ԿարևորՀասարակություն

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությանը։

«Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Նա մանրամասնել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել երկու միջնորդություն՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ քննարկվել է առաջին միջնորդությունը, այսինքն՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

«Այդ միջնորդության բավարարումն ունենք»,- նշել է Մարտիրոսյանը։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի հետ։

Դատախազությունն իր հերթին նշել էր, որ, ելնելով նախաքննության շահերից, չեն մեկնաբանում, թե ինչ վարույթի շրջանակներում է Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդություններ ներկայացրել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել էր հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորական մանդատները։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից պատգամավորական մանդատ է ստացել նաև Նարեկ Կարապետյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button