
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը վառելիքի ներքին շուկայում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես «ոչ պարզ, բայց վերահսկելի», իսկ պակասը՝ «առանձին շրջաններում եւ առանձին բենզալցակայաններում պարբերաբար առաջացող լոգիստիկ խնդիրներ»։
Նրա խոսքով՝ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում պակասի դեմ պայքարելու համար, այդ թվում`բենզինի եւ ավիակերոսինի արտահանման ամբողջական արգելքին զուգահեռ քննարկվում է նաեւ «դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքը»։
Ռուսաստանը նաեւ նախատեսում է վառելիք ներկրել Բելառուսից։
Բենզինի վաճառքի սահմանափձակումներ են մտցվել անգամ երկրի «վառելիքային» մարզերում` Իրկուտսկում, Օմսկում եւ Նովոսիբիրսկում։
Խնդիրը նախօրեին քննարկվել է նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ։
Պուտինը վառելիքի շուկայում ստեղված իրավիճակը բացատրել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի թիկունքային շրջաններին ավելի հաճախակի հասցվող հարվածներով։ Ըստ նրա` Կիեւն փորձում է այդպես «փոխհատուցել ռազմաճակատում իր համար իրավիճակի վատացումը եւ ամրապնդել դիրքերը բանակցություններում»։ Նրա խոսքով՝ Կիեւի «ահաբեկչական դրսեւորումները» չեն ազդի ռազմաճակատում իրավիճակի վրա։
Ուկրաինան ավելի ու ավելի հաճախ է հարվածներ հասցնում Ռուսաստանի թիկունքում գտնվող արդյունաբերական ձեռնարկություններին եւ նավթավերամշակման գործարաններին։
Reuters-ի տվյալներով՝ հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում այդ հարձակումների հետեւանքով երկրում բենզինի արտադրությունը կրճատվել է մոտ 25 տոկոսով՝ 2025 թվականի հունիսի միջին օրական ցուցանիշի համեմատ։




