Հիսուն և ավելի տարեկան անձանց համար համակարգչային գրագիտության անվճար դասընթացի նոր շրջափուլի մեկնարկը տրված է։ Այն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ իր Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի համագործակցությամբ։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Խանզրատյանն ասում է, որ արդեն 11 տարի անընդմեջ իրականացվող այս ծրագիրն ապացուցել է իր կենսունակությունը և հետապնդում է նպատակ մեծահասակներին տրամադրել համակարգչի և համացանցի արդյունավետ ու անվտանգ օգտագործման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Դասընթացավար Ռուբեն Մելքոնյանն ինքն էլ թիրախային խմբի մեջ է, բայց նրա համբերատարությունից տպավորված են բոլոր մասնակիցները։ Իր օրինակով ապացուցում է, որ նոր գիտելիքներ ստանալիս մարդը մնում է կենսունակ ու չի ծերանում։ Նրա խոսքերով՝ օֆլայն դասընթացից զատ շատ հաճախ օնլայն էլ է օգնում տարեկիցներին, որոնք հիմնականում կանայք են՝ ուսուցիչներ, դեղատան աշխատողներ և բուժքույրեր։
«Ես գիտեմ, թե ում հետ գործ ունեմ, ցուցաբերում եմ անհատական մոտեցում։ Տեսականը բացատրելուց հետո մոտենում եմ և օգնում եմ յուրաքանչյուրին։ Դժվարանում են մկնիկով աշխատելիս, շատ հաճախ կորցնում են»,- պատմում է նա։
Տեղեկացնենք նաև, որ մեկուկես ամիս տևողությամբ դասընթացի շրջանակում մասնակիցները սովորում են համակարգչային հիմնական հմտություններ (անվտանգ և գրագետ օգտագործում, աշխատանք ֆայլերի ու թղթապանակների հետ), Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ), համացանցի արդյունավետ օգտագործում (Google, YouTube՝ ինքնուրույն որոնումներ և նյութերի գտնում), էլեկտրոնային փոստի բազային հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործում), Facebook-ի հիմունքներ (անձնական նամակներ, մեկնաբանություններ, հրապարակումների տարածում), WhatsApp և Viber (հաղորդագրություններ, զանգեր և տեսազանգեր)։ Մեծ նշանակություն է տրվում նաև մեդիագրագիտությանը (անվտանգություն և կիրթ հաղորդակցություն համացանցում)։




