
«էն ամենը, ինչ անտեսված է (ու հատկապես, եթե գիտակցաբար է անտեսված), շատ ավելի ծանր է նստում քո վրա և՛ որպես անհատ, և՛ որպես հասարակություն, և՛ որպես պետություն»։
Եթե դուք ճգնավոր կամ վանական, Ամազոնում կամ Անդամանյան կղզիներում աշխարհից ամբողջովին կտրված մի քանի ցեցերի անդամ, ինտերնետից, լուրերից, շրջապատից բացարձակապես իզոլացված մարդ չեք, ապա հավանականությունը, որ ներգրավված եք որևէ կոնֆլիկտում, 100 տոկոս է։
«Ի սկզբանե պետք է որպես հիմնարար սկզբունք հասկանալ, որ կոնֆլիկտների մեծ մասը լուծում չունի, և դա ասում են կոնֆլիկտի հետ առնչություն ունեցող մեծ գիտնականները։ Մենք պարզապես փորձում ենք համակերպվել այն իրականությանը, որում ապրում ենք»։
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք հասկանալ՝ ինչպես ապրել չավարտվող կոնֆլիկտների հետ։
***
Այն կարող է տապալել գոյություն ունեցող ամեն բան ու կառուցել այն, ինչի գոյություն ունենալու հավանականությունը մոտ էր զրոյին․ սոցիալական կյանքի կենտրոնական երևույթներից մեկի՝ կոնֆլիկտի համար տարբեր դպրոցների ներկայացուցիչներ տարբեր սահմանումներ են հորինել, բայց այս միտքը ամենահաճախադեպն է այդ բոլոր ձևակերպումներում։
19-20-րդ դարերի դասական սոցիոլոգիական դպրոցը՝ ի դեմս Կարլ Մարքսի ասում էր, որ կոնֆլիկտը պատմության շարժիչ ուժն է։ 20-րդ դարի կեսից Լյուսի Կոզերը սահմանեց՝ կոնֆլիկտն առաջանում է այն գիտակցումից, որ երկու կողմերի ցանկությունները չեն կարող իրականանալ միաժամանակ։ 1975-ից տրվեց այն թվային ցուցիչը, որի առկայության դեպքում պետությունների մեջ ծագած խնդիրները որակվում է որպես կոնֆլիկտ․ եթե երկու խմբի միջև կա վեճ, որի հետևանքով տարեկան առնվազն 25 մահ է արձանագրվում, ապա դա կոնֆլիկտ է։
Բայց կոնֆլիկտի ընթացքում մահանում են ոչ միայն մարդիկ։
Կոնֆլիկտը, որ կարող է լինել անհատական, միջանձնային, խմբային, ներհասարակական, միջպետական, որ կարող է դրսևորվել բռնի, ոչ բռնի, թաքնված ու բացահայտ եղանակներով, որ կարող է ունենալ կարժատև, երկարատև,, սառեցված կարգավիճակ, լինել լիովին լուծելի, կառավարելի կամ գոյաբանական, ասել է թե՝ անլուծելի, սպանում է ինչ ասեք․ վստահություն, համոզմունքներ, հարմարավետություն, մարդիկ և այլն։ Բայց մենք ապրում ենք այդ ռիսկի հետ մշտապես, հաճախ՝ առաջացնում այդ ռիսկը։ Այս ամենն իմանալով ինչպե՞ս լուծել կոնֆլիկտները, լուծե՞լ դրանք․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Կոնֆլիկտը հետազոտելը պարզապես մարդու կենսագործունեությունը ուսումնասիրելն է։ Ցանկացած մեկը, ով էս ոլորտում փորձում է ինչ֊որ բան ուսումնասիրել պիտի սկսի անձնական մակարդակից։ Բոլոր կոնֆլիկտները իրականում գալիս են ներքին անհանդուրժողականությունից, ներքին հարմոնիայի բացակայությունից, ինքն իրեն ճանաչելու պակասից, էդ ճանաչման ճանապարհին սեփական դևերի հետ առերեսվելուց, դրանց հախից գալ փորձելուց և այլն»։
Կոնֆլիկտների ուսումնասիրությունները մարդուց են սկսում՝ ասում է միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Աննա Սարգսյանը, ում ուսումնասիրություների ու գիտական հետաքրքրությունների առանցքում հենց մարդն է ու կոնֆլիկտը։
«Ես կարծում եմ, որ որևէ մեկի համար, ով ընդհանուր առմամբ, պատմությամբ, միջազգային հարաբերություններով է հետաքրքրված, շատ գայթակղիչ է կոնֆլիկտներով զբաղվելը։ Հատկապես գայթակղիչ կլիներ, եթե մեզ չվերաբերեր անմիջականորեն, մենք ուղղակի որպես դիտորդ, հետազոտող որպես գիտնական վերաբերեինք էդ հարցին։ Անհամեմատ ավելի հետաքրքիր կլիներ, որովհետև երբ անմիջականորեն է առնչվում, դու սկսում ես և՛ տրավմայի կրող լինել, և՛ կողքից նայող լինել, և՛ դրան փորձել լուծում տվող լինել և այլն»։
Բայց մենք կոնֆլիկտի կրող ենք միշտ՝ ասում է Աննա Սարգսյանը, ով դրա 3 հիմնական մակարդակ է առանձնացնում։ Առաջինն անձնային մակարդակն է․
«Դու փորձում ես հասկանալ ինքդ քեզ, փորձում ես տեսնել` որոնք են էն տրիգերները, որոնց հետ պիտի առնչվես, որպեսզի կարողանաս կառավարելի դարձնել, և որոնք են ակնկալիքներդ ընդհանուր առմամբ արտաքին աշխարհի նկատմամբ։ Ի վերջո բոլոր խնդիրները գալիս են էնտեղից, որ մենք ունենք չափազանցված և իլյուզոր ակնկալիքներ արտաքին աշխարհի նկատմամբ։ Երբ դու ավելի իրական ես մոտենում էդ հարցին, հասկանում ես, որ շատ բան ակնկալել չես կարող։ Էն, ինչ ակնկալում ես, պիտի կարողանաս կառավարելի դարձնել քեզ համար»։

Երկրորդ մակարդակում միջանձնային հարաբերություններն են․ մեկ հարևանի տանից հնչող երաժշտությունը չի թողնում քնել, մեկ գործընկերը ստաբիլ ուշանում է հանդիպումից, ուրիշ դեպքում ծնողը անգիտակցաբար վիրավորում է երեխային կամ երեխան՝ դառնում ծնողի անվերջ անհանգստության պատճառը։ Աննա Սարգսյանն ասում է՝ ինքդ քեզ ճանաչելու ճանապարհին դու սկսում ես ճանաչել մարդուն՝ առհասարակ, ուստի ավելի լավ ես հասկանում այս կոնֆլիկտների հիմքերը ու մշակում դրանց հակազդելու գործիքակազմ․
«Եթե գնանք դեպի ավելի շատ հոգեբանական և արխետիպային ասպեկտներ, հասկանալի է դառնում, որ ինքդ քեզ ճանաչելով շատ ավելի լավ ես ճանաչում դիմացինին և ավելի հանդուրժող ես լինում»։
Իսկ հետո կոնֆլիկտն ուսումնասիրողները հասնում են երրորդ մակարդակին՝ ներհասարակական, ներխմբային հարաբերություններին կամ տարբեր խմբերի, պետությունների միջև վեճերին։
«Ես կարծում եմ, որ դրան պիտի ավելացնենք նաև ինստիտուցիոնալ մակարդակը, որը շատ մեծ ազդեցություն է գործում հատկապես խմբային և կոլեկտիվ ընկալումների վրա, որովհետև կախված նրանից, թե ինչպես են կարգավորվում հարաբերությունները պետության մեջ կամ հասարակության ինչ֊որ խմբերի միջև, հասկանալի, կառավարելի և ընկալելի է դառնում, թե որ պահից սկսած դու կարող ես կառավարել կոնֆլիկտը, եթե այն ի հայտ է գալիս կամ գուցե փորձել կանխել այն»։
Այսպես առաջին հայացքից միայն լուրջ բախումներին վերաբերող այս երևույթը՝ կոնֆլիկտը, հարցին գիտական հայացքով նայողների համար ուսումնասիրությունների լայն հարթակ է բացում։ Այս էպիզոդի ընթացքում մենք կանդրադառնանք հարցի ներանձնային ու միջանձնային մակարդակներին․ այն խնդիրներին, որոնք մեզ հետ են այնքան հաճախ, որ այլևս նկատելի չեն։ Առաջին արձանագրումը․ կոնֆլիկտը միշտ չէ, որ ճակատային է ու ակնհայտ․
«Ոչ միշտ է, որ չկա շփում, չկա կոնֆլիկտ։ Այդ կոնֆլիկտները կարող են լատենտ լինել և ասեմ ավելին՝ էնքան ժամանակ, քանի դեռ մենք անտեսում ենք կոնֆլիկտը և խուսափում ենք շփումից, այն խորանում է։ Գուցե կարճաժամկետ հեռանկարում դա նկատելի չէ քո համար, արտաքին աշխարհի համար, բայց այնքան ժամանակ, ինքը սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել քո կյանքում և սկսում է քեզ ավելի անհանգստացնել ու ինչ-որ պահի արդեն սկսում է կառավարման քո հնարավորություններից դուրս մնալ: Դրա համար կարծում եմ`էն պահից սկսած, երբ դու զգում ես, որ անհանգստացնող որևէ բան կա, ամենահեշտ ձևը կոմունիկացիան է»։

Եվ սա է ամենակարևոր բանալին։ Հաղորդակցվել, պարզաբանել, անցնել առաջ՝ ասում է մասնագետը։ Բայց այստեղ էլ առաջանում է հարցը, թե որքան անկեղծ պետք է լինի հաղորդակցությունը։ Կան խոսակցություններ, որոնց ժամանակ անկեղծ լինելու միտումով դիմացինին վիրավորական ճշմարտություններ են ասվում, ուստի իրավիճակը կարգավորվելու փոխարեն հասնում է անդառնալիության կետին։ Ստացվում է՝ հաղորդակցության մեջ անկեղծությունը ևս պետք է չափավո՞ր լինի․
«Հատկապես հիերարխիկ հարաբերություններում կարևոր է, թե մի քիչ ավելի բարձր կանգնածը ո՞նց է նայում իրավիճակին։ Աշխատող և գործատու պարագայում պարզ է, որ գործատուն որոշակի առավելություն ունի, չէ՞։ Իսկ առավելություն ունեցողը հատկապես պիտի ավելի զգույշ լինի։ Ուժը միշտ զգուշավորություն է բերում։ Դու գիտես քո կարողությունը, դու գիտես ինչ աստիճան կարող ես վնասել, կամ հակառակը` օգտակար լինել, և երբ դու դա գիտակցում ես, պիտի ավելի զգույշ լինես։ Կոմունիկացիայի հիմնական նպատակը, եթե դա վերաբերում է կոնֆլիկտներին և դրանց շտկմանը, զգուշավորությամբ խոսքը ընտրելն է, որը նպաստում է իրավիճակը բարելավելուն, ոչ թե խորացնելուն և քայքայմանը, և նոր կոնֆլիկտ ստեղծելուն»։
Այսպիսով՝ կոնֆլիկտը լուծելու համար անհրաժեշտ է ասել ոչ թե այն ամենը, ինչ կա իրականում, այլ այն ամենը, ինչը կարող է լուծել խնդիրը․ եթե, իհարկե, նպատակը հենց դա է։ Մեկ այլ կարևոր բան, որը կօգնի հաղթահարել կոնֆլիկը․ գիտակցեք, որ ոչ բոլոր կոնֆլիկտներն են լուծվում։
«Եթե ուսումնասիրելու լինեք համաշխարհային պատմության էն կոնֆլիկտները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել, շատերը լուծում չունեն, այլ պարզապես փոխվում է դրանց ընկալումը, վերաբերմունքը և էն հանգամանքները, որոնք առաջացրել են էդ կոնֆլիկտը։ Ու երբ դու սա իսկապես ընդունում և ընկալում ես, քեզ համար հասկանալի է դառնում, որ երբեմն անընդհատ լուծում փնտրել և վերջնական լուծում տալը քեզ կարող է ավելի ֆրուստրացիայի ենթարկի, քան ապագայի նկատմամբ ինչ֊որ հույսով լցնել։ Սկսում ես մի քիչ ավելի հեշտ նայել կյանքին, որովհետև, ի վերջո, քո կյանքի ողջ ընթացքը տարբեր տեսակի կոնֆլիկտներով լեցուն է, և դու փորձում ես աշխատել էդ կոնֆլիկտների հետ, ապրել դրանց հետ, մի մասը անտեսել, մի մասին փորձել լուծումներ տալ։ Որոշները լուծելի են, որոշները անլուծելի են, բայց հիմնականում դու քո ողջ կյանքի ընթացքում կոնֆլիկտների միջով ես անցնում և բարեբախտություն է, եթե էդ կոնֆլիկտը անձնային մակարդակում է, և դու կարողանում ես գտնել դրա լուծումները, ի հակադրություն նրան, որ կոնֆլիկտը կարող է քո կառավարման համակարգից, դիտակետից դուրս լինել և ներգրավել շատ ավելի գործոններ և դերակատարներ, որոնց պարագայում սկսում է ավելի բարդանալ»։
Աշխարհը լի է կրոնական, ռասսայական դրդապատճառներով առաջացած կոնֆլիկտներով, որոնք չեն լուծվելու։ Վերափոխվել՝ գուցե, ասում է մասնագետը, և հիշեցնում․ եթե խնդիրը մեկ կամ մի քանի մարդու դաշտում է, լուծում փնտրելը տրամաբանական և անհրաժեշտ է։ Գոյաբանական խնդիրների դեպքում ավելի հեշտ ու արդյունավետ է ոչ թե կոնֆլիկտի լուծման, այլ դրան հակազդելու մասին մտածելը։ Իսկ ճանապարհն ավելի քան մոտ է՝ մեր ներսրում։




