
«Շատ բարդ վայրում է տեղի ունենում՝ գլխուղեղի նյարդաբանական կառուցվածքում, կամ գուցե գլխուղեղի կեղևային կառուցվածքում, իսկ հոգեբանության առումով՝ ենթագիտակցականում ու գիտակցականում»։
Այն տեսնել, շոշափել հնարավոր չէ։ Մենք չենք կարող որոշել ու ունենալ դրանից, չենք կարող ուրիշին ցույց տալ, որ ունենք։ Այն տեղի է ունենում մի վայրում, որը ֆիզիկական տարածք չէ։ Մենք այդ վայրի մասին էլ մի կարգին տեղեկություն չունենք, ուր մնաց՝ ուսումնասիրենք այնտեղ կատարվողը։ Ստացվում է՝ այն գիտության համար անորսալի՞ է։
«Սա ինձ ծանոթ էր․․․
Ոնց որ սա արդեն տեսել եմ․․․
Կարծես թե էս իրավիճակը նորից ապրել եմ․․․
Վայ ինչ ծանոթ հոտ էր․․․
և սրանք շատ հաճախ գիտնականները շփոթում են ասոցատիվ հիշողությունների ու, առհասարակ, հիշողությանն պրոցեսի հետ»։
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր խոսելու ենք այն մասին, ինչը «ես արդեն տեսել եմ»
Իսկ ձեզ չի՞ թվում, թե այս հաղորդումն արդեն լսել եք։ Տառ առ տառ, շունչ առ շունչ։ Նայեք ժամացույցին։ Եթե հենց հիմա 2025 թվականի մարտի 20-ը, ժամը մոտավորապես 6-ը չէ, կամ եթե առաջին անգամ եք armradio.am կայքի այս հաղորդման էջում, ուրեմն ձեզ հետ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում․ ինչպես մոտավոր հաշվարկով բնակչության 97 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ, դուք էլ հիմա ապրում եք դեժավյու։ Դուք հիշում եք այն, ինչ տեղի չի ունեցել։
Ի սկզբանե այն պիտի որ շատ վախենալու լիներ․ ապրում ես սովորական կյանքով ու ակնթարթում զգում, որ արդեն տեսել ես այն մարդու քայլվածքը, որին առաջին անգամ ես տեսնում, որ գիտես՝ ինչ է տեղի ունենալու հաջորդ ակնթարթին, որովհետև շատ հեռու անցյալում դա արդեն տեղի ունեցել է։ Առողջ տրամաբանությունն ասում է՝ հնարավոր չէ, հիշողությունը պնդում է՝ մենք այստեղ եղել ենք։
Որտե՞ղ է իրականության, հիշողության ու երևակայության սահմանը, ինչպե՞ս է ուղեղը «կեղծում» հիշողությունը, գիտական ի՞նչ բացատրություն ունի գիտակցության այս խաղը՝ դեժավյուն․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Խնդիրն այն է, որ այն, ինչ հնարավոր չէ մինչև վերջ և հստակ ուսումնասիրել, կա՛մ վանում է գիտնականներին, կա՛մ չափազանց հետաքրքրում է։ Դա տանում է չափազանց մոլորեցնող և երբեմն նույնիսկ պարամիստիկ վիճակների, քանզի ոչ մի հստակ մեխանիզմ չկա։ Դա նույնն է, ոնց հոգեբանության մեջ կասեն՝ ուսումնասիրենք սերը»։
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս Դիանա Սարգսյանին մոտավորապես նույնն եմ խնդրում։ Ես զգում եմ, որ այն կա, որ կատարվում է իմ անձնական տարածքում ու չգիտեմ՝ ինչ է․ սա արդարացիորեն անարդարության զգացում է առաջացնում, որը գուցե ունեցել են նաև այն գիտնականներով, որոնք առաջին անգամ փորձել են բացահայտել դեժավյուի առեղծվածը։
«Առաջին վարկածով Զիգմունդ Ֆրեյդն ասում է, որ դրանք մեր ասոցատիվ ապրումներն են․ նախապես երևակայել ես, հիմա ապրում ես։ Այն կարծիքին է, որ դու ես սցենարի հեղինակն, այն պլանավորել ես ամիսներ առաջ, օրեր առաջ, վաղ մանկությունում գուցե։ Երկորրդը, էլի պարամիստիկ, Կարլ Գուստավ Յունգն է ասում․ մենք ունենք կոլեկտիվ անգիտակցական, և այդ կոլեկտիվ անգիտակցականում հավաքվում են մարդկության՝ 1000-ամյակների կուտակցված փորձը և եթե, օրինակ, այդ տեղով անցել է ևս մեկն, այն կարող է ինձ փոխանցված լինել որպես ժառանգական հիշողություն։ Այսինքն՝ մայրս եղել է այս երկրում, կամ այս վիճակում, հիմա ապրում եմ ես այդ նույն վիճակը, ուրեմն ես ապրում եմ գործողությունների կրկնությունը։ Ես ավելի հակված եմ մի քիչ ավելի ողջամիտ տարբերակին։ Չնայած Ֆրեյդի հոգեբանությունը շատ եմ հավանում, բայց էդտեղ մտածելու շատ հանգամանքներ կան, որովհետև ֆրեյդը եղել է մեզնից 100 տարի առաջ, իսկ հիմա գիտությունն ու տեխնոլոգիան ավելին են բացատրել»։
Սրանք երևույթին գիտական մեկնաբանություն տալու առաջին փորձերն էին։ Հաջորդիվ առաջարկում ենք երկու՝ ավելի թարմ ու մասնագիտական համայքնում ավելի իրատեսական որակվող վարկածներ։ Այսպես, մարդն անդադար միլիոնավոր ազդակներ է ստանում։ Դրանք ընկալելու համար անհրաժեշտ ռեսուրսը՝ ուշադրությունը, խիստ սահմանափակ է։ Բայց կյանքը շարունակում է տեղի ունենալ, ազդակների ծավալը մեծանում է՝ առանց մեր ուշադրության հնարավորություններին ուշադրություն դարձնելու։ Ֆիզիոլոգների մի խումբ կարծում է, որ դեժավյուի պահին մեզ վերադառնում է մեր՝ նախկինում տեսած ու անտեսած ինֆորմացիան․
«Ըստ որոշ ֆիզիոլոգների՝ ուշադրությունը ժամանակին ֆիքսել է նմանատիպ սցենար, դա կլինի ֆիլմից, կադրից, մեկ ուրիշի պատմությունից, տարբեր բաներից, և հիմա, երբ դու ես հայտնվում այդտեղ, տեղի է ունենում ճանաչման շատ արագացած պրոցես։ Գուցե տեղի է ունեցել շատ վաղ անցյալում, գուցե էդ ժամանակ չեք կենտրոնացել կամ հատուկ չեք հիշել, բայց պահպանվել է հիշողության մեջ, և երբ հանդիպում եք, օրինակ, ինչ-որ մի խանութում, ինչ-որ մի առիթի, քաղաքում, երկրում, ձեզ թվում է, թե դուք այդտեղ արդեն եղել եք, բայց դա ոչ այլ ինչ է, քան հիշողություն»։

Հոգեբան Դիանա Սարգսյանը սա ավելի ողջամիտ տարբերակ է համարում։ Բայց կա ևս մեկ ուշադրության արժանի վարկած։ Սա, արդեն, նյարդաբանական-կենսաբանական մոտեցումն է։ Այն առաջարկում է դեժավյուի պատճառը փնտրել ոչ թե անցյալում, այլ հենց այդ պահին ստացած ազդակը գլխուղեղին փոխանցելու համար պատասխանատու երթուղիում։ Այս տեսության կողմնակիցներն ասում են՝ «խոտանն» այնտեղ է։
«Դե մենք ո՞նց ենք ինֆորմացիան մշակում․ ռեցեպտորներով նյարդային գրգիռը գնում է, միլինային թաղանթով, ակսոններով և սինապսների, դենդրիտների մեջ տալիս է որոշակի կապեր։ Ըստ կենսաբանների ժամանակակից մոտեցման՝ այդ դենդրիտային կապերի արագացվածության, մաշվածության, վնասման պատճառով է։ Օրինակ՝ միլինային թաղանթը ավելի խիտ է գոգավորված էդ պահին, ինֆորմացիան ավելի արագ է գնում, քան ժամանակն ու միտքը և կարծես թե ինֆորմացիան գլխուղեղը վայրկյան ավելի շուտ է մշակում, քան դու կարող ես տեսնել։ Կամ հակառակը՝ ռուսերեն կոչվում է ступор, արգելակում է տեղի ունենում․ պատկերացրեք խողովակով կարծես հեղուկը լցնում ես, ինչ-որ խորդուբորդ հատված է լինում, մի վայրկյան կանգ է առնում, նորից ուժգին հոսքով գնում է։ Այ էդ մի վայրկյան կանգը սինապսային որևէ հյուսվածքի կամ կապի մեջ, կարող է առաջ բերել այդպիսի զգացողություն»։
«Դեժավյու՝ ես սա արդեն տեսել եմ» բանաստեղծական ձևակերպումն այս երևույթին առաջին անգամ տվեց Էմիլ Բուստակը իր «Հոգեբանական գիտությունների ապագան» գրքում։ Եվ մինչ մարդիկ փորձում էին հասկանալ՝ ինչ է դեժավյուն, առաջ եկավ մեկ այլ, ոչ պակաս պոետիկ եզրույթ՝ «Ժամեվյու՝ ես այն երբեք չեմ տեսել»։ Պատերացրեք՝ կարդում եք «տուն» բառը, ու չեք հասկանում՝ ինչ է այն նշանակում։ Խոսքը փիլիսոփայական ընկալման մասին չէ․ դուք պարզապես չգիտեք 3-տառանի այս համադրության նշանակությունը։
-Ամենակարևոր փաստը, որը վերջերս են ապացուցել Ստենդֆերտի համալսարանի հոգեբույժները․ պարզվում է դեժավյուի հակառակ էֆեկտն էլ կա, «երբեք չեմ տեսել» է կոչվում, երբ մարդը ակնթարթում զգում է, որ ամեն ինչ օտար է, ամեն ինչ։
-Վախենալու կլինի։
-Իսկ դեժավյուն վախենալու չէ՞։ Երևույթը նույնն է և պարզվում է, որ չգիտես ինչի այ դա ժամանակին դիտարկել են որպես հոգեկան խանգարման սիմպտոմ, բայց դեժավյուն՝ ոչ։ Եվ վերջերս՝ 20-25 տարի, ավելի ինտենսիվ են այդ հետազոտությունները գնում, հոգեբույժներն արդեն վերջնականապես դադարում են դրան դիտարկել որպես անոմալիա և դասում են նույն շարքին, ինչ դեժավյուին։

Դեժավյուի նկատմամբ տրամադրվածությունն ի սկզբանե ավելի լավն է եղել։ Իհարկե ավելի հաճելի է մտածել, որ էլի ես լսել երեխաներիդ վարակիչ, զրնգուն ծիծաղը, քան նայել նրանց ու չհիշել՝ ո՞վ են, որտեղի՞ց, ի՞նչ կապ ունեն քեզ հետ։ Երկուսի դեպքում էլ առեղծվածի զգացումից խուսափել հնարավոր չէ։ Եվ հաճախ սա է, որ գրավում է մարդուն և ստիպում առաջացնել դեժավյուի զգացողություն․
«Դու կարծես կանխազգում ես, թե ինչ է լինելու ու հանկարծ լինում է դա։ Բայց դա կարող է լինել լոգիկա։ Կամ գոյություն ունի ենթաշեմային զգայություն։ Երբեմն բարձր հուզական և հոգեկան վիճակների պարագայում մարդու մոտ առաջանում է զգայական գերզգայունակություն, օրինակ` ես էստեղ նստած կարող է զգալ, որ դռանը մարդ է մոտենում։ Էդ ենթաշեմային զգայությունն էլ է նպաստում, որ դու զգաս, որ ինչ-որ մեկը մոտեցավ։ Այդ զգացողությունները խառնվում են իրար, բայց մարդուն դուր է գալիս հետևյալ բացատրությունը՝ կռահողականությունն է։ Ես կարդացել եմ մի շատ հետաքրքիր անգլիացի գիտնականի հոդված, որտեղ շատ սիրուն զուգահեռներով տարվում է ինտուիցիան դեժավյուի հետ և բացատրում է, որ ինտուիցիան դեժավյուի ինտելեկտուալ դրսևորումն է»։
Դեժավյուի մասին հարցուփորձերը շատ են, գիտափորձերը՝ քիչ, պատասխանները՝ առեղծվածային։ Մենք կարող ենք թվել բազմաթիվ վարկածներ, բայց գիտությունն ապացույցներ է սիրում։
Հիպոթեզներն առաջ քաշված են, բայց մենք չենք կարող ավարտել այս հաղորդումը «Դեժավյու» բառի վրա «Բացահայտված-բացատրված է» կնիքը դնելով․ գիտնականները դեռ աշխատելու տեղ ունեն։ Ու գուցե նրանցից մեկը հենց վերջնական պատասխանը գտնելու պահին մտածի՝ ես սա արդեն տեսել էի։




