Միջազգային

ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ խոցել են «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ուղղությամբ շարժվող իրանական ԱԹՍ

ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ խոցել են իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարք, որը մոտեցել էր «Աբրահամ Լինքոլն» ավիակրին։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, միջադեպը տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր միջուկային բանակցությունների ֆոնին։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ անօդաչու սարքը շարժվել է ավիակիրի ուղղությամբ և խոցվել է ամերիկյան F-35 կործանիչի կողմից՝ ինքնապաշտպանության նպատակով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները Իրանի հետ՝ Պարսից ծոցում լարվածությունը թուլացնելու նպատակով, նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Արաբական ծովում ամերիկյան ավիակրին մոտեցած իրանական անօդաչու թռչող սարքի խոցման մասին։

Երեքշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «հենց հիմա» բանակցություններ է վարում Իրանի հետ, սակայն հրաժարվել է բացահայտել դրանց անցկացման վայրը։

Նրա հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ CENTCOM-ի հաղորդագրությունը, ըստ որի՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրից օդ բարձրացած ամերիկյան կործանիչը ինքնապաշտպանության նպատակով խոցել է իրանական Shahed-139 անօդաչու սարքը՝ պաշտպանելով ավիակիրն ու անձնակազմը։

CENTCOM-ի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ն «ագրեսիվորեն մոտեցել է» ավիակիրին, որը նավարկում էր Իրանի հարավային ափից մոտ 800 կմ հեռավորության վրա, և շարունակել է թռիչքը դեպի նավը՝ չնայած միջազգային ջրերում գործող ԱՄՆ ուժերի ձեռնարկած դեէսկալացիոն միջոցառումներին, գրում է Al-Jazeera-ն։

Իրանական իշխանությունները սկզբում պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։ Սակայն Tasnim գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել է, որ միջազգային ջրերում գտնվող անօդաչու սարքի հետ կապը կորել է այն բանից հետո, երբ այն «հաջողությամբ» տվյալներ է փոխանցել IRGC-ին։

Ավելի ուշ Fars գործակալությունը, հղում անելով անանուն իրանցի պաշտոնյաներին, պնդել է, որ ամերիկյան նավը մտել է Իրանի տարածքային ջրեր՝ առանց անհրաժեշտ օրինական թույլտվության, նախազգուշացվել է և այնուհետև լքել է տարածքը՝ «առանց որևէ հատուկ անվտանգության միջոցառման»։

Կարդացեք նաև

Back to top button