Երկրորդ շնչառություն

Կենսատուն․ ոչ ֆորմալ կրթական հարթակ 60+ տարիքի անձանց համար․ «Երկրորդ շնչառություն»

Կենսատուն ոչ ֆորմալ կրթության կենտրոնը Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ մայիսից հնարավորություն է տալիս 60 և ավելի տարեկան անձանց շարունակել կրթությունը, ձեռք բերել նոր հմտություններ, հաստատել սոցիալական կապեր:

Մասնակցության ամսական, տարեկան և օրական փաթեթներ ցանկացողները կարող են ձեռք բերել ինչպես իրենց, այնպես էլ ծնողների ու հարազատների համար: Նախատեսվում են համակարգչային, ֆինանսական գրագիտության դասընթացներ, կուսուցանվեն խոհարարական նոր մոտեցումներ, ոճաբանություն, կլինեն էքսկուրսիաներ, այցեր մշակութային հաստատություններ, կկազմակերպվեն հագեցած միջոցառումներ:

«Հետազոտություն անցկացրեցի և ուզում էի պարզել Հայաստանում մարդիկ չե՞ն ուզում կրթվել, թե՞ մեր երկրում չկան ոչ ֆորմալ կրթական հարթակներ: Պարզեցի, որ 60-ից հետո էլ մարդիկ ուզում են սովորել»,-անցած ճանապարհն է ներկայացնում կենտրոնի հիմնադիր Քրիստինե Գալստյանը:

Նրա խոսքով, կենսաթոշակառուների շրջանում անցկացված հարցումները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ իրականացված Ֆիզիկական ակտիվությամբ խմբակներն ի ցույց են դրել ավագ սերնդի կրթական կարիքները: Նախաձեռնության հիմքում ընկած է շարունակական, ցկյանս կրթության գաղափարը, քանի որ մարդը երիտասարդ է, քանի դեռ ունի սովորելու ցանկություն:

«Եթե նայեք մեր տարբերանշանին կտեսնեք մեր խորհրդանիշերը՝ տուն, շարժվող մարդ, և : Կենտրոնը կոչվում է Կենսատուն, այսինքն, տուն, որտեղ միշտ կյանք կա ու չի ավարտվում դրական էներգիան ու մտածողությունը»,-բացատրում է հիմնադիրը:

Երևանի Մ.Հերացու անվան Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գոհար Ալեքսանդրյանը տարիներ շարունակ հետաքրքրված է ծերաբանությամբ, այսօր դասավանդում է Կենսատանը: «Մենք տեսնում ենք, որ հաճախ տարեց մարդիկ մնում են միայնակ իրենց տարիքի ու նոր մարտահրավերներին հանդիման, թեև ունեն մեծ ներուժ և էներգիա»,- ասում է նա: Տարիքի մասին հարցը տիկին Գոհարն անընդունելի է համարում, բայց իր օրինակով ասում է, որ կարելի է հաղթել տարիքին. նա քայլում է օրական 4-6 կմ, սնվում է առողջ, նոր լեզուներ է սովորում, շատ կարդում է ու շփվում է երիտասարդների հետ:  

Կենտրոնի հիմնադիրն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ Կենսատանը դասավանդում են համալսարանի դասախոսները, իսկ ուսուցանվող թեմաների ընտրության ժամանակ անպայման հաշվի են առնվում ավագ սերնդի սովորողների ցանկությունները: Ք.Գալստյանի խոսքերով, նոր ստացած գիտելիքն ուղղակի չի մնում ուղեղում, անմիջապես ցանկություն է առաջ գալիս օգտագործել այն, ինչն էլ նոր հնարավորություններ է բացում մարդու առաջ:

Կարդացեք նաև

Back to top button