Երկրորդ շնչառություն

Ինչի կարիք ունեն դեմենցիա ունեցող մարդիկ․ 2 տարվա ուսումնասիրություն՝ տարեցների խնամքի համակարգը բարելավելու նպատակով․ «Երկրորդ շնչառություն»

Դեմենցիա ունեցող մարդիկ ու նրանց խնամող հարազատները Հայաստանում ինչի՞ կարիք ունեն և ի՞նչ մարտահրավերների են բախվում․ այս հարցերը կհետազոտեն Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հանրային առողջության ու առողջապահության կազմակերպման ամբիոնում։

Գիտության պետական կոմիտեից ստացված դրամաշնորհը ծառայելու է այս նպատակին։ Երիտասարդ գիտնականները նախատեսում են հարցումներ անցկացնել Հայաստանի բոլոր մարզերում՝ տուն առ տուն լսելով մարդկանց և համագործակցելով ոլորտում աշխատող ՀԿ-ների հետ։

Ամբիոնի վարիչ, բ. գ. դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանի խոսքով՝ հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն և կհրապարակվեն երկու տարուց։ Դրանց հիման վրա թիմը կառաջարկի համապատասխան լուծումներ Հայաստանի առողջապահական համակարգին։

Հետազոտության ամբողջականությունն ապահովելու համար այսօր թիմը հորդորում է քաղաքացիներին կապ հաստատել և իրենց ներդրումն ունենալ կարիքների գնահատման այս կարևոր գործընթացում։

Տարեց մարդկանց խնամքի հարցը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում գնալով ավելի հրատապ է դառնում, և համակարգային լուծումները չեն կարող ուշանալ։ Պրոֆեսորի համոզմամբ՝ աշխարհում որևէ մեկը չի երազում, որ կյանքի վերջին շրջանում իրեն զավակի փոխարեն ջուր տվողը ռոբոտը լինի։ Հետո նա կատակով ավելացնում է․ մեր սերունդն առանց «պամպերսի» է մեծացել, լավ կլինի՝ այդպես էլ հեռանա այս աշխարհից…

Կարդացեք նաև

Back to top button