Դիվանագիտական գործ

Դեսպան Արեգ Հովհաննիսյանի բացահայտումները Ճապոնիայից մինչև Նոր Զելանդիա․ «Դիվանագիտական գործ»

Նախորդ հաղորդման ուղևորությունը մեզ տարավ դեպի Արևելքի խորքերը՝ Եգիպտոս, Լիբանան և Հալեպ, իսկ այս անգամ մեր ճանապարհը ձգվում է դեպի Ճապոնիա՝ Ծագող արևի երկիր, որի բազմադարյա պատմության մեջ արևը ոչ միայն աշխարհագրական ուղղություն է, այլ նաև մշակութային ինքնության ու շարունակականության խորհրդանիշ։

Եվ քանի որ դիվանագիտական ուղիները հաճախ անքննելի են և երբեմն էլ անսպասելիորեն երկար, մենք այսօր կհասնենք նաև Նոր Զելանդիա՝ այնտեղ ՀՀ առաջին դեսպան Արեգ Հովհաննիսյանի ուղեկցությամբ։ Նա է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Նոր Զելանդիայում։


-Ճապոնիայով ես զբաղվել եմ դեռևս 2007-2008 թվականից, երբ եղել եմ վարչության պետ՝ Ասիայի, Խաղաղօվկիանոսյան երկրների և Աֆրիկայի վարչությունում։ Բնականաբար, առնչվում էի Ճապոնիային և տարածաշրջանին ընդհանրապես։ Շատ հետաքրքիր փորձառություն էր, բայց պարզվեց, որ այդպես հեռակա առնչվելը մի բան է, և բոլորովին ուրիշ բան է այնտեղ աշխատելը։

2021–2025 թվականներին Ճապոնիայում ՀՀ դեսպան աշխատած Արեգ Հովհաննիսյանի համար Ճապոնիան դարձավ շարունակական բացահայտումների, անակնկալների և մինչ այդ ծանոթ մշակութային պատկերացումներից զգալիորեն տարբերվող իրականության տարածք։

Մերձավոր Արևելքն ու Ճապոնական Արևելքը, թեև միավորված են «Արևելք» ընդհանուր հասկացության ներքո, իրականում բաժանված են ոչ միայն քարտեզով, այլ նաև մշակութային առաջնահերթությունների, արժեքային համակարգերի և պատմական փորձի խորքային տարբերություններով։

Աշխատանքի ոճը տարբեր է։ Մերձավոր Արևելքում անձնական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեին։ Այնտեղ կա հայկական մեծ համայնք, շատ հայրենակիցներ, որոնք, բնականաբար, միջոցառումներ էին անում, հրավիրվում էի, մասնակցում էի մեր ավանդական բոլոր տոներին՝ Զատիկին, Սուրբ Ծննդին։ Ճապոնիայում այդ ամենը չկա, և բոլորովին այլ աշխատելաոճ է։ Այնտեղ կա հստակ պատ. պատկերացնենք՝ որևէ ճապոնացի պաշտոնյա երբևիցե իր ձեռքի համարը իր քարտի վրա չէր գրում։

Շարունակելով տարբերությունների այս շարքը՝ հասնենք մինչև որոշումների կայացումը․ մի Արևելքում կարևորը էմոցիաներն են, մյուսում՝ հաստատակամությունը։

Մերձավոր Արևելքում ընտրությունը հաճախ ծնվում է զգացմունքից, հարաբերության ջերմությունից, մի հայացքից։ Իսկ Ճապոնական Արևելքում որոշումը հասունանում է համբերության, հավասարակշռության և համընդհանուր համաձայնության պայմաններում։

Ճապոնացիները երբեք արագ որոշում չեն ընդունում՝ ի տարբերություն Մերձավոր Արևելքի։ Մերձավոր Արևելքում պաշտոնյան կարող է ինքը շատ արագ որոշում ընդունել, իսկ ճապոնացին կգա, կգույքագրի քո հարցադրումները, կասի՝ լավ, կգնա, որովհետև որոշումներ ընդունում են կոնսենսուսով։ Օրինակ՝ եթե մարդը գնում և ասում է, որ Հայաստանի դեսպանը առաջարկում է սկսել բանակցություններ երկակի հարկումը վերացնելու պայմանագրի շուրջ։ Սա տևում է տարիներ՝ բյուրոկրատիայի աշխատանք է․ նախարարության հետ են համաձայնեցնում, ֆինանսների հետ են համաձայնեցնում, հարկայինի հետ են համաձայնեցնում։ Հետո գալիս են, ասում են՝ գիտե՞ք ինչ կլինի. այն պահին, երբ նա երկար մտորումներից հետո վերադարձավ և ասաց՝ կլինի, ուրեմն դա իսկապես կլինի։ Իսկ Մերձավոր Արևելքում կարող են ասել՝ այո, բայց հետո ասել՝ չստացվեց։ Շատ հանգիստ։

Իսկ այժմ դուք կլսեք մի պատմություն այն մասին, թե որքան անսպասելի կարող է հայկական ձեռագիրը հայտնվել մեզնից շատ հեռու և առաջին հայացքից բոլորովին տարբեր թվացող մշակութային իրականությունների մեջ։

Ճապոնացիները մեր մասին շատ բան չգիտեն, բայց կան պատմություններ, որ լսում են ու շոկ են ապրում։ Օրինակ՝ իրենք ունեն հռչակավոր Մելոնպան հացաբուլկեղենը, որը ժամանակին ստեղծել է մի հայ խոհարար, որը եղել է ցարական Ռուսաստանում՝ Պետերբուրգում, խոհարար։ Հեղափոխությունից հետո փախել է Հարբին, և այնտեղ նրան հանդիպել է Տոկիոյի հռչակավոր «Իմպերիալ» հյուրանոցի տերը և ասել՝ արի հետս Տոկիո։ Նա գալիս է Տոկիո, աշխատում հյուրանոցում, և մի օր թխում է այդ հացը՝ Մելոնպան։ Այն կարծես սեխի պես է և վաճառվում է ամենուր։

Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի և Արտաքին գործերի նախարար Պակ Ջինի հետ

Հաճախ մեծ երկրներում փոքր երկրների համար դժվար է ներկայանալ ու պատասխանել առաջին հայացքից պարզ թվացող, բայց խորքում բազմաշերտ հարցին՝ «ով եմ ես»։ Հենց այստեղ է օգնության գալիս մշակութային դիվանագիտությունը՝ որպես կամուրջ ոչ միայն երկրների, այլ նաև ինքնությունների միջև։ Այն թույլ է տալիս քեզ չպատասխանել մեկ բառով կամ սահմանումով, այլ պատմել քո մասին մշակույթի լեզվով։

Մի անգամ՝ որևէ պրեֆեկտուրայում, այցելության էինք ուրիշ դեսպանների հետ, և ես պրոտոկոլի աշխատողի հետ զրուցում եմ։ Գալիս է մի բուդդիստ վանական, և արարողակարգի աշխատակիցն ասում է, որ սա Հայաստանի դեսպանն է։ Սա ասում է՝ ես Կոմիտաս շատ եմ սիրում։ Որտեղից որտեղ, այսինքն՝ այդ պրեֆեկտուրայում։ Գնում է և հետ է գալիս, հեռախոսը բացում է, ասում է՝ օրինակ սա, մինչև միացնում է Կոմիտաս ինձ համար։ Շատ էի հուզվել։


Հաղորդման այս հատվածում եկեք ինքներս մեզ անկեղծորեն հարցնենք՝ երբ ենք վերջին անգամ Նոր Զելանդիայի մասին որևէ քաղաքական նորություն կարդացել կամ լսել։ Հաճախ այն տպավորությունն է ստեղծվում, թե այնտեղ ապրում են լռակյաց մարդիկ, որոնք հազվադեպ են բարձրացնում իրենց ձայնը կամ բացահայտ արտահայտում անհամաձայնություն։

Բնիկ մաուրիները լավ էլ աղմկում են այնտեղ, չնայած նրան, որ ունեն բավական շատ իրավունքներ։ Միևնույն է՝ իրենք պահանջում են, որ ավելին ունենան, որովհետև, ինչպես մի մաուրի առաջնորդ մի անգամ ասաց՝ մենք այստեղ ապրում էինք հարյուրամյակներով, եվրոպացիները եկան ու ասացին, որ մենք իրենց հայտնաբերեցինք։ Ասում է՝ ո՞նց կլինի այդպես։

Նոր Զելանդիայում ՀՀ առաջին դեսպան Արեգ Հովհաննիսյանի համար Նոր Զելանդիան նրբանկատությամբ լի երկիր է։

Ինձ համար պատիվ էր լինել Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, ինչը իրենք հաճույքով շեշտում էին իրենց նամակագրության մեջ՝ որ ուրախ են ինձ ողջունելու որպես առաջին դեսպան։ Եվ այնտեղ շատ անելիք ունենք մենք։

Մեր այսօրվա հյուրը՝ որպես տեղեկատվության ուղիղ աղբյուր, մեզ հնարավորություն է տալիս առաջին ձեռքից հասկանալու, թե այնուամենայնիվ ինչ է կատարվում Նոր Զելանդիայում։

Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Սինդի Կիրոյի և նրա ամուսնու՝ դոկտոր Ռիչարդ Դեյվիսի հետ

Ուրեմն կա մի փաստաթուղթ, որի ստորագրությունը իրենք նշում են ամեն տարի և հրավիրում հավատարմագրված դեսպաններին։ Դա Վայթանգի համաձայնագիրն է, որը կնքվել է բրիտանացիների և մաուրիների միջև, և իրենք դա նշում են որպես համաձայնության և միասնության տոն։ Բայց խնդիրը նրանում է, որ այդ փաստաթուղթը տարբերվում է մաուրիի լեզվով և անգլերենով, այսինքն՝ բոլորովին տարբեր բաներ են։ Եվ էլի մաուրիները ասում են՝ լավ, մենք շատ չենք խորացնում թեման, որ հակասություններ չստեղծենք, բայց պետք է լուծում տանք։ Մի անգամ իմ ելույթում ասացի, որ եթե այդքան արտոնություններ տային փոքրամասնություններին, երբևիցե հակամարտություն չէր լինի։

Դիվանագետի աշխատանքի չափորոշիչները, որքան էլ համընդհանուր լինեն իրենց էությամբ, իրականում ձևավորվում են նաև մշակութային միջավայրի ազդեցությամբ։ Արեգ Հովհաննիսյանի համար լավ դիվանագետի կերպարը միահյուսված է տարբեր շերտերից՝ սկսած բնածին հատկանիշներից մինչև միջավայրով ձևավորված փորձառություն։

Ես վստահ եմ, որ դեսպանը պետք է լինի առաջնորդ, պետք է կարողանա հանրային խոսք ասել՝ հասանելի, պետք է կարողանա լսել, ունկնդրել դիմացինին, ունկնդրել և փորձել հասկանալ։ Այսպիսի մի շարք բաներ կան։ Նաև կան այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ազնվությունը, համբերությունը, բարձր ճնշման տակ աշխատելու ունակությունը։ Այս բոլորը ձևավորում են այնպիսի հաջողակ դիվանագետի պրոֆիլ, որն ի վիճակի է արդյունավետորեն ներկայացնել և կատարել իր աշխատանքը։ Ճապոնացիները, օրինակ, մի հատկություն ունեն՝ կարդալ տողատակը։ Սա շատ կարևոր բան է Ճապոնիայում։ Դա պետք է իմանաս. եթե արաբական աշխարհում քեզ ուղիղ կասեն ինչ-որ մի բան, այնտեղ դու պետք է տողատակը հասկանաս։

Կարդացեք նաև

Back to top button