
— Ժամանակակից մարդու էության որոնումների հիմնական մոտիվներից մեկը կատարելության ձգտումն է։ Ինչ ոլորտ մտա՝ լինեմ ամենաուժեղը, ամենաարագ, ամենասիրունը, ամենահավեսը, ամենահետաքրքիրը։ Էդպես գնում-գնում ես ու նայում ես` այո, մասնագիտական լիքը աճ ես ապրում, մեկ էլ մի օր պարզվում է, որ հոպ՝ կատարյալը կա․․․
— Եվ դա դու չես։
— Եվ հույս էլ չկա, որ դու երբևիցե կլինես։
Վազիր ամբողջ ուժով, որ կանգնած մնաս նույն տեղում։ Մարդիկ, որոնք շարժում են հասարակության հիացմունքը իրենց ձգտումներով, աշխատասիրությամբ, համառությամբ, փորձում են վազել դրանից էլ արագ։ Այդ շարժումը, սակայն, միշտ չէ, որ դեպի երջանկություն է տանում։
«Միգուցե ես ուրի՞շ տեղ պետք է փնտրեմ իմ ինքնությունը, փնտրեմ ոչ թե կատարության ձգտման մեջ, այլ միգուցե իմ անկատարության, իմ ներքին անկատարությունը ընդունելո՞ւ մեջ»
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք պարզել, թե ինչպես ապրել ժամանակներում, երբ ամենալավը լինել այլևս հնարավոր չէ։
***
15-րդ դար․ դպիրներն ու ձեռագիր գրքերի հեղինակները կարծում էին, որ տպագրական մեքենայի գյուտն աղետ է։
19-րդ դարի սկիզբ․ Անգլիայում Լյուդդիստները թեժ պայքար էին մղում գործարանային սարքավորումների դեմ։ Արդյունաբերական հեղափոխության թշնամիների արածը տեխնոլոգիական փոփոխությունների դեմ առաջին զանգվածային շարժումն էր։
19-րդ դարի կես․ հազարավոր կառապաններ Լոնդոնի փողոցներում աղաղակում էին, որ ավտոմեքենաների՝ մետաղե սայլերի ի հայտ գալը խարխլելու է հասարակական կարգը։
Նրանք վախենում էին փոխարինված լինելուց։
Նույնն անում էին ճապոնական սամուրայները՝ հրազենի ի հայտ գալուն պես, նույնն անում է ժամանակակից մարդը՝ Արհեստական բանականությանն առերեսվելիս։ Վերջինն, իսկապես, հզոր գործիք է և հաճախ ավելի լավ է անում այն, ինչը բարդ է տրվում սովորական մահկանացուներին։ Այդ դեպքում ինչպե՞ս դիմանալ տեխնոլոգիական առաջընթացին, ի՞նչ անել փոխարինված լինելու զգացման հետ և, ընդհանրապես, ինչպե՞ս ապրել այս կյանքը, եթե այն, ինչ սովորել ես անել ամբողջ կյանքում, մեծ հաշվով էլ պետք չէ։ Սրանք են «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի այս շաբաթվա հարցերը։

«Երբ երեխան աչքերը բացում է, իրեն ի՞նչ են սովորեցնում՝ դու պետք էլ ինես էֆեկտիվ, դու պետք է լինես տարբերվող, դու պետք էլ ինես նշանակալից։ Մենք բոլորս գնում ենք արտաքին սոցիալական չափելի տիրույթների մակարդակով։ Պատմությունը ցույց տվեց, որ էս մոդելը ձախողել է, որովհետև մարդը ի՞նչ է այս կյանքում փնտրում․ փնտրում է խաղաղություն, երջանկություն։ Ի՞նչ է սպառողականությունըենթադրում` ենթադրում է ագահություն, ենթադրում էէգո․ ես, ես, ես, ինքս»։
Սա խաղաղություն ու երջանկություն գտնելու ճանապարհը չէ։ Ստացվում է՝ մենք հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում, բայց հաստատուն քայլերով գնում ենք դրա ճիշտ հակառակ ուղղությամբ։ Փիլիսոփա Արման Ղարագուլյանի հետ տեխնոլոգիաներով փոխարինված լինելուց ծագող դժբախտության մասին զրույցը սկսվում է հենց երջանկության մասին պատկերացումները որոշակի դարձնելուց․
— Կյանքը ցույց է տալիս, որ մեր սպառումը անհամեմատ ավելի լավացել է այսօր, մենք ունենք հնարավորություններ, ինֆորմացիա և այլն։
— Բայց մենք այնքան էլ երջանիկ չենք։
— Ոչ թե այնքան էլ երջանիկ չենք, այլ մենք ընդհանրապե՛ս երջանիկ չենք։ Եկեք թվերով խոսենք։ Վերջին տվյալներով մոլորակի վրա մոտ 1 միլիարդ մարդ՝ ամեն 8-րդը, տառապում է հոգեկան ինչ֊որ խնդրով։ Հոգեկան խնդիրը անպայման չի շիզոֆրենիայի ծայրահեղ ծանր աստիճան լինի. դեպրեսիվություն, նևրոտիկություն, մենակություն, օտարվածություն, չհասկացված լինել, իմաստների կորուստ։ Վերջին 2 շաբաթվա տվյալների մասին խոսեմ, OpenAI-ի բացվածքն է․յուրաքանչյուր շաբաթ ChatGPT-ն մոտ 1 միլիոն հարցում է ստանում ինքնասպանություն գործելու մասին․ գործել-չգործել, ինչպե՞ս գործել, ո՞նց անել։
Ինչու ժամանակակից մարդը հիմնականում երջանիկ չէ հարցի պատասխանը հասկանալու համար արժե դիտարկել՝ ինչ պատասխան է տալիս այդ նույն մարդը «ո՞վ եմ ես» հարցին։ Մեծ է հավանականությունը, որ Ձեր՝ ռադիոլսողներիդ հետ ծանոթանալու հնարավորությանն դեպքում ես կասեմ՝ ես Արուսյակ Կապուկչյանն եմ և ես լրագրող եմ։ Այդպես շատերն իրենց ինքնությունը կառուցում են սոցիալական այս կամ այն շերը նկատի ունենալով՝ ես այս մարդու երեխան եմ, այս մասնագետը, այս ընկերության տնօրենը, այս տան տերը։ Եվ գուցե խնդիրներից մեծագույնն այն է, որ «ով եմ ես» հարցի պատասխանը արտաքին կաղապարների մասին է․
«Խնդիրը լուրջ է․ինչի՞ շուրջ ենք կառուցում մեր ինքնությունը։ Սովորական մարդու ինքնության առաջնային՝ իր կարևոր լինելու, արժեքավորված լինելու, հաջողած լինելու առաջնային թեմաներից մեկը որն է․ ո՞րն է իմ սպառման մակարդակը։ ի՞նչ եմ սպառում, ինչքան շատ եմ սպառում։ Մեր ինքնության կառուցման 2-րդ սկզբունքը գործունեությունն է։ Ես ինքս ինձ փորձում եմ գտնել գործունեության մեջ, և հիմա այդ գործունեական թեման կարծես թե լուրջ, լուրջ ճեղքեր է ստանում»։

Այսպես մենք, որ պայքարում էինք համալսարանում՝ լավագույն ուսանողը, աշխատաշուկայում՝ լավագույն մասնագետը, թիմում՝ ամենամրցունակը լինելու համար, մեկ էլ հասկանում ենք, որ այդ լավագույնի տեղն արդեն զբաղված է։ Ահա ավելի վատ մի նորություն․ Homo sapiens-ը, որ երկար տարիներ իր ինքնության առանցքը, իր մրցակցային ամենահզոր առավելությունը համարել է բանական լինելը, պարտվում է արհեստական բանականությանը։ Այսպիսով՝ արհեստական բանականությունը ավելի լավ կհասկանա՝ ինչու է ցավում ձեր երեխայի փորիկը և որն է ամենալավ նվերը ձեր այս կամ այն բնավորությունն ունեցող ընկերոջ համար, մենք էլ չենք լինի լավագույն լրագրողն ու լավագույն փիլիսոփան։ Այդ դեպքում՝ էլ ո՞վ լինելու համար ենք պայքարում։
— Մի լուծում կա՝ երբ մենք, այնուամենայնիվ, դրսինը ներսինից փորձում ենք տարանջատել։
— Բայց մենք չգիտենք` էդ ներսը ինչ կա։
— Արտաքին աշխարհում ակտիվ լինելը կարող է հանգիստ զուգակցվել ներսում հանդարտության, խաղաղության, անդորր վիճակի հետ։ Եթե ներսումդ խաղաղ ես, անդորր, էդ չի նշանակում օրը 24 ժամ ծառի տակ նստած ես ու ինչ֊որ բաներ ես երգում։ Արտաքին ամբիցիաները և քո ներքին խաղաղությունը հնարավոր է զուգակցել։ Եթե իմ ամբիցիան այսպիսին է, որ ես անպայման պետք է լինեմ Հայաստանի համար 1 լրագրողը, որովհետև եթե ես համար 1 լրագրողը չդարձա, էդ նշանակում է, որ ես ինքս ինձ չռեալիզացրեցի, էդ նշանակում է` ես բանի պետք չեմ. էդ մի տարբերակ է։ Երկրորդը՝ ինձ դուր է գալիս էս մասնագիտությունը, ես ուզում եմ էս մասնագիտության մեջ աճեմ, զարգանամ, ինձ հետաքրքիր է` իսկ ուրիշ ի՞նչ կարող եմ ես անել, ինչքա՞ն էֆեկտիվ կարող եմ լինել։ Միաժամանակ հասկանում եմ, որ, եղբայր, մարդ եմ, ունեմ սահմանափակումներ։
— Ես ճի՞շտ եմ հասկանում, որ եթե մենք արդեն պարտվել ենք սարքի հետ մրցակցության մեջ, ապա լավագույն լուծումը այլևս չմրցակցելն է։
— Այո, այո։ Իմ առաջարկը հենց էդտեղ է, որ արագության մեջ չես մրցակցի, ուրեմն միգուցե ես իմ ինքնությունը փնտրելու եմ իմ գործունեությունից դուրս, իմ ինքնությունը փորձելու եմ փնտրել իմ դանդաղության մեջ, իմ ներքին հանգստության, խաղաղության մեջ, որովհետև․․․ես էդքան հիմար չեմ, որ զրոյական շանսերով մասնակցեմ մրցումների։
Չինական փիլիսոփայության դավյան համակարգն ասում է՝ մարդը բնականորեն անկատար է, բայց այդ անկատարությունը ոչ թե խնդիր է, այլ՝ բնական պայման, որը պետք է ընդունել և ներդաշնակեցնել աշխարհի ընթացքի հետ։ Այս գիտակցման առկայության դեպքում փոխարինված լինելն այնքան էլ վախենալու չի լինի, գուցե որովհետև կառաջանա միտքը, որ ես լավագույնը մասնագետը չեմ, բայց մի փոքր ավելին եմ, քան միայն մասնագետն է։ Հոմո սափիենսն ունի էմոցիաներ, ու ուրիշի էմոցիաները հասկանալու ունակություն․

— Որոշ գիտնականներ պնդում են արել, որ միայն ռացիոնալով սահմանափակելը, գիտությունը մենակ ռացիոնալի մեջ տեղավորելը իրականում մեզ շատ-շատ֊շատ նեղացնում է, և եթե մենք ուզում ենք էլ ավելի առաջընթաց ունենալ, մենք պետք է դուրս գանք ավանդական ռացիոնալի մակարդակներից։
— Ու՞ր գնանք։
— Մենք ունենք հուզական ոլորտ։ Ես կարող եմ նմանակել հայտնի հոգեբանին և քեզ սփոփող խոսքեր տալ որպես AI համակարգ։ Հա, հարգելի օգտատեր։ Բայց իրական կարեկցանքի, հոգատարության, բարության ակտ ես իրականացնել չեմ կարող։ Ես, օրինակ, կխոսեմ հայելային նեյրոնների մասին։ Նոբելյան մրցանակի լավ թեմա է, որ իմ ուղեղում ինչ֊որ հատուկ նեյրոններ կան, որոնց նպատակը հետևյալն է, որ ես Արուսին նայելով միանգամից հասկանում եմ` Արուսի հետ ի՞նչ է կատարվում։ Ես մոտավորապես կիսում եմ անմիջականորեն իր հույզերը, իր տրամադրվածությունը։ Հիմա տխո՞ւր է, ուրա՞խ է, օգնության կարիք ու՞նի, պե՞տք է մոտենալ։
Սա սարքը չի անի։ Բայց այստեղ էլ մեր մասին ոչ այնքան լավ բան խոսող նորություն կա․ այսօր մարդիկ իրենց հույզերն ավելի քիչ են կիսում դրանք ճանաչող այլ մարդկանց հետ։ Ինքնասպանության միտք ունեցող մարդը դրա մասին գրում է ChatGPT-ին, ոչ թե իր հարազատին։
Սա է խնդիրը, որի մասին պետք է մտածել՝ սվիններն առած արհեստական բանականության հետ՝ արդեն պարտված մի պատերազմ սկսելու փոխարեն՝ ասում է Արման Ղարագուլյանը։ Եվ այստեղ շղթան փակվում է․ մենք այնքան ենք տարված ամբողջ ուժով դեպի լավագույնը վազելու մեր նպատակադրմամբ, այնքան ենք ուզում անել այդպես, որ լինենք անփոխարինելի, որ մոռանում ենք ինչն է մեզ իսկապես անփոխարինելի դարձնում և ինչ այլընտրանքային պատասխաններ կան շատ սովորական թվացող «ով եմ ես» հարցի համար։




