ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ոռոգման խնդիրներ կարող են լինել, թեև ջրամբարները լիքն են․ ինչպե՞ս ջուրն անկորուստ հասցնել գյուղացուն

Տարածքային զարգացման հիմնադրամից հայտնում են, որ Վեդիի ջրամբարն սկսել է ջուր ամբարել։ 29,4 մլն մ3 տարողությամբ ջրամբարում արդեն 11,6 մլն մ3 ջուր կա։ Այդքան ջրով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել Արարատի մարզի 11 բնակավայրերի 3․220 հա հողատարածքները։ Ջրամբարի կառուցման համար ծախսվել է 60 մլն եվրո։ Ես 30 մլն եվրո էլ ծախսվել է Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցներ, ջրի փոխադրման և ոռոգման համակարգ կառուցելու համար։ Մյուս խոշոր ջրամբարները նույնպես այս տարի ամբողջությամբ լցված են։ Բայց ոռոգման ջրի կառավարման խնդիր կա։

Այս տարվա առատ տեղումները դրական նշանակություն ունեցան Հայաստանի ջրային պաշարների կուտակման համար։ Ջրամբարների մեծ մասը ամբողջությամբ լցված է։

 Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյան․

«5 խոշոր ջրամբարներում ջրի գումարային ծավալները կազմում է 826 մլն մ³, որը 2025 թվականի նույն օրվա ցուցանիշից ավելի է 192 միլիոն մ³–ով»։

1935թ–ից ի վեր այս տարվա գարունը ամենախոնավն էր՝ ասում են մասնագետները։ Գարնանային վարարումների հոսքի ծավալը ևս նորմայից բարձր է եղել։ Այն, թեև ոչ նույն ինտենսիվությամբ, դեռ աճում է։

«Գարնանային վարարումների հոսքի ծավալները հատկապես բարձր էին Հրազդան, Արփա, Վեդիի, Ձկնագետ, Որոտան գետի ավազաններում՝ կազմելով նորմայի մինչև 170 %–ը, իսկ Արփա ,Արենի  գետերում նորմայից բարձր է եղել` կազմելով նորմայի 250 %–ը։ Հունիս ամսին բոլոր գետերում ջրի միջին ամսական ելքերը գերազանցել են նորման»։

Սևանա լճի մակարդակն էլ այս տարի բարձրացել է։ Ավելին՝ այս տարի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի ժամկետը երկարաձգվել է։ Ջրառատ տարին ենթադրում է, որ ոռոգման խնդիրներ չեն լինի։ Բայց մասնագետներն ասում են, որ միայն ջրի առկայությունը բավարար չէ գյուղացուն ջուր հասցնելու համար։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝  1,5 միլիարդ խորանարդ մետրը բավարար է ոռոգումն ապահովելու համար։ Ջերմաստիճանը բարձրանում է, գոլորշիացումը մեծանում է, հետևաբար և ոռոգման արդյունավետությունն է ընկնում։ Որպես հետևանք՝ ոռոգելի մակերեսները կավելանան երկու անգամ։ Այստեղ կարևոր է, որ ոռոգման համակարգը կարգի բերվի՝ ներտնային ցանցերից մինչև մայր ջրանցքների մաքրում ՝ ասում է Գուրգեն Եղիազարյանը։ Բայց այդ ամենը կախված է հնարավորություններից, ֆինանսական կարողություններից։ Հայտնի է, որ ջրօգտագործող ընկերությունների ֆինանսները մեծ չեն՝ ասում է։ Բացի այդ, սպասարկվող տարածքներն են շատ։ Ջրանցքների մի մասը ջրօգտագործող ընկերությունների հաշվեկշռում է, մի մասն էլ համայնքներն են սպասարկում։ Ըստ էության, մաքրում են ըստ իրենց հնարավորությունների։ Ոռոգման համակարգի հիմնական խնդիրը ջրի արդյունավետ կառավարումն է՝ ասում է մասնագետը, քանի որ հողերը հիմնականում կտրտված են, շատ ջուր են կլանում։ Ըստ այդմ՝ ջրի կորուստն էլ մեծ է։ Անգամ ջրամբարների ամբողջությամբ լցվածության դեպքում հնարավոր չի լինում ոռոգման ջուրը լիովին հասցնել գյուղացուն։ Բացի այդ, այլ խնդիրներ էլ կան․

«Ջրաղբյուրները ջրամբարները , ստորերկրյա ջրերն են մասամբ։ Ջրամբարներից ջրառի դեպքում մենք ունենք ջրի մաքրման անհրաժեշտություն»։

Հայաստանում ոռոգումն 95 տոկոսով արվում է բաց համակարգով։ Որպեսզի այն արդյունավետ լինի, պետք է անցնել փակ համակարգի՝ ասում է մասնագետը։ Ընդհանուր առմամբ, մշակվող տարածքները երկրում չեն ավելանում, քանի որ գյուղատնտեսները շահագրգռված չեն այդ տարածքները մշակելու։ Դա պայմանավորված է նրանով, որ շատ տարածքներում  ոռոգման համակարգ չկա, կամ ջուրը քիչ է և չի հասնում դաշտերին։ Այդ պայմաններում ոչ մի գյուղատնտեսական գործունեություն չի կարող արդյունավետ լինել։ Այստեղ է, որ ոռոգման կաթիլային եղանակն է կաևորվում․

«Ասել, թե բոլոր բույսերի, բոլոր պայմաններում կարելի է կաթիլային համակարգ դնել, իհարկե, սխալ է, որովհետև, օրինակ բերեմ՝ Արարատյան դաշտի պայմանները բավականին խիստ են, որովհետև մենք ունենք  և՛ աղակալման երևույթներ և ունենք բարձր ջերմաստիճան և, հատկապես, հողի ծանր մեխանիկական կազմ։ Այս ամենը և իհարկե, սրան նաև գումարած, եթե նայենք ջրամատակարարման ոչ հուսալի նաև մատակարարման համակարգը, դա կաթիլային ոռոգման դեպքում կարող է մեծ ռիսկեր պարունակել, որովհետև մենք խոսում ենք ֆերմերի գործունեության արդյունավետության բարձրացման մասին»։

Ոռոգման խնդիրը փոքր ինչ կլուծվի նաև, երբ Վեդիի ջրամբարում կուտակված ջուրն օգտագործվի։ Շուրջ 29 ու կես միլիոն խմ տարողությամբ ջրամբարում արդեն ավելի քան 11 միլիոն խմ ջուր է հավաքվել։Այդ ծավալով հնարավոր է  ինքնահոս եղանակով ոռոգել Արարատի մարզի 11 բնակավայրի 3220 հեկտար հողատարածքները։

Կարդացեք նաև

Back to top button