
Պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը պատմում է, որ 19-րդ դարի վերջին քառորդում Երևանի ամենանշանավոր ու հարուստ ընտանիքներից մեկը Ավետյանցներն էին։ Նրանք զբաղվում էին բրինձի մշակմամբ, ունեին բազմաթիվ դինգեր ու այգիներ Դալմայում, ինչպես նաև տներ քաղաքի տարբեր թաղամասերում։
Գարեջրի արտադրության հիմքը դրեց ընտանիքի հայրը՝ Խաչատուրը, իսկ որդին՝ Հարություն Ավետյանցը, գործը ոչ միայն շարունակեց, այլև զարգացրեց՝ այն դնելով եվրոպական հիմքերի վրա։ Գարեջուրը պատրաստվում էր Զանգվի ափին և այդ պատճառով էլ կոչվում էր «Զանգի»։ Այն արտահանվում էր Թիֆլիս, Ռուսաստան և Իրան։ Հարություն Ավետյանցը, իր գործին անչափ նվիրված լինելով, Զանգվի ափին բացեց սրճարան, որտեղ այցելուները վայելում էին «Զանգի» գարեջուրն ու հենց տեղում բռնած թարմ ձուկը։
Նա հաճախ անձամբ էր բացատրում, թե ինչպես պետք է խմել գարեջուրը, որպեսզի այն շոգին չվնասի։ Սա Երևանում առաջին սրճարանն էր և առանձնանում էր նրանով, որ ուներ էլեկտրական լուսավորություն։ Սակայն, խորհրդային կարգերի հաստատումից հետո ամեն ինչ փոխվեց։ Հարությունից հերթով խլեցին ամբողջ ունեցվածքը։ Բազմամարդ ընտանիքը ստիպված եղավ ապրել իրենց իսկ տներից մեկի ընդամենը մեկ-երկու սենյակում։ Նրա դեմ գործեր հարուցվեցին, նա մի քանի անգամ բանտարկվեց։ Վերջում սիրտը չդիմացավ այս ծանր փորձություններին։ Այսպես ավարտվեց աշխատասեր ու նվիրյալ ընտանիքի կյանքն ու գործը։




