ՀարցուԳԻՏԱփորձ

Արդյո՞ք առողջ հոգին առողջ մարմնում է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Չէի ուզի տպավորություն ստեղծվի, որ երբ խոսում եմ վերջնարդյունքի մասին, պետք է անպայման տանջվելով գործողություններ անել։ Բացարձա՛կ։ Կարելի է անել շատ փոքր քայլեր, բայց հստակ մտքում ունենալ այն, թե ինչի համար ես անում և արդյունքում ինչ ես ձեռք բերելու»։

Քնել երեկոյան ժամը 10-ին, արթնանալ առավոտյան ժամը 6-ին, ուտել առողջ նախաճաշ, զբաղվել սպորտով․ ահագնաբար պրոպագանդվող այս գործողություններն ամենաբարի նպատակն ունեն, բայց ոչ մի բարի միտք չի առաջանում այն մարդու գլխում, որը ստիպված է անել այս ամենը՝ առանց խորապես հասկանալու, թե ինչու։

«Առողջապահության միջազգային կազմակերպությունն ասում է՝ շաբաթական 3 ժամ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը մարդուն կտա այնպիսի առողջություն, որ իր կյանքը կարող է 10-20 տարի երկարաձգվել»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօրվա թողարկումն առողջ մարմնի ու առողջ հոգու փոխհարաբերությունների մասին է։

***

Դժվար է գտնել մարդ, որը դեմ է առողջ լինելուն։ Հայկական խնջույքներին, օրինակ, պատշաճ հերթականությամբ կենացներ ասելուց հետո հաճախ հնչում է «կարևորն առողջ լինենք, մնացած ամեն բան կլինի» արտահայտությունը։ Մարդիկ սրտանց հավատում են սրան, բայց երբ հասնում է ընտրության պահը, սովորաբար նախապատվությունը տրվում է այդ «մնացած ամեն բան»-ին։ Մարդիկ գիտեն, որ առողջ լինելը կարևոր է, գիտեն, որ կան պարզ գործողություններ, որոնք կարող են ապահովել այդ առողջությունը, բայց կարևորությունների առաջնահերթությունների մեջ այդ պարզ գործողությունները հաճախ չեն տեղավորվում։ Իմացության այս շղթայում ինչ-որ սխալ կա։

Ինչո՞ւ ենք հրաժարվում կամ դժվարանում անել այն, ինչի անհրաժեշտության հետ կապված վերապահումներ չունենք, ֆիզիկական ակտիվություն դրսևորելուն ընդդիմանում է մեր մարմի՞նը, ժամանա՞կը, սոցիալական կարգավիճա՞կը, թե՞ խնդիրը ներսում՝ որոշումների ու մոտիվացիայի դաշտում է, ինչո՞ւ է երբեմն մարզասրահը՝ որպես ֆոտոստուդիա, մարզվելը՝ որպես պարտադրված նորմերին համապատասխանելու փորձ ընկալվում, առողջ հոգին առողջ մարմնո՞ւմ է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Ես մարզասրահ հաճախողներին բաժանում են 4 կատեգորիայի․ կան մարդիկ, որ գալիս են կոնկրետ մարզվելու, արդյունք ստանալու։ Դա, անկեղծ, տոկոսային հարաբերակցությամբ ամենաքիչ՝ 10-15 տոկոսն է կազմում։ Գնալով էդ թիվը մեծանում է, բայց, իմ կարծիքով, դեռ քիչ է»։

10 տարի Արտաշես Պապիկյանը մարդկանց ավելի առողջ ու գեղեցիկ լինել է սովորեցնում։ Զրույցի համար նախատեսված կարճ ժամանակն անցկացնում ենք հենց մարզասրահում։ Մարզվելու որոշում կայացրած մարդկանց հետ ամենահաճախը շփվող մասնագետներից մեկը պատմում է՝ ինչ մոտիվացիայով են նրանք այստեղ․

— Երկրորդ կատեգորիայում էն մարդիկ են, ովքեր գալիս են ուղղակի զրուցելու համար։ Երևի հոգեբանին փոխարինելու միջոց է, շփվում են, փորձում են հաղորդակցել, իրենց խնդիրներն են պատմում։ Մարդիկ կան, ովքեր գալիս են կոնկրետ ծանոթությունների համար, տղաները գալիս են՝ աղջիկների, աղջիկները՝ տղաների հետ հարաբերակցություն կառուցելու համար։ Իսկ 4-րդը ամենաունիվերսալ տարբերակն է՝ գալիս են ամեն ինչի համար․ նրանք հա՛մ մարզվում են, հա՛մ զրուցում են, հա՛մ էլ ծանոթանում են։
— Համ էլ նկարվո՞ւմ։
— Համ էլ նկարվում (հեղ․- ծիծաղում է)
։

Այն 10-15 տոկոսը՝ սպորտային մոտիվացիայով առաջնորդվողները, ունեն մի քանի առաջնահերթություն՝ քաշի նվազեցում, կառուցվածքի բարելավում, մկանային զանգվածի ավելացում և այլն։ Բայց ֆիզիկական ակտիվություն ապահովելու համար մարզասրահ գալը պարտադիր պայման չէ՝ ասում է Արտաշես Պապիկյանը։ Նրա հետ փորձել ենք հասկանալ՝ ինչու է օրական մի քանի գործողություն անելը երբեմն մարդկանց դժվար տրվում։

«Միջին ֆիզիկական ակտիվությունը կարող ես ապահովել նույնիսկ սովորական քայլելու միջոցով։ Ու շատ հետազոտություններ կան, որ ասում են՝ ամենաառողջարարը մարդու օրգանիզմի համար սովորական քայլքն է։ Մեր քաղաքը, ճիշտ է, այդքան էլ հարմարեցված չէ, բայց բազում տեղեր կան, որտեղ կարող ես քայլել։ Երբ երեխան ծնվում է, դաստիարակում ենք, ասում ենք՝ բարոյական լինելու համար էս բաները պետք է անել, ինչ-որ տեղ ես մտնում՝ պետք է բարևես, զրուցես, մինչև մեծերը հարց չեն տալիս՝ չպատասխաս․ դաստիարակության ինչ-որ նորմեր կան։ Գոյություն ունի նաև ֆիզիկական դաստիարակություն, որը ոչ բոլոր ընտանիքներում է լինում։ Դրա պատճառով, երբ մարդիկ մեծանում են, դժվարանում են ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, նրանք էդ որակները, ռուսերեն ասեմ՝ навик-ները չունեն։ Իրենց համար դժվար է մեծ սթրեսի պայմաններում, օրինակ, երբ օրվա ընթացքում պետք է հազարավոր բաների մասին մտածես, մի միտք էլ ավելացնել՝ պետք է մարզվել»։

Մարզչի խոսքով՝ բոլորը պատշաճ գիտակցում են՝ ինչքան առողջարար է սպորտով զբաղվելը, բայց լավ չեն պատկերացնում՝ ինչքան վնասակար է դա չանելը։ Կարճաժամկետ խնդիրներ լուծելու սովոր միջին վիճակագրական մարդուն չես վախեցնի այն մեջքի ցավով, որը կարող է առաջանալ 50 տարի հետո։ Բայց հաճախ մարզվելու մոտիվացիան առողջությունը չէ։ Սա մարզիչներին չի անհանգստացնում, եթե տրամաբանության սահմաններում է․

«Հիմնական խանգարող կետերից մեկն այն է, որ կանոնավոր չի էդ ամենը։ Ինչ-որ տեսահոլովակ են տեսել, մոտիվացվել են, կամ արդյունքի հասած ընկերոջ հետ է զրուցել, էդ մոտիվացիան իրեն մարզասրահ է բերել։ Փորձը ցույց է տալիս, որ այդ մոտիվացիան կարճաժամկետ էֆեկտ ունի։ Մեր՝ մարզիչներիս հիմնական խնդիրը մարդու մոտիվացիան բարձր պահելն է, դիսցիպլինայի վերածելը։ Սովորաբար դժվարը սկզբի 2-3 շաբաթն է․ եթե կարողացար համոզելով, սիրաշահելով, փոքրիկ հոգեբանական հնարքներով գրավել, քցել «ֆիթնեսի ցանցը», հետագայում ավելի հեշտ է լինելու։ Բայց առաջին քայլով պետք է մարդու մոտ ճիշտ նպատակներ ձևավորես»։

20 օրում 20 կգ քաշ կորցնելն ու աշխարհի ամենագեղեցիկ զգեստի մեջ տեղավորվելը լավ գաղափար չէ, բայց լավ հիմք է առողջ սովորություններ ձևավորելու համար։ Մարզասրահը ինստագրամյան նկարներ ստեղծելու համար ծառայեցնելն արդյունավետ չէ, բայց մարզվող մարդու իմիջը, որը ստեղծում ենք ուրիշների համար, կարող է մեզ էլ դուր գալ։ Եվ գուցե հենց այդ ժամանակ մարդը, ով գիտի՝ մարզվելը լավ է, հանկարծ սկսի իսկապես մարզվել։

***

«Եվ ինչ բացահայտվեց․․․ մարզվելու պարագայում շատ նշանակալի գործոններ են նախկին փորձը, դիրքորոշումները՝ ինչքանո՞վ է կարևոր, ինչքանո՞վ է դա լավ, ինչքանո՞վ է ինձ համար նշանակալի, և որպես առանցքային գործոն կառանձնացնեմ ինքնավար կամ, այլ կերպ ասած, ներքին մոտիվացիան, այսինքն՝ երբ մարդն ունի հստակ պատկերացում, վերջնարդյունքի գիտակցում, ներքին գիտակցական որոշում, մեծ է հավանականությունը, որ կձևավորի այդ մտադրությունը և մտադրությունից էլ կդառնա վարք»։

Հոգեբան, հոգեթեևապևտ Աննա Հակոբջանյանի գիտական հետաքրքրության շրջանակում առանցքային տեղ ունի առողջության հոգեբանության ոլորտը։ Ուսումնասիրել է, թե որոնք են ֆիզիկական ակտիվություն ունենալու որոշում կայացնելուն նպաստող ու խոչընդոտող գործոնները։ Ասում է՝ առաջնայինը ներքին ու արտաքին մոտիվացիաները տարանջատելն է․

«Եթե մեր նպատակակետը, օրինակ, առողջ լինելու գաղափարն է, էս դեպքում մոտիվացիան ներքին է, և մենք ավելի հեշտ ենք ընդգրկվում գործունեության մեջ։ Բայց եթե մոտիվացիան արտաքին է, ինչքան ուզում է հստակ դիրքորոշումներ, պատկերացումներ ունենանք, վերջնարդյունքի ներքնայնացված չլինելու պարագայում մենք անընդհատ կհետաձգենք։ Էդպիսի հումոր կա անգամ՝ մեկը թղթի վրա գրում է՝ «Վաղվանից սկսում եմ վազել», փակցնում է առաստաղին ու ամեն օր աչքերը բացում, ասում է՝ ինչ լավ է, որ այսօրվանից չէ։ Երբ կողքից նայում ենք, որոշման կայացումը ինչ-որ շատ ակնթարթային բան է թվում, բայց եկեք հասկանանք, որ որոշման կայացումից առաջ ահռելի մեծ հոգեկան աշխատանք է կատարվում։ Մասնավորապես, որոշումից առաջ կա մտադրության փուլ։ Մտադրությունը իր հերթին ձևավորվում է ինչ-որ դիրքորոշումների հիման վրա։ Մեծ մտավոր աշխատանք է կատարվում, մինչև գալիս, հասնում է մտադրության, մտադրությունից անցնում է որոշման, որոշումից հետո՝ գործողությունն իրականացնելուն»։

Եվ եթե մարդը լիարժեքորեն չի հասկանում՝ ինչու է անհրաժեշտ քնել ժամը 10-ին, արթնանալ՝ 6-ին, սնվել առողջ ու զբաղվել սպորտով, ապա չի անի դա՝ ինչքան էլ համեղ լինի ավոկադոն ու հարմար՝ մարզակոշիկները։ Բայց կա հարցի մութ կողմը ևս։ Օրինակ՝ որոշումն արդեն կայացվել է։ Մարդը սրտանց հավատում է իր ցանկությանն ու անում է ամեն ինչ՝ հանուն լավ ինքնազգացողության ու այն մեջքի, որը չի ցավի 50 տարի հետո։ Բայց այդ մտքից բացի ունի նաև մտասևեռում և, օրինակ, չի կարողանում ներել իրեն մեկ պարապմունք բաց թողնելու համար։

«Շատ կարևոր է՝ որքանով ենք ինքներս մեզ ճանաչում։ Եթե մենք գիտենք, թե մենք ինչպիսին ենք, գնահատում ենք մեր ամենատարբեր կողմերը՝ թե դրական, թե բացասական, թե թույլ-ծույլ, թե ուժեղ, ամեն ինչով հանդերձ ընդունում ենք, որ ես այսպիսին եմ ու, այո՛, ես ընտրել եմ այս ճանապարհը, ես հասկանում եմ, թե ինչի համար եմ անում, ապա կարող եմ այսօր ինձ թույլ տալ դա չանել՝ առանց ինքնախարազանման։ Սա, իհարկե, հեշտ չէ, որովհետև ամենօրյա ծանր աշխատանք է պահանջում, բայց եթե դա ընդունում ենք, նաև հասկանում ենք, որ էդ ամենի մի մասն է նաև մեր ինքնախնամքը, ու էդ մի օրվա հանգիստը կարող է ընդամենը ինքնախնամքի մասին լինել, ոչ թե արածը ջուրը գցելու»։

Սպորտային մեծ ակտիվություն ունենալու որոշում չկայացնելը ևս մարդկային է։ Գուցե դուք շատ եք ուզում ունենալ առողջ մարմին, բայց առավոտյան անկողնուց վեր կենալն այնպիսի տանջանք է, որ խալխլում է հոգեկան հավասարակշռությունը։ Այս դեպքում մարդու մոտ կարող է առաջանալ մեղքի զգացում՝ հիշեցնում է հոգեբանը ու հորդորում մոտիվացիոն հրահրումների մեջ ավելի զգույշ լինել։ Մյուս կողմից, ասում է, չպետք է մոռանալ, որ հարմարավետության գոտին լինելու լավագույն վայրը չէ, ու եթե տխրում եք, որ ունեք մարզվելու կարևորության գիտակցում, բայց ոչ կամքի ուժ, ապա միանգամից մարաթոնային վազքի գրանցվելու կարիք չկա․ սկսեք մարզակոշիկներ հագնելուց։

«Պարտադիր չէ միանգամից մեծ քաշերով պարապել կամ շատ ներգրավված սպորտային ակտիվություն ունենալ։ Կարող է լինել օրեկան 5 րոպե զբոսանք,  բայց մարդը կհասկանա, որ դա շատ ավելի մեծ նպատակի համար է, ու դա մի կողմից ինքնախնամքի ձև է՝ խնայելով իր հոգեկան ուժերը, եթե չի ուզում տանջել, մյուս կողմից՝ իր ներքին մոտիվացիայի զարգացման առաջին քայլը, որ կարող է քայլ առ քայլ հասնել էն հիմնական վերջնարդյունքին, որը կձևավորի իր վարքի կանոնությունը՝ առանց հոգին շատ վնասելու»։

Առողջ լինելը հարմար է․ սա պարզ ճշմարտություն է։
Ֆիզիկական ակտիվությունն առողջ է․ սա՝ ևս։

Մարդիկ, որոնք ոչ մի վերապահում չունեն վերոնշյալ պնդումների հետ, ունեն ակտիվ չլինելու իրենց պատճառները՝ վստահ է հոգեբանը։ Այստեղ է, որ ձևավորվում է չնկատվելու չափ պարզ դարձած հերթական երևույթին մի քիչ հեռվից նայելու, դատելու, վերլուծելու անհրաժեշտությունը։ Գուցե այդ ժամանակ պարզ դառնա, որ քայլելն այնքան էլ դժվար չէ, քայլերի արագությունն ավելացնելը երբեմն հաճելի է, կարճ վազքը կարծես դուր է գալիս ու մի օր էլ, հանկարծ, սպորտը դառնում է առօրյա սովորություն։

Կարդացեք նաև

Back to top button