շուկայում կամ չիր պատրաստել: Սառնարաններում ծիրանը երկար չի պահպանվում:
Հացիկի 250 հա բերքատու այգիներում հիմնականում Երևանի ու Սաթենի սորտերն են: Անբարենպաստ եղանակի պատճառով այգիներում այս տարի բերքը շուրջ 70 տոկոսով նվազել է, իսկ գինը՝ բարձրացել: Անցած տարի ծիրանն արտահանողներին վաճառել էին 300 դրամով: Սովորաբար մարզի բերքն արտահանվում է Ռուսաստան, իսկ այս տարի, բացի Վրաստանից, իրացման այլ ճանապարհ չկա: Գյուղացիները մտահոգված են բերքի իրացմամբ, ասում է Հացիկի վարչական ղեկավար Արթուր Եղիազարյանը:
«Մեր հաշվարկներով՝ անցած տարի արտահանվել է 4000 տոննա ծիրան, իսկ այս տարի արտադրվել է 800-1000 տոննա՝ անցած տարվա բերքի մոտ 30 տոկոսը: Բերքահավաքն արդեն ավարտել ենք, մնացել է քիչ քանակությամբ Սաթենի տեսակը: Արտահանվող ծիրանի 50 տոկոսից ավելին դեռ սառնարաններում է: Այս պահին չեմ կարող ասել, թե արտահանման վիճակն ինչպիսին է»:


Մինչ գյուղացիները դեռ փորձում են իրացնել ծիրանը, այգիներում աշխատանքը շարունակվում է: Պտղաբուծական գյուղում 250 հա ծիրանի այգիներից բացի կա նաև 500 հա դեղձի ու սալորի այգի, որոնց բերքահավաքը շուտով կսկսվի: Գրիգոր Կիրակոսյանը 3 հա այգի ունի, որից 2 հա-ն՝ ծիրան: Անցած տարվա 17 տոննայի փոխարեն ստացել է մոտ 4 տոննա ծիրան, որը պահեստավորել է սառնարանում:
«Շալախ տեսակն է: Էս տարի արտահանող չկար, դրել ենք սառնարանում: Արտահանողները, միգուցե, գային ու սառնարանից տանեին, բայց չեն գալիս: Հիմա ստիպված տանում ենք շուկա, ծախում: Հովտաշատի, Ծիածանի շուկաներում ենք վաճառում՝ 200-300 դրամով: Հիմա արդեն գներն իջել են»:
Ծիրանը երկար չի դիմանում սառնարանում, ասում է՝ մեկ ամսից կփչանա: Հացիկում գրեթե բոլոր պտղաբույծները սառնարաններ ունեն: Գրիգորն արդեն 1 տոննան վաճառել է՝ մի մասը շուկայում, մյուսից էլ չիր է պատրաստել: Արտահանողները գյուղացիներից երբեմն կանխիկ են գնել բերքը, երբեմն՝ իրացումից հետո վճարելու պայմանով: Զրուցակիցս բերքը հանձնել է արտահանողին, որի հետ աշխատում է տարիներ շարունակ և վստահում է նրան: 7 տոննայի փոխարեն այս տարի ստացել էր 2,5 տոննա ծիրան:


«Ամեն տարվա մեր բերքը տանողին ենք տվել, դրսից են գալիս: Վստահելով՝ ամեն տարվա պես աշխատել ենք: Հիմա տեսնենք, թե ոնց կլինի: Դե, անցած տարիներին տվել ենք, հաշվարկն արել է, գումարը վերցրել ենք: Այս տարի՝ դեռ չէ: 550 դրամով ենք տվել»:
Այդպես շատերն են արել ու սպասում են գումարը ստանալուն: Զրուցակիցս ասում է, որ եղել են տարիներ, երբ վաճառված բերքի դիմաց վճարումը ստացել են միայն հաջորդ տարի: Դա պայմանավորված էր ռուսական շուկայում ստեղծված իրավիճակով, երբ բերքը տեղ էին հասցրել, բայց չէին կարողացել իրացնել: Իսկ այս տարվա հանձնած բերքի դիմաց գումար կստանա՞ն, դեռ պարզ չէ, ասում է Գագիկ Կարախանյանը:
«Կոնկրետ ծիրանը, որը արտահանվում է, մարդիկ տվել են, տարել են: Հիմա թե որքանով իրատեսական կլինի դրա գումարը հետ ստանալ կամ չստանալ, ես չգիտեմ: Իմ եղբայրն է տվել, ոչ մեկին գումար չեն տվել: Տարել են 1 կգ-ը՝ 400, 500, 600 դրամով»:
Ֆերմերները մտահոգված են նաև մյուս բերքի իրացմամբ: Արդեն ժամանակն է հավաքելու սալորի վաղահաս սորտը, բայց գնորդ չկա:


«Էսօր արդեն ես փաստի առաջ եմ կանգնել ու իմ սալորը չեմ կարողանում ծախել: Անցած տարի 300 դրամով ծախեցի, քանի որ Ռուսաստան էին տանում, իսկ հիմա Ռուսաստան տանողները մի ընթացք հավաքեցին ու էլ չեն հավաքում, չեն ուզում: Ասում են՝ ճանապարհի հետ կապված խնդիր կա»:
Օգոստոսի առաջին տասնօրյակում կսկսվի վաղահաս դեղձի բերքահավաքը, սակայն ֆերմերները դեռ չգիտեն՝ արդյոք նոր բերքի համար գնորդ կլինի:




