
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը, անվտանգության մասնագետների կարծիքով, անվտանգային մի շարք խնդիրներ ու ռիսկեր է առաջացնում։ Կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փաթեթով նախատեսվում է Հայաստան ներկրվող բոլոր հեռախոսների նույնականացման կոդերը գրանցել մեկ ընդհանուր շտեմարանում և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Հիմնավորումը սև շուկայի դեմ պայքարն է։ Մասնագետները մինչդեռ պնդում են՝ այդպիսով պետությունը հնարավորություն է ստանում վերահսկելու քաղաքացու տեղաշարժն ու նրա անձնական տվյալները հեռախոսի միջոցով։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը արձագանքել է քննադատություններին և փորձագետներին հրավիրել քննարկման։ Օրինագիծը ԱԺ կհասնի սեպտեմբերին։
Ձեր հեռախոսը, անգամ եթե վերջին սերնդի iPhone 17 Pro Max-է, ընկույզի կոտրիչ կդառնա, եթե չգրանցեք համապատասխան շտեմարանում և տուրք չվճարեք։ Վարչապետն այս համեմատությամբ է ներկայացրել կառավարության հավանությունը ստացած օրենսդրական նոր կարգավորումը, որն առնչվում է հեռախոսների ներմուծման սև շուկային․
«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, մենք ինչ անում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք, կատաղում ենք, ներվայնանում ենք, բայց էդ շուկան ուղղակի մեղմ ժպտում է և շարունակում է իր գործը»։
Որ հեռախոսների ստվերային շուկան էլ «չժպտա» կառավարությանը, ԲՏԱ նախարարությունն առաջարկում է ընդունել օրինագիծ, որը թույլ կտա Հայաստան ներկրվող բոլոր հեռախոսների նույնականացման IMEI կոդերը գրանցել մեկ շտեմարանում և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանել․
«Եթե ֆիզիկական անձը՝ քաղաքացին, արտերկրից բջջային հեռախոս պետք է ներմուծի Հայաստան, և օրացուցային տվյալ տարում կամ նախորդ տարում է արտադրված այդ բջջային հեռախոսը, ապա քաղաքացին գրանցման համար պետք է վճարի 3․000 դրամ պետական տուրք։ Եթե ավելի հին հեռախոս է, ապա պետք է գրանցի, և դրա համար որևէ տուրք չի նախատեսվում։ 2-րդ, 3-րդ, 4-րդ և հնարավոր հետագա բոլոր հեռախոսների ներմուծման պարագայում ֆիզիկական անձը տվյալ տարվա 365 օրվա ընթացքում 2026–ին արտադրված հեռախոսի համար պետք է վճարի 100 հզր դրամ տուրք, 2025 թվականի համար` 200 հզր դրամ տուրք»։
Շարժական բջջային կապի բոլոր օպերատորները ծառայություն մատուցելուց՝ sim կամ esim քարտը բջջային հեռախոսում ակտիվացնելուց առաջ պետք է ստուգեն՝ արդյոք հեռախոսը գրանցված է IMEI կոդերի վերահսկողության շտեմարանում։ Առանց գրանցման հեռախոսն օգտագործելու դեպքում այն կարգելափակվի ու կդառնա օգտագործման համար անպիտան։ Նիկոլ Փաշինյանն այս կարգավորումն ամբողջությամբ գործարկելու ժամկետ է նախանշում 2027 թվականի հունվարի 1–ը․
«Հիմնական խնդիրը հետևյալն է` բջջային հեռախոսը միացվեց, մինչև ինքը չի հավաստիացվում, որ ինքը օրինական ճանապարհով է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն, այսինքն` պետության հետ հարաբերություններում ինքը չի արձանագրել, չի հայտնվում կանաչ գոտում, էդ հեռախոսը Հայաստանի Հանրապետությունում պետք է չաշխատի»։
Նույնականացման կոդերի շտեմարանը կառավարելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, սպասարկելու է բջջային կապի օպերատորներից ձևավորված ադմինիստրատորը, կառավարությունը վճարելու է սպասարկման համար։
Պետությունն այս նախագծով ցանկանում է ամբողջական վերահսկողություն սահմանել քաղաքացիների հեռախոսների նկատմամբ․տեղեկատվության անվտանգության մասնագետները մեկ նախադասությամբ այսպես են արձագանքել քննարկվող օրինագծին։ Առաջին խնդիրը, որ արձանագրել է տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը, այն է, որ ստեղծվելիք հսկայական շտեմարանով, որում հավաքվելու են քաղաքացիների հեռախոսի կոդերը (IMEI) և բոլոր SIM/eSIM քարտերի տվյալները, պետությունը փաստացիորեն կարողանալու է ցանկացած պահի տեսնել, թե ով որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում։ Բացի դրանից՝ եթե 2,5 մլն օգտատիրոջ տվյալ պարունակող բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատելու բոլոր գրանցված հեռախոսների կապը՝ գրել է փորձագետը․
«Նախագծում կա վտանգավոր մի կետ՝ ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որ հավաքվում են «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով»։
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս պահին առնվազն պարզ չեն անձնական տվյալների օգտագործման վերահսկողության մեխանիզմները․
«Այստեղ փաստացի գործ ունենք անհամաչափ տվյալների հավաքագրման հետ, որը անվերահսկելի է, վերահսկողության մեխանիզմը ես առնվազն չեմ տեսնում։ Ինչ-որ մի քանի հազար հեռախոս շուկայից հանելու, այսպես որոնք «սև ձևով» են հասել, ինչ է, թե մեկը Դուբայից երեք հատ հեռախոս է բերել, վաճառել, արդյոք այս խնդիրը լուծելու համար արժե՞ բոլորին հերթական ինչ-որ գերվերահսկողության համակարգի տակ գցել»։
Վերջին երկիրը, որ բջջային հեռախոսների վերահսկողության այդպիսի մեխանիզմ է ներդրել, Ռուսաստանն է։ Այս եղանակով են պայքարում հեռախոսների սև շուկայի դեմ Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Ուզբեկստանը, Ղազախսանը, Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ։ Սրան հակառակ՝ Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնությունում նման խնդիրները լուծվում են մաքսային վերահսկողության, GSMA միջազգային համակարգի, բջջային օպերատորների և իրավապահ մարմինների գործակցության, ինչպես նաև IMEI-ի կեղծման համար քրեական պատասխանատվության միջոցով։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր բջջային սարքի պարտադիր պետական գրանցումը Եվրոպական միությունում գերակշռող մոտեցում չէ՝ ընդգծում են մասնագետները։ Նրանց դիտարկմամբ՝ ներկայացված օրինագիծն իր կարգավորման ճարտարապետությամբ ավելի մոտ է ԵԱՏՄ երկրներում ձևավորված մոտեցմանը, սակայն այս մասին չկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որևէ պարտադիր որոշում։ Հետևաբար խոսքը ոչ թե ԵԱՏՄ իրավական պարտավորության, այլ Հայաստանի կողմից ընտրված կարգավորման մոդելի մասին է։
Թեև կառավարությունն արդեն ընդունել է որոշումը, խորհրդարանն այն կքննարկի սեպտեմբերին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մինչև այդ արձագանքել է քննադատություններին և փորձագետներին հրավիրել քննարկման ԱԺ ոլորտային հանձնաժողովում։




