Երկրորդ շնչառություն

84 տարեկանում էլ դաշնամուրի առջև․ Սերգեյ Քեչեկի կյանքի պատմությունը․ «Երկրորդ շնչառություն»

Մի ամբողջ կյանք անմնացորդ՝ նվիրված երաժշտությանն ու մանկավարժությանը. 84-ամյա մանկավարժ, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Քեչեկն այսօր էլ դասավանդում է:

«Երաժշտությունն իմ ամբողջ կյանքի զբաղմունքն է եղել ու իմ կյանքի իմաստն է: Այսօր էլ աշխատում եմ երեք տեղում՝ երաժշտական դպրոցում, ուսումնարանում և կոնսերվատորիայում։ Ունեմ սաներ՝ 10 տարեկանից մինչև 25 տարեկան ասպիրանտներ: Այս ամպլիտուդան կա իմ աշակերտների մեջ»,- հպարտանում է երաժիշտը:

Երաժիշտը համոզված է, որ արվեստների թագուհին երաժշտությունն է, որն առնչվում է բոլոր մարդկանց։ Ամեն մեկն իր երաժշտական ճաշակն ունի, բայց բոլորն էլ ինչ-որ մի բան լսում են: Սերգեյ Քեչեկն ընդգծում է՝ անգամ հարսանիք ու թաղում առանց երաժշտության չի լինում: Որակյալ երաժշտություն մատուցելով երեխային՝ նրա ականջները սովորում է բարձրակարգին ու լավին: Նա հիշում է, թե ինչպես նախարարությունում իր պաշտոնավորման շրջանում երաժշտական դպրոցների թիվն ավելացավ 56-ից՝ հասնելով 100-ի:

«12 տարվա մեջ 444 ռոյալ ու 1260 դաշնամուր ենք բերել Հայաստան, և այսօր երաժշտական դպրոցներում օգտագործվող գործիքների մեծ մասն այդ տարիների մեր բերածն էր»,- պատմում է նա:

Տարիքը պրոֆեսորն առանձնապես չի զգում։ Այսօր էլ ամեն օր դաշնամուրի առջև է, սաներին երբեմն ցույց է տալիս, թե ինչպես է պետք նվագել: «Եթե մարդը կարող է աշխատել, պետք է շարունակի: Աշխատանքն է մարդուն պահում կենսունակ»,- համոզված է նա՝ ընդգծելով, որ աշխատանքը թողած մարդիկ ավելի հակված են լինում դեպրեսիայի:

Կարդացեք նաև

Back to top button