
Հոնկոնգի փողոցներում ժողովրդավար ընտրություններ պահանջող տասնյակ հազարավոր ցուցարարներ երկրի իշխանություններին վերջնագիր են ներկայացել մինչև հոկտեմբերի մեկը. նրանք պահանջում են ստեղծել ազատ, արդար ընտրությունների համար համապատասխան պայմաններ կամ՝ հրաժարական տալ:
Հոնկոնգում 2017-ին վարչակազմի ղեկավարի ընտրություններ են, ցուցարարները դժգոհ են, որ Չինաստանի իշխանությունները ցանկանում են խոշորացույցի տակով անցկացնել բոլոր թեկնածուներին: Ցուցարարներն այսօր հայտարարել են, որ չեն պատրաստվում նահանջել, Պեկինն էլ՝ զիջումների գնալ. Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Լյան Չժենինը քաղաքի կենտրոնը շրջափակած ցուցարարներին կոչ է արել անհապաղ դադարեցնել ցույցերը և նախազգուշացրել, որ չի հանդուրժի ապօրինի գործողություններ:
Թեև քաղաքի կենտրոնական փողոցները վերահսկում են բողոքավորները, այսօր քաղաքում համեմատաբար հանգիստ է: Սպասվում է, որ բողոքի գործողությունները կակտիվանան վաղը. երկում նշվում է Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման օրը: Հոնկոնգի հուզումներն արդեն սոցիալական կայքերում անվանում են հովանոցների հեղափոխություն, քանի որ ցուցարարները շոգից հովանոցներով են պաշտպանվում:
Պաշտոնական Պեկինը բողոքի գործողությունների առիթով դիմել է միջազգային հանրությանը՝ Չինաստանի ներքին գործերին չմիջամտելու և ապօրինի գործողություններին չսատարելու կոչով: Վերլուծաբանները կարծում են, որ կոմունիստական երկրում սկիզբ առած շարժմանը ժողովրդավարության ջատագով արևմտյան երկները կարող են սատարել: Թեև հնչում է նաև հակառակ կարծիք. «հովանոցների հեղափոխությունը» դիրիժոր ունի ի դեմս արևմտյան, մասնավորապես ամերիկյան քաղտեխնոլոգների:




