Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

«Արտաքին միջամտություն» և «ատելության խոսք»․ ՍԴ–ում շարունակվում է 2026–ի ընտրությունները վիճարկելու վերաբերյալ քննությունը

ՍԴ–ում շարունակվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը։ Չորրորդ օրվա նիստին դատավարության կողմերին հարցեր են ուղղել դատավորները։ Նախորդ օրերին կողմերը արդեն ներկայացրել են խնդրի էությունը և հարցեր ուղղել միմյանց։ ՍԴ հայցվորները յոթ քաղաքական ուժերն են, պատասխանողը՝ ԿԸՀ–ն։ Որպես երրորդ կողմ գործի քննության մեջ ներգրավված է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Օրենսդրական ժամանակացույցով՝ դատարանը պետք է վերջնական որոշում ընդունի բողոքարկման դիմումի մուտքագրումից հետո՝ 15–օրյա ժամկետում։ Ըստ այդմ՝ ՍԴ վճռի վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող կողմերին հարց տալու հերթը հասավ ՍԴ դատավորներին։ Նրանք փորձել են հասկանալ, թե այս կամ այն տեսակի խախտումը ինչ էական ազդեցություն կարող էր ունեցած լինել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այս համատեքստում դիտարկվել է թե՛ ագրեսիվ խոսույթը, թե՛ օտար երկրների միջամտությունը։ Ընդ որում՝ դատավորների հարցերը դատավարության կողմերը փորձում էին կիրառել միմյանց դեմ հայելային քաղաքականությամբ։ Առաջին հերթին դա առնչվում է արտաքին միջամտության փորձերին և դրանց հետևանքներին, ինչի մասին հետաքրքրվեց դատավոր Սեդա Սաֆարյանը․

«Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից շատ ավելի առաջ ՌԴ նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ երեք ուժերին և չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա, և ինչո՞ւ այս գործոնը դուրս է մնացել դիմումի փաստարկներից»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատավորի այս հարցադրումը գնահատեց ոչ թե իրավական, այլ քաղաքական և խնդրեց դադարեցնել նույնացնել կուսակցությունները։

Նա կրկին բարձրացրեց դատավոր Սեդա Սաֆարյանի կողմնակալության և քննությունից նրան հեռացնելու հարցը։ Ամեն դեպքում դատավոր Սաֆարյանի հարցին պատասխանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Արտաքին միջամտության փորձերի մասին նա էր գրել դիմումի մեջ, բայց ոչ թե ՌԴ նախագահի և այլ պաշտոնյաների, այլ բոլորովին ուրիշ գործիչների նշելով․

«Դիմումի շրջանակներում վկայակոչել ենք ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահի կողմից արված հայտարարությունը, ԱՄՆ փոխնախագահի, ԱՄՆ պետքարտուղարի կողմից արված հայտարարությունները, որոնք ուղիղ, հասցեական եղել են Նիկոլ Փաշինյանին աջակցելու։ Սա արդյո՞ք մենք գնահատում ենք արտաքին ազդեցության տեսանկյունից ուղիղ միջամտություն, միանշանակ` այո»։

Ռուսաստանից հնչող հայտարարություններին ընդդիմադիրները գնահատական չտվեցին և ըստ էության չպատասխանեցին դատավորի հարցին։

Հարցերի մի մասն էլ առնչվում էր քաղաքական ուժերի ղեկավարների և ներկայացուցիչների խոսույթին։ Առնվազն քարոզչության և դրան նախորդող ժամանակահատվածում քաղաքական միավորների հռետորաբանությունը քննության առարկա դարձրեց ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը։ Նա ընդգծեց, որ հարցը ուղղված է բոլոր կողմերին։ Նա մեջբերեց նաև միջազգային դիտորդների գնահատականը․

«Եթե ավելի կոնկրետ բարձրաձայնեմ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությամբ գնահատականն այն է, որ քարոզարշավն աչքի է ընկել «պառակտող, սադրիչ հռետորաբանությամբ, և ընտրություններն անցկացվել են խիստ բևեռացված միջավայրում»։ Արդյո՞ք քաղաքական միավորների առաջնորդների ու ներկայացուցիչների հռետորաբանությունը կարող էր առնվազն լինել այնպիսին, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրողի ազատ կամահայտնության վրա և վերջնարդյունքում ազդեցություն գործել ընտրությունների վերջնարդյունքի վրա»։

Այս խնդիրը ՍԴ ուշադրության կենտրոնում է դեռ 2021 թվականից։ Այն ժամանակ էլ ընտրություններից հետո բարձր դատարանը արձանագրել էր, որ քաղաքական գործիչների շրջանում ցածր մշակութային և դատապարտելի արտահայտությունների գործածումը ցավալիորեն դարձել է քաղաքական խոսքի մշտական բաղադրիչ։

 

ՍԴ–ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը պնդեց, որ քաղաքական ուժերի խոսույթը չի ազդել ընտրողների կամարտահայտության և ընտրությունների արդյունքի վրա, քանի որ ընննտրողներին ուղղված չի եղել․

«Կարծում եմ, որ հատկապես ընտրողներին ուղղված որևիցե խոսք, որը անգամ այդ անթույլատրելիության սահմանները հատել է, այդպիսի խոսք չկա, որ մի հատ էլ դրա ազդեցությունից խոսենք»։

Մինչդեռ ընդդիմությունը պնդում է հակառակը։ Արամ Վարդևանյան․

«Այստեղ ամբողջ խնդիրը այն է, որ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից է ատելության խոսքը իրացվում։ Դրա վերաբերյալ ունենք իրավական փաստական տվյալ և այն, ինչ իրացվում է, այդ պահին էլ գործադիր իշխանության ղեկավարի լծակները ունենալու պայմաններում, դրա ազդեցության աստիճանը անհամադրելի է որևէ այլ ուժի կողմից նման բառամթերք, ծրագրերից նման կերպ շեղվելու իրավիճակի հետ»։

Այս համատեքստում կողմերը համեմատության մեջ են դնում «եթե մեզ չընտրեք, պատերազմ է լինելու» և «300 հազար ադրբեջանցի է գալու» հայտարարությունների ազդեցությունը ընտրողների վրա։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խորհուրդ է տալիս այս դեպքում տարբերակել ատելության խոսքը, քարոզը և կեղծ տեղեկատվությունը․

«Դեզինֆորմացիան ունակ է ահաբեկելու հանրությանը, որովհետև քաղաքացիները պարտավոր չեն անձամբ ստուգել այն բոլոր փաստերը, որոնք ներկայացվում են որպես փաստ ու նոր որոշեն հավատալ կամ չհավատալ որևէ երևույթի։ «Գալու են 300 հազար ադրբեջանցիներ» այս մասով կային ստեղծված արհեստական բանականության կողմից բազմաթիվ հոլովակներ` մարդկային տրամաբանությունից, բարոյականությունից դուրս, որոնք մատուցվում էին մեր քաղաքացիներին որպես հնարավոր իրողություն։ Գուցե և քարոզարշավի ընթացքում շատ քաղաքական ուժեր հատել են խոսքի ազատության թույլատրելի սահմանը։ Չնայած հիբրիդային սպառնալիքներին, քաղաքացիները հաղթահարել են սահմանադրական կարգին սպառնացող վտանգը և կատարել են իրենց ընտրությունը։ Մենք պնդում ենք, որ խոսքի ազատության հնարավոր խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա»։

Քաղաքական և իրավական լուրջ քննարկումների ժամանակ ՍԴ–ում տեղի ունեցան նաև զավեշտալի դեպքեր՝ ՍԴ փոխնախագահի և ԿԸՀ նախագահի թվաբանությունները տարբեր էին և խառնաշփոթ էին առաջացնում անճշտությունների գումարային չափը որոշելիս․

«– Անճշտությունների գումարային չափը պարզ մաթեմատիկական հաշվարկով կազմում է 920։

  • Չէ, չէ, չէ 936
  • Իմ մաթեմատիկայով 920 է, չգիտեմ։
  • Այդտեղ ինչ–որ շփոթմունք է։
  • Պարոն Հովակիմյան, այս տվյալները ՏԸՀ կայքից եմ վերցրել։ Լավ սկզբունքային չէ, ինչ է հարցս, չնայած կարող է սկզբունքային լինել»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը տեղեկացրեց, որ օրվա ավարտին ՍԴ կներկայացնի համալիր զեկույց, որում հարյուրավոր խախտումներ են ներկայացված ըստ տեղամասային կենտրոնների։ Կուսակցության գնահատմամբ՝ դրանք էական ազդեցություն կարող էին ունենալ հենց քվեարկության օրը։ Ըստ Մելոյանի՝ ՍԴ–ին ուղղված ընդհանուր դիմումում ներկայացրել են նախընտրական շրջանի բոլոր խնդիրները, իսկ պատրաստվող փաստաթուղթը առանձին արձանագրություն է կոնկրետ քվեարկության օրվան վերաբերող։

Back to top button