
Վաշինգտոնն ու Թեհրանը տեղեկացնում են, որ ավարտել են փոխըմբռնման հուշագրի նախապատրաստումը, որի ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վստահեցրել է, որ փաստաթուղթը ենթադրում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ իսրայելական բանակը կմնա Լիբանանում և կշարունակի պայքարը «Հեզբոլլահ»–ի դեմ, եթե նույնիսկ ԱՄՆ–ն ու Իրանը հակամարտության կարգավորման համաձայնագիր ստորագրեն։
ՀՀ վարչապետը X-ի իր էջում ողջունել է խաղաղության համաձայնագիրը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց միջնորդական ջանքերը։ Նա հույս է հայտնել, որ համաձայնությունը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար։
«Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները: Թող նավթը հոսի»,—սոցիալական ցանցերում գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նկատի ունենալով գործարքը Իրանի հետ։ Նա վստահեցրել է, որ այն կվերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը, որտեղով տեղափոխվում է համաշխարհային նավթի մոտ 20 %-ը։
Դոնալդ Թրամփն այժմ մեկնել է Ֆրանսիական Ալպեր՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին։ Այստեղ նա հանդիպելու է համաշխարհային առաջնորդների հետ և ներկայացնելու համաձայնագրի մանրամասները։ Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը վերջ կդնի ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմին։
Գործարքի մասին առաջինը հայտարարեց Պակիստանը։ Այդ երկրի վարչապետ Շեհբազ Շարիֆը տեղեկացրել է, որ երկու կողմերը պատրաստ են անհապաղ և վերջնականապես դադարեցնելու ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
AP գործակալությունը գրում է, որ Միացյալ Նահանգները և Իրանը նախնական համաձայնության են հանգել Հորմուզի նեղուցը բացելու և հրադադարը երկարաձգելու հարցում։
Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։ Իրանը պարզաբանում է, որ համաձայնագրի իրականացումը չի սկսվի, մինչև այն չստորագրվի, Ըստ գլխավոր միջնորդ Պակիստանի՝ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին էլ ասել է, որ Հորմուզի նեղուցը Իրանը փակ կպահի մինչև համաձայնագրի պաշտոնական ստորագրումը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնագրի կապակցությամբ դիմել է իրանցիներին․
«Ես լիովին վստահ եմ, որ կարող ենք արագ կերպով Իրանը դուրս բերել այս ճգնաժամից։ Ոչ ոք չի ասում, թե մենք ուզում ենք հաշտվել Ամերիկայի հետ։ Մենք մեր սեփական գործը կանենք։ Ի՞նչ կարիք կա գնալու և հակամարտություններ սկսելու։ Ի վերջո, երկրում պետք է լինի մեկը, որն ունի առաջին և վերջին խոսքը ասելու իրավունք։ Սա այն բանն է, որին հավատում եմ»։
Իրանի կառավարությունը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հետ հրադադարի նոր համաձայնագրի շուրջ յուրաքանրյուր պառակտում երկրում կթուլացնի Թեհրանի բանակցային դիրքերը:
Իրանի նախագահը ազգային միասնության կոչ է արել և ամոթալի որակել այն վարքագիծը, երբ դավաճան են կոչում բանակցողներին։
Համաձայնագրի հարցում անհասկանալի է մնում Իսրայելի դիրքորոշումը։ Միջազգային մամուլը գրում է, որ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ իսրայելական բանակը կմնա Լիբանանում և կշարունակի պայքարը «Հեզբոլլահ»–ի դեմ, անգամ եթե ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվի։
Առայժմ ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ էլ Թեհրանը չեն հրապարակում վերջնական համաձայնագիրը և չեն բացահայտում շատ մանրամասներ։
Միջազգային մամուլը նկատում է, որ մոտ 15 շաբաթ տևած հակամարտությունը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդ է բանակցություններում, հայտարարել է, որ այս շաբաթ կլինեն նախապատրաստական քննարկումներ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 60-օրյա տեխնիկական բանակցությունների հիմքը դնելու համար։
«Ուզում եմ շնորհավորել ԱՄՆ նախագահ Թրամփին, Իրանի գերագույն առաջնորդ Սայիդ Մոջթաբա Խամենեիին, իմ ընկերոջը և եղբորը՝ Իրանի նախագահ Փեզեշքիանին և բանակցային թիմի բոլոր անդամներին, որոնք այս դժվարին իրավիճակում մասնակցեցին այս խաղաղության ջանքերին և չկորցրին իրենց իմաստությունն ու հասկացողությունը և իրականացրին սա։ Այս հիանալի օրը օրհնված էր ոչ միայն Պակիստանի, այլև ամբողջ աշխարհի համար»։
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը արդեն ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև Հորմուզի նեղուցը բացելու և Իրանի պատերազմում հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնագիրը:
«Դա շատ ողջունելի է, մատները խաչած ենք պահում, որ այն նաև նախաստորագրվի ուրբաթ օրը, քանի որ բոլորին անհրաժեշտ է, որ Հորմուզի նեղուցը բացվի և իրականում այս պատերազմը դադարեցվի: Այնպես որ, դա շատ ողջունելի է, և մենք հույս ունենք, որ այն կիրականանա»:
AP–ն նկատում է, որ Թրամփը և իրանցի պաշտոնյաները օրեր շարունակ ասում էին, որ առաջընթաց են գրանցում համաձայնագրի հասնելու ուղղությամբ, բայց նույնիսկ կիրակի օրը իրավիճակը անկայուն էր Իսրայելի և «Հեզբոլլահ»–ի զինյալների միջև՝ Լիբանանում նոր հարվածների պատճառով։




