Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այսօր խորհրդարանում ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը, թվարկել է այն հաջողությունները, որոնց կառավարությունը հասել է բյուջետային ցուցանիշների, կառավարման համակարգի արդիականացման, հարկային վարչարարության, երկարաժամկետ ծրագրավորման, պետական գույքի կառավարման, պետական վերահսկողության, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության ոլորտներում։
«Ամփոփելով 2025 թվականի բյուջեի կատարման զեկույցս` կարող եմ վստահությամբ արձանագրել, որ գրանցել ենք նշանակալի առաջընթաց, փայլուն արդյունքներ և հասել որակական նոր մակարդակի։ Այս ընթացքում, նորից եմ կրկնում, կրկնապատկվել է 1 անձի հաշվով ՀՆԱ-ն, ընդլայնվել են հնարավորությունները և ամրապնդվել զարգացման հիմքերը»,- ասել է նա։
Ապա նախարարը նշել է միջազգային փորձի մասին, որը ցույց է տալիս, որ, զարգացման որոշակի շեմ հաղթահարելուց հետո, պետությունները հայտնվում են «միջին եկամտի թակարում», երբ աղքատությունը հաղթահարած երկրներում դանդաղում է աճը, իսկ զարգացումը դառնում շատ բարդ։
«Այս թակարդում չհայտնվելու համար մեզ անհրաժեշտ է պահպանել ձեռք բերածը և առաջիկայում կենտրոնանալ 3 հիմնական ուղղությունների վրա` կրթություն և մարդկային կապիտալի զարգացում, միջազգայնորեն մրցունակ տեխնոլոգիական և նորարարական միջավայրի ապահովում, արդյունավետ պետական կառավարում, որը խրախուսում է ձեռներեցությունը և ներդրումները»,- ասել է նախարարը։




