ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Գնաճի արագացում և դրամավարկային զսպող դիրքի պահպանում․ ֆիննախը ներկայացրել է տնտեսական ցուցանիշները Հայաստանում

2025 թվականին ՀՀ հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժի բարձրացմանը: Հաշվետու շրջանում հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող, չեզոքին մոտ` խորհրդարանական հանձնաժողովում հատնել է  ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 2025 թվականին աճել են կապիտալ ծախսերը՝ հասնելով ՀՆԱ-ում 6,2 %-ի: Ծախսերը հիմնականում ուղղված են եղել մարդկային կապիտալի, անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը: Անդրադառնալով ՀՆԱ-ի համեմատությամբ պարտքի նվազմանը՝ զեկուցողը նշել է, որ այն կազմում է 47,3 %՝ 2024 թվականի 48 %–ի համեմատ:

Տնտեսական աճի կայուն տեմպեր ԱՄՆ–ում ու Չինաստանում,  դանդաղում եվրագոտում, տնտեսական աճի անկում ՌԴ–ում։ Ֆինանսների նախարարությունում ամփոփում են այս տարվա առաջին եռամսյակի համաշխարհային տնտեսական միտումները։  Գնաճն արագանում է ամբողջ աշխարհում։ ԵԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է, գնաճի հետ կապված ռիսկեր կան ամբողջ աշխարհում։ Եվրոպական կենտրոնական բանկը, հունիսյան նիստի արդյունքներով, 25 տոկոսային կետով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքները։ Որոշումը լիովին համընկել է վերլուծաբանների և ֆինանսական շուկաների սպասումներին։ Սա ԵԿԲ-ի կողմից տոկոսադրույքների առաջին բարձրացումն է՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր․

«Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը լրացուցիչ գնաճային ճնշում է ստեղծում։ Մերձավոր Արևելքի պատերազմը նպաստում է գնաճի ցուցանիշի աճին, և տոկոսադրույքների բարձրացման որոշումը լիովին համապատասխանում է այն տարբեր սցենարներին, որոնցով այս շոկը կարող է ազդել եվրագոտու միջնաժամկետ կանխատեսումների վրա»։

Հայաստանի տնտեսության վրա ազդեցության թվային տվյալներ դեռ չկան։ Հստակ է,  որ գնաճն անհանգստացնող է ամբողջ աշխարհում, ասում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․

«Գնաճի արագացում և դրամավարկային զսպող դիրքի պահպանում ունենք ։ Գնաճը մայիսին ԱՄՆ–ում 4,2 % է։ Եվրագոտում` 3,2 %, Չինաստանում` 1,2 %։ Ռուսաստանի Դաշնությունում դանդաղել է` հասնելով 5,3 %–ի։ Հիմնական ապրանքների գները առաջին եռամսյակում աճել են։ Նավթի գինը աճել է 6,4 %–ով ՝ կազմելով 81 դոլար մեկ բարելի դիմաց, բայց մայիսին արդեն այն կազմում է 108 դոլար, այսինքն՝ 67,5 %–ով է աճել։ Պղնձի գինը աճել է 37,2 %–ով կազմելով 12․830 դոլար, բայց մայիսին արդեն կազմել է 13540 դոլար»։

Պարենի համաշխարհային շուկայում ևս գները բարձրացել են։ Դրանք աճում են մի քանի ամիս անընդմեջ։ ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ գնաճի պատճառը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունն է, որն ավելի է սրել համաշխարհային մատակարարումների հետ կապված խնդիրներն ու բարձրացրել պարարտանյութերի արժեքը։ Ըստ կազմակերպության պարենային գների ինդեքսի, որը հետևում է միջազգային շուկայում վաճառվող հիմնական ապրանքախմբերի զամբյուղին, թանկացել են հացահատիկը, բուսայուղն ու միսը, մինչդեռ կաթնամթերքի և շաքարավազի գները նվազել են։ Գնաճը հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական անորոշություններով՝ արձանագրում է փորձագետը։ Իսկ Հայաստանում սննդամթերքի գների աճը մի քանի գործոնով է պայմանավորված՝ ասում է տնտեսագետ Մերի Բոյաջյանը․

«Նախ՝ Հայաստանի տնտեսությունում պարենային ապրանքների ներմուծման ծավալը աճել է, ուստի համաշխարհային գների փոփոխությունները արագ ազդեցություն են ունենում Հայաստանի ներքին շուկայի վրա, զուգահեռ աճել են նաև գյուղատնտեսական արտադրության և լոգիստիկ ծախսերը»։

Արդեն մայիսին 12-ամսյա գնաճը գնահատվում էր 4 %–ի շրջակայքում։ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասում է, որ դա բարձր է նշված թիրախից․

«Մենք աշխարհից անմասն չենք կարող մնալ, աշխարհում ստեղծված գնաճային իրավիճակը բնականաբար ազդելու է նաև Հայաստանի վրա, ու Կենտրոնական բանկի հիմնական գործն այս պահի դրությամբ լինելու է հասկանալը, թե գնաճը, որ հիմա ունենք՝ 5,3 ու ավելի վերև է գնալու, պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով, ու կարելի է սպասել, որոշակի ազդակ չտալ, կամ եթե կան որոշակի պահանջարկի գործոններ, մենք պետք է որոշակի արձագանք ունենանք»։

Եռամսյակային տվյալներով՝ ցուցանիշներն ավելի հուսադրող են։ Առաջին եռամսյակում աճ արձանագրվել է ներմուծման ու արտահանման ցուցանիշներում։ Ցածր է կապիտալ ծախսերի կատարողականը։ Սա էլ բացատրություն ունի․ Պաշտպանության նախարարության որոշ կապիտալ ծախսեր առաջին եռամսյակում հետաձգվել են։ Բացի այդ՝ եղանակային պայմանների պատճառով էլ ճանապարհաշինական աշխատանքներն են հետաձգվել։

Կարդացեք նաև

Back to top button