Էկոսֆերա

Հայաստանը պատրաստվում է COP17-ին․ նպատակ՝ հասնել կենսաբազմազանության 30% պահպանությանը. «Էկոսֆերա»

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների թիվը կազմում է երկրի 13 տոկոսը։ Ոլորտի մասնագետները կարծում են, որ այս ցուցանիշը հնարավոր է ավելացնել։ Արդյունքները կարող են ներկայացվել Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ընթացքում։ Մինչ այդ, նպատակին հասնելու համար անհրաժեշտ են օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ։

COP17-ը կարող է դառնալ հարթակ՝ օկուպացված տարածքների հարցի լուծման համար։ Խոսքը «Շիկահողի» արգելոցի, «Ջերմուկ ջրաբանական» արգելավայրի, ինչպես նաև «Սև լիճ» արգելավայրի այն հատվածների մասին է, որոնք այսօր օկուպացված են։ Փորձագետները կարծում են, որ նման հարցերը պետք է դառնան միջազգային կարևորագույն համաժողովի քննարկման առարկա։

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որի ընթացքում երկրները կվերանայեն կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն օգտագործմանն ուղղված իրենց գործողությունները։ Այս քայլերից շատերը բխում են Կոնվենցիայի Կունմինգ–Մոնրեալի գլոբալ շրջանակից, որը ընդունվել է 2022 թվականին և սահմանում է մինչև 2030 թվականը ապահովել Երկիր մոլորակի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30 տոկոսի արդյունավետ պաշտպանություն։ Այսինքն՝ յուրաքանչյուր երկիր, այդ թվում Հայաստանը, պետք է ապահովի իր տարածքի 30 տոկոսի պաշտպանված կարգավիճակը։

«Մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքները կազմում են ընդհանուր տարածքի 13 տոկոսը։ 2012 թվականից դրանց ընդհանուր մակերեսն ավելացել է 88 600 հեկտարով կամ 3 տոկոսով։ Երկրի բուսական և կենդանական աշխարհի կարևոր կենսավայրերի մոտ 60 տոկոսն ընդգրկված է տարբեր կարգավիճակ ունեցող ԲՀՊՏ-ներում։ Եթե պահպանվող տարածքների թիվն ավելանա, ամենայն հավանականությամբ ընդհանուր ընդգրկվածությունը կհասնի ընդամենը 20 տոկոսի»,– ասում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Կարեն Մանվելյանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշն անգամ հեռու է պահանջվող 30 տոկոսից։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունն ու կողմ երկրները նպատակ են դրել մինչև 2030 թվականը հասնել մոլորակի 30 տոկոսի պահպանությանը։ Երկրները հիմնականում համակարծիք են, բացառությամբ ֆինանսական մեխանիզմների մասով։

Համաշխարհային բանկի կլիմայի փոփոխության գծով ավագ փորձագետ Իրինա Ղափլանյանի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացնի, թե ինչ քայլերով է պատրաստվում հասնել 30 տոկոսի շեմին։ Հայաստանը պետք է ցույց տա, որ ունի հավակնոտ ծրագրեր կենսաբազմազանության պահպանության համար։

Կարեն Մանվելյանի խոսքով՝ անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ։ ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը պետք է վերանայել՝ ապահովելով համայնքային և մասնավոր պահպանվող տարածքների, այլ արդյունավետ տարածքային բնապահպանական միջոցառումների (OECM), միկրոարգելոցների և էկոցանցի ստեղծումն ու արդյունավետ կառավարումը»։

Պահպանվող տարածքների սահմանային խնդիրները սրվել են հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Այսօր ունենք հատուկ պահպանվող տարածքներ, որոնց զգալի մասը դուրս է Հայաստանի վերահսկողությունից և օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Մանվելյանը կարևորում է, որ համաժողովի ընթացքում այս խնդիրները բարձրաձայնվեն։

Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կարող է դառնալ հարթակ՝ ներկայացնելու բնության և կենդանական աշխարհի պահպանությանն առնչվող մեր ամենակարևոր հարցերը։ Օրակարգը մասամբ արդեն պատրաստ է և փոխանցվել է նախորդ հյուրընկալող երկրից՝ Կոլումբիայից։ COP17-ը լինելու է նման մասշտաբի առաջին միջոցառումը, որը կհյուրընկալի Հայաստանը։ Ակնկալվում է, որ երկիր կժամանի մինչև 30 հազար մասնակից։

Կարդացեք նաև

Back to top button