ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Աղվերան, Դիլիջան, բայց դեռ ոչ Երևան․ ինչպե՞ս և ինչի՞ համար են ՀՀ գալիս ադրբեջանցի պաշտոնյաները

Ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց, երբ հաստատվեց Հայաստանում կառավարող ուժի հաղթանակը, իշխանությունը հայտարարեց, որ շարունակելու է իր սկսած քաղաքական օրակարգի իրականացումը։ Դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանի հետ ուղիղ շփումներին և խաղաղության գործընթացին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ նախօրեին Հայաստան է այցելել Ադրբեջանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան։ Նախորդիվ Հայաստանում էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, որը ծնունդով Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանից է, իսկ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջին անգամ է այցելել Հայաստան։ Թեև պաշտոնական հաղորդագրությունը երկու կողմերում էլ նույն բովանդակությունն ուներ և բավական սեղմ էր, այդուհանդերձ, արդեն վերլուծաբաններին քննարկման նյութ է տվել։

Տարբեր հարցերով բանակցությունների համար Ադրբեջանից ժամանող բարձրաստիճան պաշտոնյաները դեռ, կարելի է ասել, Երևանում չեն հանդիպում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հունիսի 14-ի հանդիպումը, օրինակ, Դիլիջանում էր, իսկ ապրիլի 29-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի այցի համար ընտրվել էր Աղվերանը։

Երկու այցերի միջև առաջին ակնհայտ տարբերությունն այն է, որ Մուսթաֆաևի դեպքում հանդիպումը կազմակերպվել և անցկացվել էր խիստ գաղտնիության պայմաններում։ Հաջիևի այցը նույնպես նախապես չէր հրապարակայնացվել, սակայն, օրինակ, ադրբեջանցի պաշտոնյան հայ գործընկերների ուղեկցությամբ զբոսնել է Դիլիջանում։

Երկրորդ ուշագրավ հանգամանքը Հայաստան ժամանելու ճանապարհն է։ Շահին Մուսթաֆաևը Հայաստան էր եկել օդային ճանապարհով՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով, մինչդեռ Հիքմեթ Հաջիևը ընտրել էր Տավուշի մարզի Կիրանցի հատվածը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին սահմանազատված միակ հատվածն է։ Երկու դեպքում էլ Հայաստանի վարչապետի հետ հանդիպում չի եղել։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ Դիլիջանում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Սա Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին թույլ է տալիս ենթադրել, թե ինչ թեմաներ են եղել քննարկումների օրակարգում։

«Գիտենք, որ Հայաստան–Ադրբեջան համագործակցությունը, դելիմիտացիա–դեմարկացիայի հարցերը, հարաբերությունների կարգավորմանն ու ապաշրջափակմանը վերաբերող թեմաներով Հայաստանի կողմից զբաղվում է հենց Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից՝ Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի վարչակազմի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը։ Այստեղ նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունն այնքան կարևոր չէ։ Բոլորս հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը։ Հիմա պարզ է, որ մեր ընտրություններից հետո կողմերը վճռական են շարունակելու այն ծրագրերը, որոնք արդեն կային։ Համոզված եմ, որ խոսել են ապաշրջափակման, ԱՄՆ նախագահի կողմից առաջարկված TRIPP նախաձեռնության, ինչպես նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավոր շարունակության մասին։ Խոսել են նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև համագործակցության մասին, կարևորել են փոխվստահության ամրապնդումը։ Պատերազմն ընդամենը մի քանի տարի առաջ էր, և այդ վերքերը մեկ օրում չեն կարող բուժվել»։

Դիլիջանի հանդիպումից հետո կողմերը հրապարակեցին նույնաբովանդակ հաղորդագրություն, որի համաձայն՝ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր, ընդգծվել են երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերը։ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կարևորել են նաև հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումները։

Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը նպաստելու նպատակով ստեղծված խմբի անդամ Բորիս Նավասարդյանը հաջորդ շփումների համար արդեն մշակում է նոր առաջարկ, որը, իր ձևակերպմամբ, թելադրված է Հայաստանում ընտրությունների արդյունքներով և տարածաշրջանային նոր իրողություններով։ Նրա համոզմամբ, անկախ սահմանադրական հանրաքվեի անցկացումից, Ադրբեջանը շահագրգռված կլինի պահպանելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միտումը։ Այդ տրամաբանության մեջ է տեղավորվում նաև TRIPP-ը։ Միացյալ Նահանգների նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել էր, որ TRIPP-ը դիտարկում են որպես Միջին միջանցքի կարևոր մաս։

Հայտարարություններից բացի, Բորիս Նավասարդյանի համոզմամբ, անհրաժեշտ է մտածել նաև գործնական քայլերի մասին և չսահմանափակվել միայն TRIPP–ով․

«Ես կարծում եմ, որ պետք է ձևավորել մի քանի այլ խոշոր նախագծեր, ուղղություններ, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը ձեռք կբերեն փոխադարձ շահեր՝ տնտեսության, անվտանգության և զարգացման ոլորտներում։ Դրա մասին պետք է մտածել։ Ավելի կրեատիվ պետք է լինել նաև փաստաթղթային մասում։ Եթե սահմանադրական հանրաքվեի անցկացումը հետաձգվի կամ չկայանա, միգուցե Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լինի ձևավորել ինչ-որ փաստաթուղթ, որը թույլ կտա երկու երկրներին հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ անկախ նրանից՝ խաղաղության պայմանագիր կա, թե ոչ։ Առանց դիվանագիտական հարաբերությունների շատ դժվար է կազմակերպել նույնիսկ առևտուրը։ Մի խոսքով, այդ ուղղությամբ պետք է մտածել։ Ինձ մոտ դա դեռ «հում» գաղափար է, բայց կարծում եմ՝ այդ թեման կարող է օրակարգ մտնել, և գուցե գտնենք այնպիսի լուծում, որը հետո հնարավոր կլինի առաջարկել որոշում կայացնողներին»։

Քաղհասարակությունների ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են Ադրբեջանի տարածքում։ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։

Հաջիևի Հայաստան այցին և Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն անդրադառնալով՝ ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն նշել է, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացումը «բարդ» է, ուստի, նրա խոսքով, անհրաժեշտ է քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրման այլ  ուղիներ։ Շահինօղլուն նաև փոխանցել է իրեն հայտնի տեղեկություն, թե ԱՄՆ նախագահը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում խաղաղության հաստատման հարցում և առաջիկա շաբաթներին Վաշինգտոնում ընդունելու է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին։ Նման հանդիպման մասին պաշտոնապես ոչինչ դեռ չի հաղորդվել։

Թեև հայ-ադրբեջանական կարգավորման մեջ կողմերը պաշտոնապես միջնորդներ չեն ներգրավում, մի քանի օրից Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի մոսկովյան այցի օրակարգում լինելու են նաև Հարավային Կովկասում ծավալվող գործընթացները։ Նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ այցի մեջ որոշակի ռիսկեր է տեսնում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը․

«Կոպիտ ասած՝ Ռուսաստանը ցանկանում է ներգրավվել այն ծրագրերում, որոնք մենք պլանավորում ենք ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը համարում է, որ ապաշրջափակումը լավ բան է, և ուզում է այդ հարցում աշխատել Թուրքիայի հետ։ Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ քննարկվելու է նաև «3+3» ձևաչափը։ Հիշեցնեմ՝ դա Ռուսաստանն, Թուրքիան և Իրանն են, ինչպես նաև Հարավային Կովկասի երեք երկրները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը։ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ հենց այդ ձևաչափն է կարևոր՝ առանց Եվրամիության և Միացյալ Նահանգների մասնակցության։ Այստեղ էլ ես տեսնում եմ Թուրքիայի արտգործնախարարի մոսկովյան այցի վտանգը մեզ համար»։

Հայաստանի վերլուծական շրջանակներում հնչում են նաև տեսակետներ, որ Հաքան Ֆիդանը կարող է, օրինակ, Լավրովին փոխանցել, թե Հարավային Կովկասի գործակցության «3+3» ձևաչափն այլևս այնքան արդիական չէ՝ հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում արձանագրվող փոփոխություններն ու քաղաքական նոր միջավայրը։

Կարդացեք նաև

Back to top button