Ընտրություններ 2026ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԿԸՀ-ն հաստատել է 9-րդ գումարման ԱԺ-ի կազմը․ ընդդիմադիր ուժերը կդիմեն Սահմանադրական դատարան

Քվեարկությունից մեկ շաբաթ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց 9-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» 64 մանդատով, «Ուժեղ Հայաստանը» 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով: ԿԸՀ–ն պարզաբանել է նաև հարցը, թե ինչու է որոշել վերաքվեարկություն չնշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության  արդյունքներն անվավեր էին ճանաչվել։ Որոշումը քաղաքական և իրավական վեճերի առիթ է դարձել․ ընդդիմադիր ուժերն այն համարում են ապօրինի, ԿԸՀ-ն պնդում է, որ վերաքվեարկությունն այս դեպքում կարող էր ավելի մեծ ազդեցություն ունենալ ընտրողների ազատ կամարտահայտության վրա, քան արձանագրված խախտումները։

Հունիսի 14-ի ուշ երեկոյան մեկնարկած և շուրջ 4 ժամ տևած նիստում ԿԸՀ հրապարակեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրության վերջնական արդյունքները։ Ըստ այդմ՝ оգոստոսի 2-ին 9-րդ գումարման խորհրդարանը կգումարի առաջին նիստը հետևյալ կազմով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությաւն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներ։

ԿԸՀ որոշմամբ՝ ԱԺ մանդատները, ներառյալ ազգային փոքրամասնություններին տրվողները, կբաշխվեն հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» ՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» ՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ:

ԿԸՀ մեկ այլ որոշման հետևանքով էլ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց հաղթահարել 4 տոկոսի շեմը։ ԿԸՀ–ն որոշեց վերաքվեարկություն չնշանակել այն երեք ընտրատեղամասերում, որոնցում քվեարկության արդյունքներն անվավեր էր ճանաչել։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը մեջբերեց Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը։ Այն սահմանում է, որ  եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ԿԸՀ-ն որոշում է ընդունում առանձին ընտրատեղամաերում վերաքվեարկություն անցկացնելու մասին։

«ԿԸՀ-ն գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա»։

ԿԸՀ նախագահը բացատրել է, թե ինչու 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվել։

Վահագն Հովակիմյանի խոսքով՝  եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչում, դա դեռ չի նշանակում, որ պարտադիր պետք է վերաքվեարկություն անցկացվի։ Որոշում կայացնելիս պետք է ընտրվի այնպիսի լուծում, որը տվյալ իրավիճակում անհրաժեշտ և արդարացված է, և որի հետևանքները չեն լինի ավելի լուրջ, քան այն խախտումը, որը պետք է շտկվեչ։

Մասնակի վերաքվեարկության դեպքում, ըստ Հովակիմյանի, առաջանում է հետևյալ խնդիրը՝ հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, ձայների ինչ տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող էր ձևավորվել ոչ թե սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս ռիսկը սովորաբար բնութագրվում է որպես տակտիկական քվեարկություն։

Հովակիմյանը հիշեցրել է նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ըստ որի՝ մասնակի վերաքվեարկությունը միշտ չէ, որ արդարացված լուծում է։

Այս հիմնավորումները համոզիչ չեն ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։

Վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումն ամբողջությամբ ապօրինի է և պետք է փոխվի Սահմանադրական դատարանի կողմից՝ կարծում է  «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

«Այսօրվա հայտարարությունն ուղղակի ես համարում եմ համարժեք նրան, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուղղակի հայտարարել է, որ օրենքը սխալ է, հետևաբար՝ իրենք օրենքին չեն հետևում: Հանձնաժողովը հայտարարել է, որ այ, քանի որ ընտրողների 99 և քանի տոկոսն արդեն արտահայտել է իր կամքը (քվեն), և այդ երեք տեղամասերում վերաքվեարկության դեպքում այդ տեղամասերի ընտրողները գիտեն, թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները, ընդհանուր առմամբ տեղի կունենա տակտիկական քվեարկություն (tactical voting): Այսինքն՝ ընտրողները կքվեարկեն հաճախ ոչ այնպես, ինչպես իրենց քաղաքական նախասիրություններն են, այլ զուտ որպեսզի այս կամ այն արդյունքները լինեն համապետական մակարդակում: Թարգմանելով հայերենի՝ մոտավորապես հետևյալն է, որ բոլոր ընդդիմադիր ընտրողները կքվեարկեին այստեղ «Բարգավաճ Հայաստանին», քանի որ «Բարգավաճ Հայաստանի» ընտրվել-չընտրվելը նաև այդտեղից՝ այդ տեղամասերում է ըստ էության որոշվելու, և մնացած ամեն ինչ արդեն որոշված է, և ընտրողները դա գիտեն»:

Իոաննիսյանի կարծիքով՝ այս մոտեցման մեջ խնդրահարույց երկու կետ կա։ Առաջինը՝ ԿԸՀ նախագահի հայտարարությունը, նրա գնահատմամբ, մանիպուլյատիվ է, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն իսկ հավաքել էր անհրաժեշտ թվով ձայներ՝ ընտրական շեմը հաղթահարելու համար։ Սակայն առավել կարևոր խնդիրը, ըստ Իոաննիսյանի,  այն է, որ տակտիկական քվեարկությունը վերաքվեարկության դեպքում հնարավոր է ցանկացած պարագայում՝ հատկապես, երբ այն անցկացվում է առանձին ընտրատեղամասերում։

Հունիսի 7-ից  հետո ԲԿՀ-ն և ընդդիմադիր մյուս ուժերը դիմել էին ԿԸՀ՝ շուրջ 6 հարյուր ընտրատեղամասերումում վերահաշվարկ կատարելու պահանջով։ «Բարգավաճ Հայաստան»-ում համոզված էին, որ վերահաշվարկի արդյունքում  կվերականգնի այն մի քանի տասնյակ ձայնը, որը պակասում էր 4 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար։

ԲՀԿ ներկայացուցիչ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը կարծում է՝ ԿԸՀ-ն ուղղորդվել է և կայացրել գործադիրին, այսպես ասենք, հաճելի որոշումներ։

«Գործընթացի միակ նպատակը թույլ չտալն էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հայտնվի խորհրդարանում։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք սարսափած եք հավաքական ընդդիմության գաղափարից, որովհետև ձերը պառակտելն է, ձերը սև ու սպիտակի տարանջատումն է, ձերը մարդկանց մեջ ատելություն ու թշնամանք սերմանելն է»։

ԿԸՀ որոշումից հետո հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակած 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան»-ը , «Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ը և «Ազգային ժողովրդական բևեռ»-ը, հայտարարություն տարածեցին։ Մեջբերում․

«Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։»:

ԿԸՀ–ի նիստում, հակադարձելով ընդդիմադիրներին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց․

«Ընտրությունների ժամանակ ինստիտուտները լիարժեք ապահովել են ՀՀ քաղաքացիների կողմից իրենց ընտրական իրավունքի իրացումը։ Քաղաքացիները լիարժեք իրացրել են իրենց ընտրական իրավունքը: Թե՛ տեղական, թե՛ միջազգային դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների կազմակերպչական գործընթացը։ Արջանագրել են, որ ընտրությունները եղել են բաց և մրցակցային։ Միաժամանակ արձանագրել են, որ եղել է ապօրինի միջամտություն, այդ թվում ընտրակաշառքների ձևով։ Եվ, եթե այս պետությունում ընտրական պրոցեսում  որևէ բան եղել է համատարած, գործընկերները խոսում էին համատարած խախտումների մասին , ապա միակ համատարած բանը, որ արձանագրվել է այս ընտրությունների ընթացքում, դա մասսայական ընտրակաշառքի բաժանումն է»։

Ընտրակաշառքի  ու դրա հնարավոր հետևանքների թեմային անդրադարձել է  նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառիս բուն իմաստով ունեզրկելը: Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել: Սա է քաղաքական օրակարգը և այս առումով հեղափոխությունը չի կարող լինել թավշյա։ Լավ եղե՛ք»:

Ընդդիմադիր ուժերից մի քանիսը պատրաստվում են ՍԴ-ում վիճարկել թե՛ ԿԸՀ-ի որոշումները, թե՛ ԱԺ ընտրության արդյունքները։

Back to top button