Դպրություն

Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Սիգման» լազերների միջազգային դպրոցը․ «Դպրություն»

Հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը Երևանի պետական համալսարանում կայացավ «Սիգման» լազերների միջազգային դպրոցը, որը կազմակերպվել էր ԵՊՀ-ի, «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և Բրյուսելի ազատ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ։

«Սիգման» միջազգային դպրոցը մեկշաբաթյա ամենամյա ծրագիր է, որը ուսանողներին հնարավորություն է տալիս խորությամբ ուսումնասիրելու լազերային ֆիզիկայի հիմունքներն ու լազերների կիրառությունները գիտության և տեխնոլոգիաների տարբեր բնագավառներում։ 

Մասնակիցներին նաև հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իրենց սեփական հետազոտությունները, գրանցած գիտական արդյունքներն ու եզրակացությունները։

««Սիգման» լազերների միջազգային դպրոցն արդեն 11-րդ տարին է, ինչ իրականացվում է։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ենք ունեցել Հայաստանում կազմակերպել հերթական «Սիգման» դպրոցը։ Շատ կարևոր են նաև ներկայում ԵՊՀ–ի հետ կապված արդեն շրջանավարտ կամ աշխատող մարդկանց կապերը «OPTICA» միջազգային կազմակերպության հետ։ Այս համագործակցության շնորհիվ է, որ հնարավոր եղավ «Սիգման» միջազգային դպրոցը անցկացնել մեզ մոտ։ Այսպիսի միջոցառումները շատ օգտակար են, հեղինակություն են բերում, հնարավորություն են տալիս գործող, աշխատող գիտնականներին և ուսանողներին նոր կապեր հաստատել։ Ընդհանրապես, այսպիսի միջոցառումները երկարաժամկետ էֆեկտներ են ունենում այլ մեծ, հեղինակավոր միջոցառումներ իրականացնելու համար»,– ասում է ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը։

««Սիգման» լազերային դպրոցը, ի սկզբանե, նպատակ է ունեցել ուսանողներին տալ լազերային ֆիզիկայի հիմունքների կիրառությունների, տարբեր բնագավառներում կիրառական խնդիրների լուծման մասին տեղեկատվություն։ Թոնի Սիգմանը մազերների, լազերների հիմնադիրներից է, ու հատկանշականն այն է, որ այս դպրոցը հիմնել են իր ուսանողները, իր ընկերները՝ նպատակ ունենալով հենց իր գաղափարախոսությունը լազերային ֆիզիկայի մասին հասցնել այս սերնդի ուսանողներին։ «Սիգման» դպրոցը ԵՊՀ-ում հյուրընկալելը գալիս էր նաև մեր ամբիցիաներից։ Մենք նպատակ ունենք մեր կազմակերպած միջոցառումներով ցույց տալ, որ Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտը չի զիջում ոչ մի ուրիշ միջազգային կրթական համակարգի և մենք էլ կարող ենք հյուրընկալել արտասահմանցի գիտնականների, գիտական փորձեր ցուցադրել և այլն։ Փորձեցինք ցույց տալ, որ մենք կարող ենք մրցունակ լինել աշխարհի տարբեր երկրների տարբեր համալսարանների հետ»,-ասում է ԵՊՀ շրջանավարտ, «OPTICA» միջազգային կազմակերպության դեսպան, Բրյուսելի ազատ համալսարանի գիտաշխատող Տաթևիկ Չալյանը։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են ԵՊՀ շրջանավարտ, «OPTICA» միջազգային կազմակերպության դեսպան, Բրյուսելի ազատ համալսարանի գիտաշխատող Տաթևիկ Չալյանը և ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը։

Կարդացեք նաև

Back to top button