«Բա երեխա չեք ունենո՞ւմ։ Իսկ եթե երեխա ունեցաք, երկրո՞րդը։ Իսկ եթե նույն սեռի են, բա ո՞նց, բա հակառակ սեռի երեխա չեք ունենալո՞ւ։ Իսկ եթե 2 տարբեր սեռի երեխա ունեք, բա էդ երեխաները քույր-եղբայր չունենա՞ն»։
Ոչ՝ սկսել են ավելի հաճախ ասել երիտասարդները։ Ինչպե՞ս թե՝ սկսել են տարակուսել ավագները։ Ու հավանաբար մեկ զույգ ձեռք հարվածել է մեկ զույգ ծնկի՝ «հայկական ընտանիքից բան չի մնացել» սիրտ կեղեքող մտքով։
«Եթե մենք ինչ-որ բանից պետք է բողոքենք, ապա պետք է գնանք 1920 թ., այսինքն՝ 100, նույնիսկ 105 տարի հետ և սկսենք բողոքել էնտեղից։ Այսօր այդ գործընթացները ընդամենը շարունակվում են»։
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք պարզել՝ ո՞ւր կորավ «ավանդական հայկական ընտանիք»-ը։
Մենք կփորձեինք տալ այս հարցի՝ հենց ձեզ բավարարող պատասխանը, եթե իմանայինք՝ ինչ եք հասկանում հենց դուք ավանդական հայկական ընտանիք ասելով։ Երբ ասում ենք, որ ուզում ենք, օրինակ, կանաչապատ տարածք, ոչ ոքի մոտ չի առաջանում «իսկ դա ի՞նչ է» հարցը։ Բայց հասարակական-կենցաղային խոսույթում հաճախ կարոտով հիշատակվող այդ ընտանիքը, որը մեղմ արտահայտվել փորձողների համար՝ փոփոխվել, իրավիճակն ավելի սուր ընկալողների համար՝ կորսվել է, այդպես էլ լիարժեքորեն չի սահմանվել։
«Իսկ դա ի՞նչ է» հարցի պատասխանը մենք էլ չենք տա։
Փոխարենը կփորձենք հասկանալ՝ ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք՝ ավանդական հայկական ընտանիքի մոդելը փոխվել է։ Երբվանի՞ց և ինչի՞ համեմատ է փոխվել, ինչպիսի՞ն էր այն ու ինչպիսի՞ն դարձավ, մարդկանց կյանքի ո՞ր փոփոխությունները հանգեցրին ընտանիքների ձևի ու բովանդակության փոփոխությանը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մոդել ասելով հասկանում են ընտանիքի կազմը և ընտանիքում գոյություն ունեցող հարաբերությունների կառուցվածքը։ Կա գերդաստանային ընտանիք, այսինքն ընտանիք, որտեղ միասին ապրում են մի քանի սերունդներ, դա 2 դար առաջվա ընտանիքի հիմնական մոդելն է։ Կա ընդլայնված ընտանիք, որտեղ էլի ապրում են մի քանի սերունդ, բայց ոչ մի քանի ընտանիքներ, այսինքն կարող են ապրել, ենթադրենք, տատիկ, պապիկ, մայր, հայր, երեխաներ, բայց ոչ 3-4 եղբոր ընտանիքներ միասին։ Եվ կա միջուկային ընտանիք՝ ծնողներ և երեխաներ։ Դա նաև կոչվում է նեոոլոկալ, երբ նորաստեղծ ընտանիքը տեղափոխվում է ապրելու նոր տեղ»։
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Աննա Ոսկանյանի հետ մեր զրույցն ընտանիքի այս 3 մոդելների մասին է։ Առաջին ճշտումը․ ընտանիքի մոդելը հայկական չի լինում։ Որքան էլ փորձենք բավարարել այս առումով ևս բացառիկ լինելու մեր ցանկությունը՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներում են ընտանիքները կազմվում այս մոդելներով։ Բացառություն են միայն որոշ մահմեդական երկրներ, ուր տարածված է, օրինակ, բազմակնությունը։ Հայաստանում ավելի մեծ տարածում ունեցել են գերդաստանային ընտանիքները։ Ե՞րբ և ինչո՞ւ սա փոխվեց․
«Հայկական ընտանիքի մոդելը սկսել է փոխվել դեռևս անցյալ դարի 20-ական թվականներից, և արդեն Սովետական Միության ժամանակ այս մոդելից գրեթե ոչինչ չէր մնացել։ Երկու պատճառ կա․ առաջինը արդյունաբերականացումն է, մյուսը` քաղաքների զարգացումը՝ ուրբանիզացիան։ Մարդիկ արդյունաբերությանը մասնակցելու համար գյուղական վայրերից տեղափոխվում էին քաղաքներ, և շատ հաճախ ո՞վ էր տեղափոխվում՝ երիտասարդ աշխատուժը։ Իրենք այնտեղ ստեղծում էին ընտանիք և ապրում էին նեոլոկալ վիճակում, իսկ ծնողները մնում էին գյուղում։ Ես կարող եմ ձեզ միանշանակ ասել, որ Սովետական Միության այ էդ ինդուստրիալիզացիայի թեժ ժամանակներում նեոլոկալ ընտանիքների քանակը շատ ավելի մեծ էր»։

Դիտավորություն փնտրել պետք չէ․ այդպես պարզապես հարմար էր։ Իսկ այսօր երիտասարդ ընտանիքի՝ նույն թաղամասի մեկ այլ բնակարան տեղափոխվելու որոշումը հնարավոր չէ բացատրել տնտեսական շահով։ Այդ դեպքում ինչո՞ւ է այդ որոշումն այնուամենայնիվ կայացվում։
«Երբ աղջիկն ամուսնանում և գալիս է տղայի տուն (դա կոչվում է պատրիլոկալ ընտանիք), ինքը մտնում է արդեն կայացած ինչ-որ մշակույթ, բայց ինքը իր հերթին ինչ-որ մի մշակույթի ներկայացուցիչ է, և այստեղ նույն էֆեկտն է, երբ մի ազգի ներկայացուցիչը գնում է ապրելու ուրիշ երկրում․ կարող է ադապտանալ, կարող է չադապտանալ, կարող է լուծվել, կարող է ինքը փոփոխել այդ ամբողջ մշակույթը։ Իհարկե ինչքան ավելի շատ են սերունդները, այնքան ավելի շատ են ընտանեկան բախումները։ Իսկ ինչո՞ւ են շատ հաճախ տղամարդիկ հեռանում հայրական տնից։ Որովհետև իրանք էլ են ուզում որոշակի ազատում, չեն ուզում լինել ընտանիքի փոքր տղամարդը, իրանք ուզում են լինեն գլխավոր տղամարդը, ուզում են ձևավորեն իրենց մշակույթը իրենց ընտրած կնոջ հետ»։
Մեկ այլ կարևոր փոփոխություն մարդկանց կյանքում, որ դարձել է ընտանիքի մոդելի փոփոխության խթան․ հիմա կարգավիճակը ոչ թե ժառանգում, այլ ստեղծում են։ Մեծ ընտանիքի հետ ու մեծ ընտանիքի ստվերում ապրելու անհրաժեշտությունն այս տեսանկյունից ևս չեզոքացել է․
«Բանն այն է, որ առաջ կարգավիճակը փոխանցվում էր ընտանեկան պատկանելությամբ։ Եթե դու ազնվական ընտանիքի տղայի հետ ես ամուսնանում, դառնում ես ազնվական, եթե դու գյուղական ընտանիքի տղայի հետ ես ամուսնանում՝ գյուղացի և այլն։ Եվ երբ հիմա կարգավիճակ ունենալու համար պետք չէ այդ կարգավիճակը ժառանգել, դու կարող ես արդեն ինքնուրույն կառուցել քո կյանքը։ Օրինակ, քո հարազատները կարող են լինել հարգված գյուղացիներ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, բայց դու բարձրագույն կրթություն ես ստանում և դառնում ես, ենթադրենք, բժիշկ։ Դա քո ձեռքում է։ Այսպիսի փոփոխությունները բերում են նրան, որ կինը կամ տղամարդը ուզում են իրենց նույնականացնել կոնկրետ իրենց կողքը գտնվող մարդու, ոչ թե այս մարդու հետևում կանգնած պատմության հետ»։

«Առաջ դիմում էին հոգեբանի միայն այն դեպքում, եթե դատարանն էր դա պարտադրում կամ արդեն ծայրահեղ պահին է հասել, դեռ դատարան չեն դիմել, բայց հասկանում են, որ էլ ընտանիքը փրկելու տարբերակ չկա։ Իսկ հիմա շատ և շատ ավելացել են այն հաճախումները, երբ որ մարդիկ դիմում են մասնագետի, որպեսզի հանկարծ բաց չթողնեն էն պահը, երբ արդեն ուշ կլինի»։
Հոգեբանական գիտությունների թեկնածու, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանական ծառայության համակարգող Լիլիթ Բաղդասարյանը 2009 թվականից զբաղվում է ընտանիքներում ծագող խնդիրներով։ Տարիների աշխատանքային փորձը մի քանի ընդհանրացման մեջ է ամփոփում․
- առաջին՝ երիտասարդ ընտանիքների մի խումբ չի վարանում բաժանվել, եթե համատեղ կյանքն անհնար է համարում,
- երկրորդ՝ բարձրացել է ամուսնության միջին տարիքն ու մարդիկ հիմնականում ավելի գիտակցված ու պատասխանատու ընտրություն են կատարում,
- երրորդ՝ առաջ միությունները չէին քանդվում, որովհետև ամոթ էր, հիմա չեն քանդվում, որովհետև զույգն աշխատում է դրանք պահպանելու ուղղությամբ։
Լիլիթ Բաղդասարյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնք նախկինում ընտանիքներում քիչ էին հանդիպում, իսկ հիմա ավելի հաճախադեպ էին։
«Ժամանակակից կյանքն այնպիսին է, որ թե կինը, թե տղամարդը շատ բազմազբաղ են, հաճախ հանդիպում են իրար միայն երեկոյան ընթրիքին կամ առավոտյան՝ տանից դուրս գալիս, այսինքն՝ շատ ակնթարթային են շփվում իրար հետ։ Եվ երբ մի 7-8 տարի անցնում է, այսինքն՝ ընտանիքի հաջորդ ճգնաժամը գալիս է, երբ իրենք բախվում են դեմ առ դեմ՝ ու՞մ հետ եմ ես ապրում, մեկ-մեկ իրար չեն ճանաչում, որովհետև զարգացումը գնացել է լրիվ տարբեր ուղղություններով։ Երբեմն լինում է էնպես, որ մինչև կինը զբաղված է լինում երեխաների դաստիարակությամբ, տղամարդը լեզուներ է սովորել, տարբեր երկրներ է գնացել, պաշտոն է ձեռք բերել։ Կինը, ենթադրենք, գիրացել է, արդեն էն չի և տղամարդու մոտ հարց է՝ ինչո՞ւ եմ ես իր հետ։ Բայց կինն էլ ասում է՝ ես իմ կյանքն եմ տվել իմ ամուսնուն, ես մեծացրել եմ մեր համատեղ երեխաներին։ Հակառակն էլ, երբ տղամարդը ամբողջ օրը աշխատում է, որպեսզի ապահովի ընտանիքը, կինն ունի ավելի շատ ազատ ժամանակ և գնում է վերապատրաստումների, դասընթացների, հետևում է առողջությանը»։

Ընտանիքի մոդելի՝ գերդաստանայինից կամ ընդլայնվածից միջուկայինի փոխվելուն հոգեբանը դրական է վերաբերվում, սակայն հորդորում է խուսափել ծայրահեղացումներից։ Մեծ ընտանիքներում խնդիրներն անխուսափելի, բայց նաև լուծելի են՝ կարծում է․
«Երբեմն իրոք սահմաններ գծելը ցավոտ է լինում, ու կան կետեր, որոնք հնարավոր չէ շրջանցել։ Բայց հիմնականում սահմանները գծելու տեխնիկաները ևս հոգեբանական սեանսի ժամանակ քննարկվում են, որովհետև նույն ինֆորմացիան կարելի է շատ ցավոտ մատուցել և նույն ինֆորմացիան կարելի է այնպես մատուցել, որ մարդը ասի` շնորհակալություն։ Շատ սուր եզրերից կարելի է խուսափել, եթե ճիշտ զրուցել, եթե ճիշտ շեշտադրել մեծի դերը։ Ամենաշատ տարածված խնդիրն այն է, որ եթե միասին են ապրում, շատ ցավոտ են տանում կանայք, երբ առանց այդ էլ անձնական տարածք չկա, ու սենյակը կամ անձնական իրերը մաքրվում են սկեսուրի կողմից։ Իրականում, բնականաբար, սկեսուրն ուզում է օգնի, մտածում է, որ ամբողջ օրը աշխատում է, մի լավ բան անեմ, ես էլ մաքրեմ, ես էլ անեմ, և դա շատ նեգատիվ է ընդունվում, և սա այ մաքուր սահման դնելու տեղն է, ու կարելի է դա այնքան գեղեցիկ անել։ Սա փոքրիկ, բայց ամենատարածված օրինակն է»։
Այսօրվա մեր թողարկումն ավարտում ենք հենց այս՝ խիստ կենցաղային օրինակով՝ որպես հիշեցում․ կան մասնագետներ, որոնց գիտական հետաքրքրությունների առարկան սովորական մարդու սովորական հոգսն է։ Ընտանիքը, որն այսքան մեզ մոտ է ու այսքան բազմաշերտ, չբացահայտված, շարունակում է ուսումնասիրվել տարբեր մասնագետների կողմից՝ կյանքն ավելի հեշտ դարձնելու ակնկալիքով։
Իսկ մեր առօրյա կյանքում տեղ գտած պարզ երևույթների գիտական հիմքերը բացահայտելու ակնկալիքով մենք եթերում կլինենք արդեն հաջորդ շաբաթ։




