Հասարակություն

Ինտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալները

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները երկկողմ համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում են երկու երկրների տարածքներով կոմերցիոն հիմունքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում։ Ըստ «Տելեկոմ Արմենիա»-ի հաղորդագրության՝ ընկերությունը այդ համաձայնագրով ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով սեփական ենթակառուցվածքներով տարանցումը դեպի Ադրբեջան։

Այս համաձայնագիրը «Տելեկոմ Արմենիա» ընկերության բաժանորդների շրջանում Ադրբեջանի հնարավոր ուղիղ վերահսկողության տակ լինելու կամ տվյալների արտահոսքի վերաբերյալ մտահոգությունների տեղիք է տվել։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ գրեթե անհնար է նման սցենարը․

«Ստորագրվել է պայմանագիր, որը թույլ է տալիս հայաստանյան և ադրբեջանական ինտերնետ օպերատորների որոշակի տրանզիտային փոխարկումներ իրականացնել։ Այսինքն, օրինակ, Նախիջևանին, որքան հասկանում եմ, այդ մասին է խոսքը, տրամադրվելու է կապուղի Հայաստանի տարածքով և հակառակը` հայաստանյան ընկերությանը՝ «Թիմին» տրամադրվելու է կապուղի, եթե կարիք լինի Ադրբեջանի տարածքով կապուղով տվյալները փոխարկվելու են հատուկ տեխնոլոգիայով, որը կոմպրես է արված, արագացված լուսային տեխնոլոգիա է, որը անմիջականորեն ինտերնետ տրաֆիկ չէ, այսինքն` ինքը պիտի ծայրում ապակոդավորվի։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ հայաստանյան և ադրբեջանական օպերատորների միջև ստեղծվելու է ինչ-որ կետերում ֆիզիկական կապ։ Դա չի նշանակում, որ ադրբեջանական օպերատորը մուտք է ստանում հայաստանյան ցանց և դա չի նշանակում, որ հայաստանյան օպերատորը մուտք է ստանում ադրբեջանական ցանց։ Իհարկե, եթե էդ միացման կետերում կիբեռանվտանգության խնդիրները ճիշտ չլուծվեն, եթե մեկը շատ ուզենա դրանից ինչ֊որ խնդիրներ ստեղծել, դա հնարավոր է, էդ մտահոգությունները տեղ ունենան, բայց սա որևէ կերպ չի նշանակում, որ ավտոմատ կերպով այն, ինչ հայաստանյան օգտատերերը միջին վիճակագրական համակարգում բացում է դա, հասանելի լինում ադրբեջանական օպերատորին և հակառակը»։

Արթուր Պապյանի գնահատմամբ՝ անհիմն են թե՛ այն մտահոգությունները, որ ադրբեջանցիները վերահսկողություն կստանան հայկական կապուղիների և տվյալների բազաների նկատմամբ, թե՛ այն պնդումները, որ Ադրբեջանը կախված կլինի Հայաստանից․

«Ադրբեջանում  ինտերնետի հիմնական մատակարարը, հիմնական ինտերնետային ուղղությունները, հոսքերը գալիս են էլի Վրաստանի տարածքից, նույն տեղից, որտեղից մեզ են գալիս։ Այսինքն, եթե մենք խոսում ենք կախվածության մասին, շատ ավելի կարևոր է մտահոգվել կամ խոսել վրացական ուղղության մասին և ավելի կարևոր է խոսել, օրինակ` իրանական ուղղության մասին»։

«Ռադիոլուր»-ն առաջիկայում ավելի մանրամասնորեն կներկայացնի ստորագրված համաձայնագրի էությունն ու դրանից բխող ընթացակարգերը։

Կարդացեք նաև

Back to top button