ԿարևորՀասարակություն

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, կեղծ մեղադրանքներով Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։

Վերոնիկա Զոնաբենդն այդ մասին հայտարարություն է տարածել:

«2023 թ․ սեպտեմբերից իմ ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։

Ես սա գրում եմ որպես Ռուբեն Վարդանյանի կին, որպես մայր, որպես տատիկ և որպես մարդ, որն այլևս չի կարող լուռ սպասել՝ հետևելով տարբեր կառույցների բացատրություններին, թե ինչու չեն կարող գործել կամ ինչու չպետք է գործեն։

Խոսքը միայն Ռուբենի մասին չէ։

Եվս 18 հայ մնում է ադրբեջանական կալանքի տակ։ Նրանցից ոմանք վեց տարի չեն տեսել իրենց հարազատներին, նամակներ չեն ստացել, չեն լսել նրանց ձայնը կամ ձեռքում չեն պահել իրենց երեխաների ու թոռների լուսանկարները»,- ասված է հայտարարության մեջ։

Զոնաբենդը հավելել է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի փակվելուց ի վեր հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից: Միջազգային այն մեխանիզմները, որոնք նման իրավիճակներում պետք է պաշտպանեն մարդուն, գործնականում չեն աշխատում։

«Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։ Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսմեն տիկին Սաբինա Ալիևային և նրա գրասենյակին՝ խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։

Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն։

Ես հավատում եմ, որ կարող ենք մարդ մնալ միայն այն դեպքում, եթե թույլ չտանք, որ անտարբերությունը դառնա նորմ, սովորական երևույթ, եթե, նույնիսկ ամենածանր հանգամանքներում, շարունակենք պահպանել կարեկցանքը, սերը և գթասրտությունը»,- նշել է Վերոնիկա Զոնաբենդը։

Այս նախաձեռնությունը, ըստ նրա, քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։

«Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։

Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել: Նամակները հնարավոր է ուղարկել հետևյալ հասցեով՝ [email protected]: Subject հատվածում խնդրում ենք գրել Letter of Support — Armenian Detainees: Եթե նամակն ուղղված է կոնկրետ անձի, խնդրում ենք ավելացնել նրա անունը Subject հատվածում։

Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ»,- նշել է Վերոնիկա Զոնաբենդը։

Կարդացեք նաև

Back to top button