
Անի Օհանջանյան
Փարիզի Լուվրի թանգարանի Ապոլոնի պատկերասրահը անցած տարվա աղմկահարույց գողությունից հետո վերաբացվել է այցելուների համար։
Նախկինում այստեղ ցուցադրվող Ֆրանսիայի թագավորական զարդերն ու թանկարժեք քարերն այլևս չեն ցուցադրվի. դրանք տեղափոխվել են թանգարանի առավել պաշտպանված հատվածներ։
Լուվրի տնօրեն Քրիստոֆ Լերիբոն նշել է, որ պատկերասրահը կվերադառնա իր սկզբնական գաղափարին, որպես 17-րդ դարի արվեստի և ճարտարապետական ձևավորման ցուցադրության տարածք։
Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարը հայտարարել է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 19-ի գողությունը ծանր հարված էր համաշխարհային մշակութային ժառանգությանը։ Այն ցույց էր տվել, որ անվտանգության առումով խնդիրներ ունի նույնիսկ աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը։
Գողության օրը հանցագործները պատուհանով մտել էին Ապոլոնի պատկերասրահ և ութ րոպեում հափշտակել շուրջ 88 միլիոն եվրո արժողությամբ թանկարժեք զարդեր։
Դրանից հետո Լուվրում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները․ տեղադրվել են տեսահսկման և ներթափանցման դեմ պաշտպանական նոր համակարգեր։ Անվտանգության արդիականացումը «Louvre New Renaissance» տասնամյա ծրագրի մի մասն է, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2031 թվականը 800 միլիոն եվրոյի ներդրում՝ թանգարանի ենթակառուցվածքների արդիականացման, այցելուների հոսքի բարելավման և աշխարհահռչակ «Մոնա Լիզայի» համար առանձին ցուցասրահ ստեղծելու նպատակով։




