
Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Գագիկ Ծառուկյանը, որին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախություն և փողերի լվացում կատարելու հոդվածներով, քրեական վարույթի շրջանակներում հուլիսի 21-ին և 22-ին գտնվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, որտեղ կատարվել են քննչական գործողություններ, «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Իրանի քաղաքացու հետ, որի ցուցմունքի հիման վրա էլ հարուցվել է քրեական վարույթը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին։
Երեմ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ առերեսումը սկսելուց առաջ վարույթը իրականացնող մարմինը որոշել է իրեն հեռացնել վարույթից՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան։ Այսինքն՝ այս վարույթի շրջանակներում Երեմ Սարգսյանը չի կարող լինել Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։ «Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումներից որոշակի հանդիպումների ես ևս ներկա եմ եղել Գագիկ Ծառուկյանի հետ: Իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և որպես վկա հարցաքննվել»,- ասել է Երեմ Սարգսյանը:
«Արմենպրես»-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթին Երեմ Սարգսյանի մասնակցության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել են համապատասխան դատավարական միջոցառումներ, արդյունքների վերաբերյալ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի:




