ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին. կհասցնի՞ գործող Քնեսեթը մինչև ընտրությունները քննարկել այն

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման  նախագծին՝ միաձայն հաստատելով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկը։ Տասնամյակներ շարունակ քաղաքական ու դիվանագիտական պատճառներով հետաձգվող հարցն առաջին անգամ ստացել է կառավարության պաշտոնական աջակցությունը։ Սակայն գործընթացը դեռ ավարտված չէ. նախագիծը պետք է ներկայացվի Իսրայելի խորհրդարան՝ Քնեսեթ, որի հավանության դեպքում միայն այն կարող է դառնալ Իսրայելի պետական քաղաքական դիրքորոշման մաս։ Ի՞նչ նշանակություն ունի կառավարության այս քայլը, ինչո՞ւ այն արվեց հենց հիմա, ինչպե՞ս արձագանքեց Թուրքիան, և ի՞նչ կարող է լինել դրանից հետո։

Իսրայելի կառավարությունը կիրակի օրվա նիստում  միաձայն հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։ Այսպիսով, տարիներ շարունակ քաղաքական տարբեր պատճառներով հետաձգվող նախաձեռնությունն առաջին անգամ ստացել է կառավարության լիակատար աջակցությունը։  Քվեարկությունից հետո Սաարը հայտարարել է.

«Երբեք ուշ չէ ճիշտ բան անելու համար։ Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, և որի պատմական փաստերն իսկապես անժխտելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»։

Նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որն ավելի վաղ հրապարակայնորեն հայտարարել էր, որ կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այժմ նախագիծը պետք է ներկայացվի Քնեսեթ, և միայն խորհրդարանի հավանության դեպքում կդառնա Իսրայելի պաշտոնական պետական դիրքորոշման մաս։

Քաղաքական համատեքստը

Ինչո՞ւ Իսրայելը հենց այս փուլում դիմեց նման որոշման, և ինչո՞վ է այն տարբերվում նախորդ նախաձեռնություններից․ արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է.

«Նախևառաջ այս որոշումը պայմանավորված է Իսրայել–Թուրքիա հարաբերությունների ծայրաստիճան լարվածությամբ՝ հիմնականում քաղաքական մակարդակում։ Երկրորդը՝ Իսրայելի ներքաղաքական խմորումներով, այդ թվում՝ նախընտրական գործընթացներով, և երրորդը՝ տարածաշրջանային իրավիճակով։ Այս երեք գործոնների համադրությամբ է պայմանավորված կառավարության որոշումը»։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելում նոր չէ։ Այն տարբեր տարիների քննարկվել է Քնեսեթում։ 2016 թվականին խորհրդարանի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը և կոչ արել կառավարությանը նույնն անելու, իսկ 2018-ին հարցը հասել էր նաև լիագումար նիստ։ Սակայն նախորդ նախաձեռնությունները քաղաքական պատճառներով չեն հանգեցրել պաշտոնական ճանաչման։

Ի՞նչ կարող է անել Քնեսեթը

Արմեն Պետրոսյանը մեծ չի համարում հավանականությունը, որ գործընթացն այս անգամ ավարտին հասցվի․

«Քանի որ Իսրայելը խորհրդարանական պետություն է, որոշումը համարվում է վերջնական միայն Քնեսեթի կողմից ընդունվելու և նախագահի կողմից ստորագրվելու դեպքում։ Այս պահին նման գործընթաց չկա։ Հաշվի առնելով նաև նախընտրական շրջանը՝ կարծում եմ՝ գործող Քնեսեթը չի հասցնի  բանաձև ընդունել, և այս գործընթացը կմնա միայն քաղաքական և քարոզչական մակարդակում՝ նաև որպես Թուրքիային ուղղված քաղաքական ազդակ»։

Այդուհանդերձ, Իսրայելի կառավարության որոշումը միջազգային քաղաքական   հարթակներում շարունակում է դիտվել որպես կարևոր գործընթաց։ Թել Ավիվի որոշմանը գրեթե անմիջապես արձագանքեց Թուրքիայի արտգործնախարարությունը՝ խստորեն քննադատելով Իսրայելի կառավարության քայլը․ Մեջբերում․

«1915 թվականի դեպքերի վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ՝ Իսրայելի կառավարությունը նպատակ ունի քողարկելու սեփական հանցագործությունները։ Իրավական և պատմական փաստերն անտեսող այս նախաձեռնությունը բացահայտում է այն ծանր իրավիճակը, որում հայտնվել են Բենիամին Նեթանյահուն և նրա կառավարությունը»։

Սա Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն էր։ Անկարան պնդում է, որ Իսրայելը պատմական հարցը փորձում է օգտագործել քաղաքական նպատակներով՝ այն կապելով Գազայի շուրջը ստեղծված իրավիճակի և միջազգային դատական գործընթացների հետ։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական առումով լուրջ ազդեցություն չի ունենա։

«Որովհետև Թուրքիան պնդում է, որ Իսրայելը պատասխանատու է Գազայում իրականացվող գործողությունների համար, որոնք որոշ շրջանակների կողմից բնորոշվում են որպես ցեղասպանություն։ Հիմա էլ Իսրայելը փորձում է Հայոց ցեղասպանության հարցը օգտագործել որպես քաղաքական հակազդեցություն»։

Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Թուրքիայում էլ  հասկանում են, որ այս գործընթացն ավարտին չի հասցվի․

«Դա է պատճառը, որ հռետորաբանական, քաղաքական մակարդակում որոշակի «փոխհրաձգություն» կլինի, ինչ-որ շրջափուլ, որից հետո կողմերը նորից  կվերադառնան իրենց թեմաներին։ Լուրջ բովանդակային ազդեցություն չի ունենալու, որովհետև ոչ թե այդ խնդիրն է հանգեցնելու հարաբերությունների սրմանը, այլ, հակառակը, հարաբերությունների սրման հետևանքով է այս որոշումն ընդունվել»։

Իսկ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը կասկածում է, որ Քնեսեթը կընդունի նախագիծը․

«Իհարկե, դրդապատճառը քաղաքական է, որովհետև Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները հիմա վատացել են։ Դա՝ մեկ։ Երկրորդը՝ մի քանի նման փորձ եղել է Իսրայելում, երբ էլի վատ են եղել հարաբերությունները, փորձ է արվել կրկին Իսրայելի տարբեր գործիչների կողմից այդ հարցը խորհրդարան մտցնել և հասցնել ավարտի, բայց չի եղել։ Այնպես որ, ես այս անգամ էլ 100 %-ով համոզված չեմ, որ խորհրդարանը դա կընդունի»։

Մինչև այս պահը պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Իսրայելի կառավարության որոշմանը։ Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ, սակայն շարունակում է մնալ պետական հիշողության և միջազգային օրակարգի մաս։

Կարդացեք նաև

Back to top button