
Իրաքի մասին մեր պատկերացումները հաճախ սահմանափակվում են հեռուստացույցով կամ համացանցով։ Մի քանի լուր, մի քանի պատկեր, մի քանի պատմություն, և մեզ թվում է՝ մենք արդեն գիտենք այդ երկիրը։ Բայց իրական Իրաքը շատ ավելի բազմաշերտ է, քան այն պատկերները, որոնց սովոր ենք։
Իրաքում ՀՀ դեսպան Ռուբեն Սողոյանը ծանոթ է Մերձավոր Արևելքին՝ տարբեր տարիներից, տարբեր ժամանակներում։ Այս հաղորդման ընթացքում մենք փորձելու ենք կոտրել Իրաքի մասին ձևավորված կարծրատիպերն ու հավաքել ժամանակակից Իրաքի գունավոր խճանկարը։
-Ես հիմա փորձում եմ հիշել, թե ե՞րբ չէի ուզում լինել դիվանագետ, նույնիսկ իմ առաջին մասնագիտությունը ընտրելիս, իսկ ես մասնագիտությամբ արևելագետ եմ, արդեն բավական երիտասարդ տարիքում՝ շատ ցածր կուրսերում, սկսեցի գիտակցել, որ իմ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ուզում եմ և կարող եմ կիրառել դիվանագիտության մեջ։
Ռուբեն Սողոյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում սովորելու տարիներին արդեն իսկ ստանում է առաջին ազդակը, որ իր մասնագիտական ու տարածշրջանային ընտրությունը ճիշտ է կատարված։ 2008 թվականին նա մեկնում է Սիրիա լեզվի կուրսերի։
-Սիրիան ինձ համար եղավ մուտք դեպի Մերձավոր Արևելք։ Այն տպավորությունները, որ ես ունեցել եմ Սիրիայից, կարելի է ասել, որ ինձ փոխել են որպես արևելագետ և հետագայում՝ որպես դիվանագետ, իսկ իմ մուտքը հենց պրակտիկ դիվանագիտական աշխատանք եղել է Հալեպից․ առաջին գործուղումս 2015 թվականին էր՝ Հալեպ գլխավոր հյուպատոսություն։

2008-ի Հալեպը հաճախ նկարագրվում էր որպես աշխույժ, պատմությամբ ու անվտանգությամբ լի մի քաղաք, որտեղ ծաղկում էին հին շուկաներն ու կառուցվում նորերը։ Ռուբեն Սողոյանը տեսել է այս Հալեպը։
2015-ի Հալեպն արդեն ռմբակոծվում ու հրիթռակոծվում էր, քաղաքը ռազմաճակետ էր դարձել, մարդիկ՝ ուրվակներ, շուկաները՝ ավերկաներ։ Ռուբեն Սողոյանը այս Հալեպն էլ է տեսել, երբ այնտեղ էր վերադարձել ՀՀ գլխավոր հյուպատոսության կցորդի կարգավիճակով։
-Անկեղծ լինեմ՝ չէի կարող պատկերացնել, որ ընդամենը 6 տարի կանցնի, ու ես կտեսնեմ Սիրիան այդ վիճակում։ Այն ժամանակ երիտասարդ ուսանող էի և միգուցե, եթե լինեի ավելի հմուտ կամ ավելի հետևողական ուսումնասիրեի, կարող է ինչ-որ մի բան գոնե գուշակեի, բայց այն ժամանակ ես չէի կարող պատկերացնել, որ այդպիսի բուռն իրադարձություններ տեղի կունենան Մերձավոր Արևելքում, որ Արաբական գարուն կլինի՝ ֆենոմեն, որը ներառել է ոչ մեկ երկիր, այլ մի ամբողջ տարածաշրջան։ Իհարկե, սեփական աչքերով ավերածությունները տեսնելը, մի ամբողջ ժողովրդի ողբերգությունը ցավալի էր։

Պատերազմի տարիներով ապրող Հալեպը այդ ժամանակ երիտասարդ հայ դիվանագետին դիմավորեց ծանր պայմաններով, մշտական լարվածությամբ ու անորոշությամբ լի իրականությամբ։ Դա մի ժամանակաշրջան էր, որը սկզբում թվում էր դժվար հաղթահարելի, իսկ տարիներ անց՝ հիշելիս՝ գրեթե անհավատալի։ Մի փուլ, որտեղ փորձությունը և փորձառությունը միահյուսվում էին՝ կոփելով թե՛ մարդուն, թե՛ դիվանագետին։
-Իհարկե, մեր հայրենակիցների կացությունը շատ մեծ մտահոգություն էր ինձ համար։ Ես մեկնել էի որպես հյուպատոս, այսինքն՝ մի մարդ, որը անմիջականորեն աշխատում է քաղաքացիների հետ։ Դա թե՛ աշխատանքային, թե՛ անձնական մարտահրավեր էր։ Երիտասարդ տարիքը այս պարագայում միանշանակ օգնել է։ Շատ իրավիճակներ, որոնց ես նայում եմ հիմա և փորձում եմ հիշել, թե ինչպես եմ ես տեսել իրենց այն ժամանակ ու հիմա, 10 տարվա մեջ բացարձակ այլ տպավորություններ են։ Այն ժամանակ շատ-շատ իրավիճակների ես վերաբերվում էի հումորով, շատ իրավիճակներ անտեսում էի, բայց հիմա, որ նայում եմ ու մտածում՝ չէ որ սա ինձ հետ է տեղի ունեցել։
Ռուբեն Սողոյանի կենսագրության մեջ Սիրիան կարևորվում է ևս մեկ բնորոշմամբ՝ առաջին գործուղման երկիր։ Դիվանագետի համար առաջին գործուղումը պարզապես ճամփորդություն չէ, այն մի ժամանակաշրջան է, երբ տեսությունը փոխարինվում է իրականությամբ, իսկ գրքերում կարդացածը՝ կենսափորձով։
-Սա մեծ փորձ էր։ Ես կարող եմ ասել, հանդգնել ասել, որ կոփվել եմ այնտեղ որպես դիվանագետ, որպես նման ծանր պայմաններում աշխատող դիվանագետ։ Սա ինձ համար անգնահատելի փորձ էր թե՛ Հալեպը, թե՛ հետագայում, Դամասկոսում աշխատանքը՝ արդեն ավելի քաղաքական օրակարգեր, իրավիճակներ։ Ամեն դեպքում իմ առաջին գործուղումը, և ընդհանրապես, Դիվանագետը բնորոշվում է իր առաջին գործուղմամբ, և ինչպես դու կարողացար աշխատել քո առաջին գործուղման ժամանակ, այդպիսի դիվանագետ էլ դու կլինես։
Եթե նախկինում դիվանագետի աշխատանքը մեծ մասամբ տեղի էր ունենում փակ դռների հետևում, ապա այսօր նրա խոսքը, ուղերձը և նույնիսկ լռությունը կարող են հայտնվել հանրային քննարկումների կենտրոնում։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության օպերատիվ տեղեկատվական բաժնի պետ աշխատած Տիգրան Սողոյանի բնորոշված դիվանագիտության մեդիականացումը անխուսափելի է։

-Լավ է, թե՝ վատ, բնականաբար, կախված է իրավիճակից, բայց մեդիան մեր աշխատանքի անխուսափելի բաղադրիչն է դարձել, մենք ինքներս պետք է նախաձեռնեք, թե ինչպես պետք է հանդես գանք մեդիայում, որովհետև մեդիան, ինչպես նշեցի, մեր դեմքն է և նաև ուղերձներ հղելու շատ ուժեղ միջոց։ Ժամանակակից աշխարհում դիվանագիտությունը մեծ մասով կախված է, կապված է ուղերձների հետ, և ինչպես ես դու վարում քո հանրային դիվանագիտությունը բնորոշում է, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն ես դու վարում՝ մեկը անբաժան է մյուսից։
2024 թվականից մինչ օրս Ռուբեն Սողոյանը Իրաքում ՀՀ դեսպան է։ Դեսպան նշանակվելու մասին իմացել է հենց Իրաքում, որտեղ արդեն մեկ տարի դիվանագիտական ծառայության էր։
-Նոր իրավիճակ երկրի տեսանկյունից ինձ համար չէր եղել, իսկ դեպի Իրաք գործուղումը ես կհամարեմ իմ մասնագիտական հմտությունների համար, միգուցե, ամենակարևոր որոշումներից է մեկը, որովհետև Իրաքը, եթե շատ պարզ ասեմ, Մերձավոր Արևելքի սիրտն է։ Նույնիսկ մասնագիտական ոլորտներում դեռևս շարունակվում են քննարկումները, թե Մերձավոր Արևելքի մեջ ո՞ր աշխարհամասին է պատկանում Իրաքը՝ Ծոցի երկրներին, թե՞, այսպես ասած, Լևանտի երկրներին։ Իրաքը շատ յուրահատուկ երկիր է։

Իրաքում աշխատանքային միջավայրը Ռուբեն Սողոյանի սպասումներին ընդհանուր առմամբ համապատասխան էր։ Նրա համար հաճելիորեն սպասելի ու միաժամանակ տպավորիչ էր նաև Իրաքում հայկական հետքի տեսանելի ու շոշափելի լինելը։
-Իրաքի Քուրդիստանի շրջանում Ազրուկ գյուղ կա, որտեղ որ բնակվում են հայեր, կա եկեղեցի, փոքր համայնք է շատ։ Չիմացող մարդուն կթվա, թե սովորական, տեղական գյուղ են մտել՝ քրդական գյուղը, մարդիկ խոսում են քրդերեն, բայց հարյուր տոկոսով հայկական գյուղ է։ Կենցաղը վարելու մշակույթը բացարձակապես հայկական չէ, բայց մարդիկ գիտակցում են, ընդունում են, որ իրենք հայ են, հպարտանում են դրանով, ունեն եկեղեցի և ոգով հայեր են։ Իսկ հայկական հետքերը բազմազան են, եթե նույնիսկ հայկական բնակչությունը այլևս չկա, մնացել է հայկական ժառանգություն կամ հայկական հետք, կամ տեղի բնակչությունն է հիշում է հայերին։ Գիտեք, շատ հաճախ է լինում գրեթե միշտ, որ հանդիպումների ժամանակ պարտադիր նշում են, որ ունեն կամ ունեցել են հայ ծանոթ, հայ հարևան, հայ դասընկեր։
Եվ, ի հեճուկս տարածված կարծրատիպերի ու մեդիահարթակներով հաճախ շրջանառվող կեղծ պատկերացումների, Ռուբեն Սողոյանին հարցնում եմ մի պարզ, բայց նաև այսօրվա Բաղդատը նկարագրող հարց՝ ի՞նչ կարելի է անել այնտեղ երեկոյան։
-Բաղդադի կյանքը սկսվում է երեկոյան՝ ինչպես և շատ արաբական քաղաքներում։ Ընդհանրապես բաղդադցիները չեն սիրում մի տեղ նստել, բաղդադցիները շատ ակտիվ են, սիրում են շփվել, սիրում են հանդիպել, շարժը շատ է։ Բնականաբար, տարիների ընթացքում տեղի ունեցող ճգնաժամային իրավիճակներից հետո՝ վերջ ի վերջո երկիրը անցել է ահաբեկչական պատերազմի միջով, ու բնական է, որ քաղաքը վերականգնվում է։ Նույնիսկ իմ այստեղ եղած տարիների ընթացքում նկատում եմ ակտիվություն, գործում են մշակութային ու կերպարվեստի ցուցասրահներ, կան նա երաժշտական միջոցառումներ, վերաբացվել է նաև բալետի խումբը։ Իրաքում ակտիվությունները շատ են, բնականաբար, չեմ կարող չնշել նաև իրաքյան խոհանոցի մասին, որը անտարբեր չի կարող թողնել։




